Ռուսաստանը պարզապես ստորացնում է Ուկրաինա պետությանը: Հերիք չէ նախորդ շաբաթ որոշում կայացվեց ևս մեկ անգամ կտրուկ թանկացնել գազը՝ ցինիկ հիմնավորումներով հասցնելով այն մինչ $500-ի՝ 1000 խորանարդ մետրի համար, հիմա էլ բոլոր հնարավոր միջոցներով արգելափակվում է Ուկրաինայից Ռուսաստան ուղևորափոխադրումները, և փակվում ուկրաինացի բիզնեսմենների գործարանները Ռուսաստանի տարածքում (խոսքը սելեկտիվ ընտրության մասին է):
«The New York Times»-ի փոխանցմամբ Ուկրաինայից Ռուսաստան հիմնական բեռնափոխադրողների համար ճանապարհները փակվել են: Թերթի տվյալներով, երկրի արտահանման ավելի քան 25%-ը բաժին էր հասնում Ռուսաստանին, իսկ այժմ դա կարող է հավելյալ դժվարություններ առաջացնել Ուկրաինայում սոցիալ-տնտեսական իրավիճակի կայունացման ուղղությամբ: Կարճ ասած, Ռուսաստանն այժմ դե ֆակտո վերանայում է նաև իր առևտրային հարաբերությունները այդ երկրի հետ: Նաև նշվում է, որ, օրինակ, ռուսական Լիպեցկ քաղաքում իշխանությունների կողմից փակվել է ուկրաինացի օլիգարխ Պյոտոր Պորոշենկոյի շոկոլադի գործարանը: Հիշեցնեմ, որ Պորոշենկոն «Մայդանի» ակտիվ աջակիցներից է եղել և Ուկրաինայում գալիք նախագահական ընտրությունների թեկնածու է:
Ինչպես երևում է, ընթացող գործընթացներից Ռուսաստանը կամաց-կամաց Ուկրաինայի նոր իշխանությունների տակը փորում է: Ամենավատն այն է, որ դա անում է` ոչնչացնելով այդ երկրի ամբողջ տնտեսությունը և հետևաբար սրելով սոցիալական վիճակը: Իրոք հետաքրքիր է հասկանալ, թե ինչքա՞ն դեռ կհերիքի Ուկրաինայի հասարակության համբերությունը և հավատը իրենց նոր իշխանությունների նկատմամբ: Ի վերջո հետաքրքիր է նաև իմանալ՝ ի՞նչ է այս ամբողջ շիլան նշանակում հասարակ ուկրաինացու համար: Սա իրո՞ք Ռուսաստանից անկախացման պայքար է, որի գինը շատ բարձր է, և ուկրաինացիները միահամուռ պատրա՞ստ են համբերությամբ լցվել և աջակցել իրենց կառավարությանը, թե հասարակությունը դեռ լիովին չի պատկերացնում՝ ինչ է այժմ կատարվում իրենց երկրում, և չի ընկալում «մայդանցիների» արկածախնդրության աստիճանը և դրանից բխող հետևանքները: Իսկ գուցե լավ էլ հասկանու՞մ է, բայց սեփական մաշկի վրա զրկանքները զգալուց հետո կսկսի միայն փոխել իր վերաբերմունքը: Անկեղծ ասած չգիտեմ, բայց այ ռուսների ակնկալիքներն իրենց քայլերից, կարծում եմ՝ ավելի հասկանալի են:
Ռուսաստանը, թերևս, հույս ունի ուկրաինացիներին ստորացնել, այնուհետև այդ ամենի համար քավության նոխազ դարձնել ներկայիս իշխանություններին, իսկ այդ ամենը հաջողացնելուց հետո էլ իրենց «եղբայրական ժողովրդին» մեկնի փրկության ձեռքը: Ի վերջո, ինչպես վկայում է պատմությունը, ռուսները սիրում են հանդես գալ «ազատարարի» և «փրկչի» դերում: