Հոկտեմբերին վերլուծելով մրցաշրջանի առաջին Էլ Կլասսիկոն`խոսեցի Մադրիդի Ռեալի խնդիրների մասին, որոնք դեռ մնացել էին Ժոզե Մոուրինյոի հեռանալուց հետո: Այն ժամանակ ես վստահություն հայտնեցի, որ այդ խնդիրները լուծելու ձեռնամուխ եղած Կարլո Անչելոտին այն մարզիչն է, ով ոչ միանգամից, բայց ժամանակի ընթացքում կկարողանա հրաշալի թիմ ստեղծել: Եվ այն, ինչ մենք տեսանք երեկ, հաստատեց այդ ամենը: 4,5 ամսվա ընթացքում, 2 քարերի(դարպասապահների) միջեւ տատանվող եւ մեկ ֆուտբոլիստի համար 91 միլիոն վճարած, բայց խաղադաշտում նրա համար տեղ չգտնող թիմից Ռեալը վերածվեց ահեղ ուժի, որը շատերի կարծիքով միակն է, որ կկարողանա ձեռնոց նետել Բավարիային: Ինչ վերաբերվում է Բարսելոնային, ապա այս ընթացքում թիմի խաղն էականորեն չէր բարելավվել, բայց եւ չէր վատացել: Վնասվածքից ապաքինված Մեսսին աստիճանաբար սկսեց հիշեցնել ինքն իրեն: Սակայն Բարսելոնայի մոտ լուրջ խնդիրներ են հասունանում: Կարլես Պույոլն հայտարարել է կարյերան ավարտելու, ավելի ճիշտ թիմից հեռանալու մասին, իսկ նրան արժանի փոխարինող դեռեւս չկա, ինչը հերթական անգամ ակնհայտ դարձավ Սանտյագո Բեռնաբեոյում: Կարյերայի մայրամուտն է ապրում նաեւ Չավին, ում հեռանալն էլ ավելի մեծ հետք կթողի թիմի խաղի վրա: Ինչ վերաբերվում է Ռոնալդույին, ապա ավելորդ եմ համարում նրա մասին երկար խոսել, քանի որ ի տարբերություն Մեսսիի նա ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա շարունակում է փայլել, իսկ բաղձալի եւ արժանի ոսկե գնդակը ստանալուց հետո, դարձավ շատ ավելի հանգիստ եւ էլ ավելի լավ թիմային խաղացող: Դա նկատվում է նաեւ նրանից. թե ինչպես նա հիմա նշում խփած գոլերը, որոնց ժամանակ չի նկատվում նախկին ագրեսիան, որը հիմնականում գալիս էր ոսկե գնդակի քառամյա բացակայությունից:

Էլ Կլասսիկոյի առաջին իսկ վայրկյաններից երեւաց, որ Բարսելոնային ծանր հանդիպում է սպասվում:  Անգամ 7-րդ րոպեյին Ինյեստայի խփած գոլը չփոխեց մադրիդցիների տրամադրվածությունը: Մի քանի րոպեյի ընթացքում Էլ Կլասսիկոն անգամ հիշեցնում էր նախորդ տարվա Բարսելոնա–Բավարիա հակամարտությունը: Բավական էր Ռեալին մի փոքր պրեսինգի դիմել, երբ կատալոնացիները անօգնական վիճակում էին հայտնվում: Հենց այդ ժամանակ երեւաց Բարսայի ամենաթույլ օղակներից մեկը: Խոսքը այդ խաղում Պույոլի դիրքում հայտնված Խավիեր Մասկերանոյի մասին է: Եզրից փոխանցումների ժամանակ Բարսելոնայի պաշտպանությունը միշտ էլ խնդիրների է հանդիպել, իսկ այս անգամ Մասկերանոյի 2 սխալները հանգեցրին նրան, որ Քարիմ Բենզեման հաշվի մեջ մեկ գնդակի տարբերությունը վերածեց հօգուտ Ռեալի: Մինչեւ հիմա մի փոքր անհասկանալի է, թե ինչու են թիմի մարզիչները շարունակում մի ֆուտբոլիստի օգտագործել պաշտպանի դիրքում, ով մինչեւ հիմա կատալոնական ակումբում խփել է 4 գոլ եւ բոլորն էլ սեփական դարպասը: Իհարկե հասկանալի է, որ Բարսելոնայի սխեման թույլ չի տալիս 2 հենակետայիններով խաղալ, իսկ Սերխիո Բուսկետսի հետ մրցակցելը շատ բարդ է: Սակայն, ինչպես երեւում է, թիմի ղեկավարությունն ընդհանրապես չի ցանկանում Մասկերանոյին իր համար հարազատ հենակետային կիսապաշտանի դիրքում տեսնել, հակառակ դեպքում ի?նչպես բացատրել Ալեքսանդր Սոնգի գնումը:

Եթե Մադրիդի Ռեալը հաշվի մեջ առաջ անցնելուց հետո մեկ պահ դադար տար եւ փորձեր գնդակը վերահսկել, ապա միանշանակ կհաղթեր: Բանն այն է, որ պարտվելով իր հավերժ հակառակորդին մի խաղում, որից հետո գրեթե կկորցներ չեմպիոնության հույսերը, Բարսելոնան ցանկացած պարագայում նետվելու էր առաջ, ետ բերելու կորցրածը: Սակայն Ռեալի ֆուտբոլիստները տարվելով հանդիպման ֆենոմենալ տեմպով շարունակեցին ճնշել Բարսայի պաշտպանությունը եւ այնպիսի տպավորություն էր, որ նրանք մոռացել էին նայել ցուցատախտակին, որի վրա երեւացող հաշիվը հօգուտ իրենց էր: Իսկ կորցրածը ետ բերելու ձգտող Բարսելոնայի համար, հարձակվող մրցակցի պարագայում, էլ ավելի հեշտ դարձավ հաշիվը հավասարեցնելը: Առաջին անգամ վրիպած Մեսսին 2-րդ անգամ դիպուկ էր:

Առաջին խաղակեսը Էլ Կլասսիկոների պատմության լավագույններից էր: Պարզ եւ ակնհայտ էր, որ այդ ներկայացումը պետք է շարունակվեր նաեւ 2-րդ 45 րոպեների ընթացքում: Սակայն ցավալի է, որ այդ հրաշալի եւ խոստումնալից ներկայացմանը միջամտեց մեկը, ով նախնական սցենարում չկար: Եթե Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում նշանակված 11 մետրանոցը դեռ վիճարկման ենթակա էր, քանի որ Դեմիկելիսի խաղտման վերջին կետը եղել էր տուգանային հրապարակը, ապա այստեղ անգամ այդ մեղմացուցիչ հանգամանքը չկար, քանի որ Ալվեշի ոտքը տուգանային հրապարակից դուրս էր, իսկ այն, որ Ռոնալդուն ընկավ հենց Տուգանային հրապարակում, արդեն ոչինչ չի նշանակում: 10 րոպե անց Մալյենկոն կրկին սխալվեց: Սկսենք նրանից, որ Նեյմարը վիճելի խաղից դուրս վիճակում էր, իսկ հետո այն, որ նա չափից ավելի գեղեցիկ վայր ընկավ: Կրկնապատկերում երեւաց, որ Նեյմարի եւ Ռամոսի միջեւ չնչին հպում կար, սակայն դա այն հպումը չէր, որից հետո կարելի էր այդպես ընկնել: Իսկ եթե խոսենք Ռամոսի կարմիր քարտի մասին, ապա դա արդեն ծիծաղելի է: Այնտեղ անգամ դեղին քարտն էր վիճելի եւ անգամ եթե այն կար, մեծ հարց է, թե որ թիմի ֆուտբոլիստի համար:

Ինչեւիցե, Մեսսին եւս չվրիպեց: Եթե հաշիվը 3-րդ անգամ հավասարվելուց հետո թիմերի կազմերը հավասար լինեին, ապա կարելի էր հուսալ պատմության ամենաներեւակայելի Էլ Կլասսիկոն տեսնելու համար: Սակայն 10 հոգով մնալուց հետո, Ռեալը հայտնվեց անօգնական վիճակում: Չգրված օրենք է.«Տվեք գնդակը Բարսելոնային եւ մոռացեք հաղթանակի մասին»: Այդպես էլ եղավ: Բարսելոնան իր սովորական կարճ փոխանցումներով սկսեց հիփնոզացնել մրցակցին, ինչի հետեւանքն իրեն երկար սպասեցնել չտվեց: Կրկին 11 մետրանոց, որը թեեւ մյուսների համեմատ ակնհայտ էր, բայց այստեղ եւս կարելի է վիճել, քանի որ հարվածը ստանալու պահին Ինյեստան արդեն առանց գնդակի էր, թեեւ շարժվում էր դեպի այն: Սակայն եթե նախորդ 2 դեպքերում Մալյենկոն համարձակվեց նշանակել գոյություն չունեցող 11 մետրանոցներ,ապա այս դեպքում նրա սուլոցը զարմանալի չէր: 

Ինչպես եւ Չելսին եւ Բավարիան` Ռեալը հերթական անգամ ցույց տվեց, թե ինչպես կարելի է հաղթել Բարսելոնային, այն է՝ խլել նրացից գնդակը եւ ուժային պայքար առաջադրել: Անկախ ամեն ինչից, այս Կլասսիկոն բոլորին, բացառությամբ Ռեալի ֆանանտների, պատճառեց գերագույն հաճույք: Մադրիդիստներին կարելի է հասկանալ, սակայն Բարսելոնայի երկրպագուները նույնպես  տխրելու որոշակի առիթ ունեն: Խոսքն այն մասին է, որ Մալյենկոն Ռեալի երկրպագուներին առիթ տվեց իրենց թիմի պարտության մեջ մեղադրել մրցավարին: Եվ դա այնքանով է տհաճ, որ անգամ Բարսելոնայի որոշ երկրպագուներն են վստահ, որ առանց 2-րդ խաղակեսի «Penalty-Battle»-ի, հաշիվն այլ կլիներ: Եվ այս դեպքում եւս հարցական է, թե հօգուտ որ թիմի կլիներ այն:

P.S. Գուցե Էլ Կլասսիկոների ժամանակ պետք է համեմատաբար անփորձ մրցավարների նշանակել, որպեսզի նրանք համարձակություն չունենան վիճելի 11 մետրանոցներ նշանակել, փոխարենը ակնհայտ խախտումներն աչքաթող չանեն:  


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել