
Ուկրաինական իրադարձությունների հողի վրա նորից ակտուալացել են քննարկումները ռուսական ու ամերիկյան զինված ուժերի բախման հավանականության ու դրանց պոտենցիալների մասին: Շատ դեպքերում ականատես ենք լինում, թե ինչպես են բանավիճում՝ օգտագործելով Սառը պատերազմի տարիներին ակտուալ թեզիսները՝ հենվելով այդ տարիներին հատուկ տրամաբանության վրա: Առաջարկում ենք մեր վերլուծությունը՝ այս երկու տերությունների ռազմական պոտենցիալների ու բախման հավանականության և դրա համար անհրաժեշտ նախադրյալներից ելնելով:
Պատերազմն ինքնին շատ կոմպլեքս երևույթ է, և այս կամ այն կողմի գերակայությունը որոշվում է ոչ միայն չոր վիճակագրական տվյալներով ու ունեցած զենքի քանակով ու որակով, այլև հոգեբանական, տեխնոլոգիական, գաղափարախոսական և այլ չափանիշները հաշվի առնելով: Դրա համար էլ որևէ քիչ թե շատ իրատեսական վերլուծություն անելու համար անհրաժեշտ է հաշվի առնել այս բոլոր փոփոխականները:
Սկսենք ռազմական բաղադրիչից: Պետք է հասկանալ, որ Սառը պատերազմի տարիներին ԱՄՆ-ի հավանական հակառակորդը ոչ թե լոկ Ռուսաստանն էր, այլ հսկա ԽՍՀՄ-ը, որը այսօրվա Ռուսաստանին գերազանցում էր թե՛ տարածքով, թե՛ բնակչությամբ, թե՛ արդյունաբերական և տնտեսական պոտենցիալներով, թե՛ ռազմական հզորությամբ:
Այսօր ԱՄՆ-ն կա ու այս 23 տարիները զուր չի վատնել և ունեցած հսկայական ռազմական պոտենցիալը ոչ միայն չի ժանգոտացրել պահեստներում, այլև անդադար արդիականացրել, զարգացրել ու թարմացրել է:
Մյուս կողմից, ԽՍՀՄ-ը այլևս գոյություն չունի, իսկ դրա բեկորներից ամենախոշորը՝ Ռուսաստանը, միայն ստվերն է ԽՍՀՄ-ի հզորության, այդ թվում՝ ռազմական առումով: Պետք է հասկանալ նաև, որ ԽՍՀՄ-ը, որ ԱՄՆ-ի ռեալ հավանական հակառակորդն էր, ուներ ռազմական որոշակի դոկտրին, որը հենված էր Մեծ հայրենականի փորձի վրա, և ենթադրում էր, որ ցանկացած սպառազինության որակ ստորադասվում է դրա քանակին ու արտադրելու դյուրինությանը և գնային գործոններին:
Օրինակ՝ նացիստների լեգենդար Panzer 4 տանկերն՝ առանձին վերցված, գերազանցում էին սովետական T-34-ներին, բայց ամեն մեկ պանզերին բաժին էր ընկնում 4-5 խորհրդային տանկ, իսկ ռեալ մարտական պայմաններում գրեթե 99 տոկոս դեպքերում 5 տանկը կարողանում է 1 տանկի հախից գալ: Նույն տրամաբանությամբ էլ շարժվում էր ԽՍՀՄ-ը՝ Սառը պատերազմի տարիներին:
Այո՛, ամերիկյան Աբրաամս տանկերը գրեթե բոլոր ցուցանիշներով գերազանցում էին խորհրդային Տ-72-ներին ու դրանց հետագա մոդիֆիկացիներին, բայց ամեն Աբրաամսին բաժին էր ընկնում էլի 4-5 խորհրդային տանկ: Սա ռազմական դոկտրինների տարբեր հայեցակարգերից էր գալիս. ԽՍՀՄ-ը ստեղծում էր մասսայական ճեղքման համար նախատեսված արագընթաց ու էժան տանկեր, իսկ ամերիկացիները ստեղծում էին նման մասսայական ճեղքումը կասեցնելու համար նախատեսված լավ զրահավորված ու ավելի մեծ երկարակյացություն ունեցող տանկեր՝ ավելի լավ նշանառման ու կրակի կառավարման համակարգերով և անձնակազմի համար ավելի հարմարավետ պայմաններով:
Առհասարակ, նման մոտեցումը աչք է զարնում բոլոր զորատեսակների համար ստեղծված սպառազինության բոլոր տեսակներն ուսումնասիրելիս: Քանի դեռ գոյություն ուներ ԽՍՀՄ-ը, սպառազինության մասսայականությունն ու էժանությունը բալանսավորում էր ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զորքերի սպառազինության թանկարժեք որակը, բայց ինչպես նշեցինք, ԽՍՀՄ էլ չկա, իսկ այսօրվա Ռուսաստանը և այդ թվում դրա բանակը միայն ԽՍՀՄ-ի երբեմնի հզորության ստվերն են, և ի տարբերություն ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի երկրների, միայն վերջին մի քանի տարիներին են ձեռնարկել զենքերի ու սպառազինության արդիականացում ու վերազինում:
Ընդհանրապես, ուսումնասիրելով իրական փորձը, տեսնում ենք, որ թեև Ռուսաստանը թղթի վրա ունի մոտ մի 2000 մարտական ինքնաթիռ, բայց եթե հիմա հանկարծ հարկ լինի դրանք բոլորը գործածել, ապա կպարզվի, որ դրանց զգալի մասը անսարք է, կամ էլ վերանորոգման կարիք ունի, իսկ օդ բարձրանալու ունակ ինքնաթիռների մեծ մասն էլ բարոյապես ու տեխնոլոգիապես հնացել են, էլ չխոսեմ այն մասին, որ թռիչքային փորձով ռուս միջին օդաչուն անգամներով զիջում է ամերիկացի օդաչուին (էլ չեմ խոսում մարտական ռեալ փորձի մասին):
Փոխարենը, ԱՄՆ-ն ունի մոտ 5000 մարտական ինքնաթիռ, որոնք ավելի արդիականացված են ու թարմ, իսկ 5-րդ սերնդի ինքնաթիռների առումով, ընդհանրապես միակ երկիրը աշխարհում, որ ունի այս ինքնաթիռներից իր սպառազինության մեջ, դա հենց ԱՄՆ է: Նմանատիպ իրավիճակ տեսնում ենք գրեթե բոլոր զորատեսակներում՝ ռազմական նավատորմում, օդուժում, ցամաքային զորքերում: Բացի միջուկային սպառազինության ոլորտից, Ռուսաստանը իր պոտենցիալով էականորեն զիջում է ամերիկյան կողմին, առավել ևս՝ ողջ ՆԱՏՕ-ին, և այդ զիջումը ոչ միայն որակային է, այլև արդեն քանակային և տեխնոլոգիական:
Ինչ վերաբերում է անհատ զինորների մարտունակությանը, ապա սա ևս շատ վիճելի թեզիս է, ու ոմանք կարող են ասել, որ ռուսները միշտ իրենց որպես շատ խիզախ ու անձնազոհ մարտիկներ են ցույց տվել, բայց ամերիկացիները, բրիտանացիները, գերմանացիները և այլն, էլի վերջին տեղերում չեն եղել: Բացի դրանից, ելնելով նույն սովետական ռազմական դոկտրինի սկզբունքային դրույթից, ցանկացած որակ ստորադասվում է քանակին ու այդ քանակը լրացնելու ունակությանը:
Քանակային ու այդ քանակը լրացնելու ունակությամբ ևս Ռուսաստանն այսօր զիջում է ԱՄՆ-ին: ԱՄՆ-ն այսօր ունի մոտ մեկ միլիոն անձնակազմ ունեցող պրոֆեսիոնալ բանակ, գումարած՝ մոտ 30 միլիոն զորահավաքային ռեզերվ, որը կարելի է զինել ու մոլորակի ցանկացած կետ ուղարկել երկու ամսվա ընթացքում: Ի հակադրություն սրա՝ ռուսներն ունեն միլիոնից քիչ կիսապրոֆեսիոնալ բանակ, որը հիմնականում համալրվում է զորահավաքների միջոցով և մի քանի միլիոնի հասնող զորահավաքային ռեզերվ:
Այսինքն, եթե մի պահ պատկերացնենք, որ պատերազմ է սկսվել երկու տերությունների միջև, ու զանգվածային խոցման զենքեր չեն կիրառվում, ապա երկու ամիս անց ռուսական 4-5-միլիոնանոց բանակին դիմակայելու է (միայն ԱՄՆ-ով) 30-ից ավել միլիոն զինվոր ունեցող ամերիկյան բանակ, եթե ԱՄՆ-ում դրա կարիքը գտնեն, որը զինված է լինելու ավելի շատ, ավելի լավ, ավելի արդիական, քան ավելի սակավաթիվ ռուսները, և ունենալու է ավելի մեծ արդյունաբերական ու մարդկային պոտենցիալ, որպեսզի լրացնի մարտական ցանկացած տեսակի կորուստ:
Այլ կերպ ասած՝ Ռուսաստանի ռազմական պոտենցիալը, եթե մի պահ մոռանում ենք զանգվածային խոցման զենքերի ու հատկապես միջուկային արսենալի մասին, էականորեն զիջում է ամերիկյանին, ու եթե բանը հասնի ռազմական առճակատման, անհնար է պատկերացնել իրադրություն, երբ ռազմավարական նախաձեռնությունն ու հարձակվողի դերը լինի ռուսների ձեռքում: Ավելին, հենց ռուսական ռազմական դոկտրինը ավանդապես կառուցված է եղել ավելի ուժեղ հակառակորդին իր անծայրածիր երկիրը ներքաշելու, հյուծելու, պարտիզանական ու դասական պատերազմի միջոցով դուրս շպրտելու ու վերջնականապես ջախջախելու հիման վրա:
Հասանք արդեն հարցի զուտ հոգեբանական, գաղափարական ու, առհասարակ, նպատակահարմար ռազմավարության հարցերին: Ավանդապես ռուսները իրենց՝ որպես ազգ, լավագույնս դրսևորել են հենց պատերազմների ժամանակ, առավել ևս, երբ իրենք եղել են պաշտպանվողի/նվաճվողի կարգավիճակում, ու հաղթող են դուրս եկել անելանելի թվացող դրություններից՝ հաշվի չնստելով ոչ մի կորուստի հետ: Ռուսները պատերազմի հանդեպ հոգեբանորեն շատ կայուն են, առավել ևս, եթե այդ պատերազմն ընկալվում է նրանց մոտ իբրև արդարացի, էլ չասեմ՝ հայրենական-ժողովրդական-ազգային-ազատագրական:
Մյուս կողմից, ունենք ամերիկացիներին, ովքեր վերջին անգամ պաշտպանվողական պատերազմ վարել են 1800-ականների սկզբին, իսկ դրանից հետո եղել են բացառապես նվաճողի ու հարձակվողի կարգավիճակում: Ամերիկացիները ևս իրենց դրսևորել են որպես լավ զինվոր, բայց քանի դեռ պատերազմը եղել է հանուն հասկանալի ու ընդունելի գաղափարի, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո իսկապես լուրջ ոչ մի պատերազմ չեն մղել:
Եթե խոսենք Իրաքի ու Աֆղանստանի պատերազմների փորձի մասին, ապա անգամ այս երկրներում հաղթանակը շատ թանկ է նստել ամերիկացիների վրա՝ զուտ ֆինանսական առումով, ու որպեսզի այս երկրները վերահսկելի լինեն, ամերիկացիները արդեն մի քանի տրիլիոն դոլար են ծախսել, ու, միևնույն է, նրանց մարտական կորուստները արդեն մոտենում են 10.000-ի:
Հիմա, վերադառնալով հոգեբանական տոկունությունն ու նպատակահարմարությանը, դիտարկենք հետևյալ հիպոթեզը. եթե Ռուսաստանը ռազմական ներխուժում իրականացնի, ասենք թե նույն Ուկրաինա, կամ ԱՄՆ-ին դաշնակից մի որևէ եվրոպական երկիր, ապա ամերիկական ռազմական մեքենան (եթե դրա առջև համապատասխան խնդիր դրվի) սկզբում կկանգնեցնի, հետո հետ կշպրտի ռուսական բանակը, և սա վեր է ցանկացած կասկածներից, ու քանի դեռ պատերազմը այս սցենարով գնալիս կլինի, ամերիկացի զինվորի համար հասկանալի կլինի պատերազմելու գաղափարը, բայց եթե որոշում կայացվի գրավել Ռուսաստանը, ապա արդեն միանգամայն այլ հոգեբանական ֆոն կլինի նույն այդ ամերիկացի զինվորի համար, իսկ եթե հաշվի առնենք Ռուսաստանի հսկայական գաբարիտները ու ռուսների մարտական որակները, ապա աշխարհում պարզապես չկա այդքան փող ու այդքան զորք, որը կարողանա գոնե Աֆղանստանի մակարդակի արդյունավետության օկուպացիա իրականացնել այդ երկրում, և, վաղ թե ուշ, ամերիկացիները կարժանանան Նապոլեոնի ու Հիտլերի ճակատագրին:
Հիմա զուտ տեսական մտավարժանքների ոլորտից վերադառնանք իրական կյանք: ԱՄՆ-ն և Ռուսաստանը մինչ օրս էլ միջուկային գերտերություններ են, և երկուսն էլ ունեն բավարար քանակությամբ միջուկային սպառազինություն, որպեսզի մի քանի անգամ ջնջեն մարդկությունը մոլորակի երեսից, ընդ որում, Ռուսաստանի միջուկային սպառազինությունը քիչ ավելին է, քան Ամերիկայինը:
Եթե անգամ հաշվի նստենք ԱՄՆ-ի ՀՕՊ և ՀՀՊ համակարգերի հնարավորությունների հետ, միևնույն է, անհնար է պատկերացնել մի իրավիճակ, երբ ռուսները չկարողանան հարված հասցնել ԱՄՆ-ի մայր տարածքին, իսկ դա ԱՄՆ-ի համար բացարձակ անհանդուրժելի կորուստ է՝ ելնելով անգլոսաքսերի էթնոհոգեբանական առանձնահատկություններից: Եթե տեսականորեն պատկերացնենք, որ ԱՄՆ-ն ողջ Ռուսաստանը վառում է միջուկային կրակի մեջ, բայց Ռուսաստանը հասցնում է ոչնչացնել Նյու Յորքը, Լոս Անջելեսը, Մայամին ու/կամ ասենք թե, Ֆիլադելֆիան, ապա դա հավասարազոր կլինի ողջ ԱՄՆ-ի ոչնչացմանը, որովհետև նման հարվածից հետո փուլ կգա ԱՄՆ ողջ պետական համակարգը, ու կսկսվի ինչ-որ հետապոկալիպտիկ քաոս, այնպես որ, քանի դեռ կա նման ռիսկ, ԱՄՆ երբեք չի գնա միջուկային պատերազմի:
Այսպիսով՝ գալիս ենք մեկ ընդհանուր եզրահանգման. ԱՄՆ-ն առաջվա պես աշխարհի ամենաուժեղ կայսրությունն է, որը ռազմական առումով գրեթե բոլոր չափորոշիչներով գերազանցում է ցանկացածի, այդ թվում նաև Ռուսաստանին, և այսօրվա դրությամբ չկա այդպիսի մի ուժ, որը ռազմական ուժով կարող է ծնկի բերել ԱՄՆ-ին, բայց միևնույն ժամանակ, որքան էլ թուլացած լինի Ռուսաստանը, այն ևս մի ուժ է, որը թեև չի կարող ձեռնոց նետել ԱՄՆ-ին՝ համաշխարհային հեգեմոնի դիրքը վիճարկելու համար, բայց այսօրվա դրությամբ չկա այդպիսի մի երկիր, այդ թվում նաև ԱՄՆ-ն, որ կարողանա զուտ ռազմական ճանապարհով գրավել ու պահել Ռուսաստանը, իսկ միջուկային զենքի գործոնն առհասարակ անհնար է դարձնում ցանկացած նման գլոբալ բախում՝ տեսանելի ապագայում:
Տեսանելի ապագայում ցանկացած բախում լինելու է երրորդ կողմերի ձեռքերով՝ աշխարհի տարբեր կետերում, այդ թվում նաև մեծ հավանականությամբ՝ հենց Ռուսաստանում, բայց ռուս-ամերիկյան բացահայտ պատերազմ սպասել պետք չէ, քանի դեռ պահպանվում է միջուկային պարիտետը: Ուղղակի նորից կհառնի Սառը պատերազմը, որը երբեք չէր էլ ավարտվել, և այն կընթանա նոր ուժային բալանսով, նոր աշխարհաքաղաքական իրականությունում և նոր կանոններով, բայց միևնույն ժամանակ պահպանելով հին կանոններից ու խաղացողներից շատերին: