1in.am-ը գրում է
Արցախի կողմից Ղրիմի հանրաքվեի արդյունքները ճանաչել-չճանաչելու անհրաժեշտություն չկա, որովհետև Ղրիմի ինքնավարությունը մի կարգավիճակը փոխարինել է մեկ այլ կարգավիճակով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:
«Բայց սա անկախություն չէ: Ղրիմն այս հանրաքվեով չի հռչակվում անկախ պետություն, այսինքն՝ թերակղզին վերադառնում է այն կարգավիճակին, որում գտնվում էր մինչև 1954 թվականը, այն է՝ երբ Ռուսաստանի կազմից անցավ Ուկրաինայի կազմ: Կարծում եմ՝ հանրաքվեի արդյունքները ճանաչել-չճանաչելու խնդիր գոյություն չունի: Հարցը գտնվում է Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հարթությունում:Ուկրաինանկընդունի Ղրիմի անջատումը, թե ոչ՝ երկու երկրների հետագա քննարկումների ոլորտի հարց է»,- ասաց նա:
Վահրամ Աթանեսյանի խոսքով՝ Արցախի համար կարևորն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող Ռուսաստանը Ղրիմի հարցով իր դիրքորոշումը հիմնավորում է որպես ազատ ինքնորոշման իրավունքի հարգում:
«Միջազգային քաղաքականության մեջ ևս մեկ անգամ ընդգծվում է, որ ինքնորոշման իրավունքը սահմանափակված չէ պետության տարածքային ամբողջականությամբ»,- ասաց արցախցի գործիչը՝ հավելելով, որ Ղրիմի և ԼՂՀ հանրաքվեները համեմատության եզրեր չունեն, քանի որ Արցախն անկախություն հռչակել է ԽՍՀՄ փլուզման համատեքստում:
ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նաև նկատեց՝ եթե Ղրիմը հռչակվեր անկախ պետություն, ապա ճանաչման հարցը օրակարգային կլիներ: «Այնինչ հանրաքվեում անկախության դասական հռչակում չկա: Պարզապես հանրաքվեի ողջ իմաստը մինչև 1954 թվականի կարգավիճակի վերականգնումն է»,- կրկին շեշտեց Աթանեսյանը:
«Արցախի եվրոպական շարժում» ՀԿ նախագահ Հայկ Խանումյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ պաշտոնական Ստեփանակերտի տեսանկյունից ինքնորոշման իրավունքի իրացման բոլոր դեպքերն էլ պետք է ողջունելի լինեն: «Արցախի ու Ղրիմի համեմատությունները տեղին չեն, քանզի արցախցիներն ինքնորոշման իրավունքն իրագործել են բոլորովին այլ պայմաններում և գործող պետության՝ ԽՍՀՄ օրենքների հիման վրա: Հետևաբար արցախյան ինքնորոշումն իրավական և միջազգային իրավունքի տեսանկյունից ամբողջովին անթերի էր, ինչը չի կարելի ասել Ղրիմի դեպքում»,- ասաց նա:
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ պաշտոնական Ստեփանակերտը ճանաչի Ղրիմի հանրաքվեի արդյունքները, թե՞ կսահմանափակվի Արցախի ԱԳՆ երեկվա հայտարարությամբ, Հայկ Խանումյանը պատասխանեց. «Օրակարգում Ղրիմի անկախության ճանաչման հարց դրված չէ: Դրված է Ղրիմը Ռուսաստանին միացնելու հարցը: Տվյալ դեպքում Արցախը ճանաչում է ՌԴ-ին, և միացումն առանձին ակտով չպետք է ճանաչի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Արցախի ԱԳՆ-ի երեկ տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվել էր. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԱրցախիՀանրապետության) արտաքինգործերինախարարությունըդիտարկումէս.թ. մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի անցկացումը որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսևորում:
Իր զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու և ժողովրդավարական կամարտահայտության միջոցով ճակատագիրը որոշելու յուրաքանչյուր ժողովրդի իրավունքը, որը ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրությունում և մի շարք հիմնարար միջազգային փաստաթղթերում, միջազգային իրավունքի առանցքային սկզբունքներից մեկն է:
Վերջին տարիների փորձը և, մասնավորապես, Կատալոնիայում և Շոտլանդիայում նախատեսված հանրաքվեները վկայումեն, որ ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումն ու իրացումը նմանատիպ խնդիրների խաղաղ կարգավորման առավել օպտիմալ և ժողովրդավարական եղանակն է:
ԼՂՀԱԳՆ-ն հույս է հայտնում, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակն իրլուծումը կստանա իրավական դաշտում բացառապես խաղաղ ճանապարհով»:



