Iravunk.com-ը գրում է.

Այսօր կայացավ Հայաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի եւ Վրաստանի համարտադրությամբ նկարահանված «Փարաջանով» ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Նշենք, որ երեկ` մարտի 21-ին, ՀՀ  նախագահի նստավայրում, համաձայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրի, պետական մրցանակ շնորհվեց «Ֆարաջանով» ֆիլմի գլխավոր դերակատար Սերժ Ավետիքյանին (Ֆրանսիա) եւ ռեժիսոր, պրոդյուսեր Ելենա Ֆետիսովային (Ուկրաինա), ինչպես նաեւ պրոդյուսերներ Մարտուն Ադոյանին եւ Թագուհի Կարապետյանին:

Պրեմիերայից առաջ կայացած ասուլիսի ժամանակ ՍԵՐԺ ԱՎԵՏԻՔՅԱՆԸ` խոսելով Սերգեյ Փարաջանովի կերպարը մարմնավորելու եւ միեւնույն ժամանակ ֆիլմի ռեժիսորը դառնալու մասին, նշեց. 

«Իմ համարձակությունը պետք է լիներ հավատալ նրան, որ ոչ թե միստիկայի միջոցով Փարաջանովն ինձ պետք է հուշեր, որ ես կարող եմ կամ արժանի եմ կամ կհասցնեմ տեղ իր կերպարը: Փարաջանովը մի մարդ էր, որին ճանաչել եմ, այսպես ասած, որի հոտն առել եմ եւ, նա արժանի է, որ այսօր ոչ միայն իր ստեղծագործությունները, այլեւ կյանքը մատուցվի նոր սերունդներին, որպեսզի իմանան, թե ինչպիսի ռիսկով արտիստներ են եղել այդ ժամանակաշրջանում, որոնք հիմա մեզ պակասում են»:

Ապա հավելեց. «Կարծում եմ` սա ինձ համար շատ մեծ փորձ էր ոչ թե կուտակել ե՛ւ Փարաջանովի մարմնավորումը, ե՛ւ ռեժիսուրան, այլ զուգահեռ այդ երկուսը դարձնել ո՛չ «տնազ» անելու, ո՛չ «կոպիա» անելու պրոցես: Ֆիլմի մեծ թակարդները, մեծ վտանգները գալիս էին նրանից, որ ես կարող էի ընկնել այն տիրույթը, թե պետք է նմանվեմ իրեն, ֆիլմը պետք է նմանվի իր ֆիլմերին, մինչդեռ կարծում եմ, որ ես ոչ նման եմ Փարաջանովին, ոչ էլ ֆիլմը նման է իր ֆիլմերին: Պարզապես, հիշեցնում եմ իրեն, ներկայացնում եմ իրեն իմ աչքերով, իմ սուբյեկտիվ էներգիայով»: Ի դեպ, ասուլիսին ներկա էր նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան ԱՆՐԻ ՌԵՆՈՆ, ով անդրադառնալով «Փարաջանով» ֆիլմին` նկատեց. «Սա հատկապես կինոաշխարհի ներկայացուցիչների համար իսկապես նշանակալի իրադարձություն է: Կինեմատոգրաֆն այն ոլորտն է, որտեղ հայ-ֆրանսիական հարաբերություններում սերտ հագործակցություն կա: Բավական է նշեմ Անրի Վեռնոյին եւ նրա գլուխգործոց «Մայրիկ» ֆիլմը, Ռոբերտ Կետիկյան եւ նրա ոչ նվազ խորհրդանշական «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» ֆիլմը: Եվ, իհարկե, պետք է նշեմ Սերժ Ավետիքյանին, որը ոչ միայն դերակատար է, այլեւ` ծանրակշիռ կինոգործիչ եւ կինոռեժիսոր: Այս անունների հետ մեկտեղ, նշեմ, որ կինոաշխարհի ոչ նվազ ծանրակշիռ դերակատար է նաեւ Շառլ Ազնավուրը: Երեւի թե, այս տրամաբանության հարազատ համատեքստում է ներդրվում այս ֆիլմը, որը վերնագրված է «Փարաջանով»: Իսկ ՀՀ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանԹԵՆԳԻԶ ՇԱՐՄԱՆԱՇՎԻԼԻՆ հպարտությամբ արձանագրեց. «Եթե չեմ սխալվում, այս ֆիլմի ստեղծման նախագծին վրացիները միացել են դեռեւս 2009 թվականին: Մասնակցել է նախագծին Վրաստանի ազգային կինոկենտրոնը եւ եևկու կինոընկերություններ: Ֆիլմում ընդգրկված է 40 մարդ Վրաստանից, նրանց թվում` 20 դերասան: Շատ լավ է, որ այս ֆիլմը սկսել են նկարահանել Թիֆլիսում` Փարաջանովի հարազատ քաղաքում: Փարաջանովը, ես չեմ վախենա ասել, որ վիթխարի ռեժիսոր է եւ ես ուրախ եմ, որ որոշեցին սկսել այս նախագիծն ու ավարտին հասցնել այն»:

Ի դեպ, այս տարի համայն կինոաշխարհը տոնում է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյա հոբելյանը, եւ ֆիլմի պրեմիերան Երեւանում կոչված է համալրելու Վարպետին նվիրված միջոցառումների շարքը:

«Փարաջանով» ֆիլմն արդեն ունի փառատոնային լուրջ հաջողություններ, որոնք դեռ շարունակվում են:

 ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել