Երբ եղանակը թռիչքային չէ, պետք չէ հետաձգել թռիչքը, պետք է փոխել եղանակը

Վերջերս մի հետաքրքիր միտք կարդացի. «Հոռետեսը նա է, ով միակողմանի փողոցն անցնելիս իր երկու կողմն է նայում»: Հետաքրքիր է, նույն տրամաբանությամբ, ո՞վ է լավատեսը: Գուցե նա, ով երկկողմանի փողոցն անցնում է առանց նայելո՞ւ... Չգիտեմ, բայց լավատեսների թվին վստահ կարելի է դասել ծանրամարտի հաշմանդամների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Գրետա Վարդանյանին, ով, սակայն, փողոց երբեք չի անցել... ինքնուրույն:
Գրետան ծնվել է Գյումրիում: Երկրաշարժից հետո իր ընտանիքից միայն ինքը ողջ մնաց, բայց էլ չէր քայլում: Վաղ հասակում բարեկամացավ սպորտի հետ. «Հինգ տարեկանից սկսեցի հաճախել սպորտային ակումբներ. լեռնադահուկային մարզաձև, ապա սայլակների մրցավազք»: Հենց այդ տարիներից էլ կոփվեցին Գրետայի նպատակասլացությունը, կամքը, որոնք մարզական հաջողություններ բերեցին նրան:
2002-2005թթ. մասնակցեց սայլակավազքի ԱՄՆ-ի առաջնություններին: 2006թ. Իտալիայում լեռնադահուկային մարզաձևում եզրափակեց լավագույն տասնյակը:
Սակայն դահուկավազքով զբաղվելը նա դադարեցրեց: Այս սպորտաձևը սեզոնային է, իսկ Հայաստանի բնակլիմայական պայմաններն այնքան էլ հարմար չեն դրանով զբաղվելու համար:
2005-ից սկսեց զբաղվել պրոֆեսիոնալ ծանրամարտով: Որոշումն անակնկալ էր, ինչպես ասում են՝ «սեր առաջին հայացքից»: Ժամանակը ցույց տվեց, որ սերը փոխադարձ էր: 2007թ.-ին Հունաստանում տեղի ունեցավ հաշմանդամների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որում Գրետան արծաթե մեդալ ստացավ:
 Այսօր էլ նա ակտիվ մարզվում է: Պատրաստվում է մասնակցել 2012թ. Լոնդոնում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի հաշմանդամների առաջնությանը: Համոզված է, որ այս անգամ ոսկե մեդալ է բերելու: Ցավոք, դրամական միջոցների սղությունը թույլ չի տալիս նրան անհրաժեշտ սննդակարգ պահպանել և մարզիչ ունենալ, բայց մարզուհին հույսը չի կորցնում:
Աշխատանք չունի... Մեկ անգամ չէ, որ մասնագիտությամբ հոգեբան Գրետան դիմել է աշխատանքի համար և մերժվել: Հաշմանդամին մեզ մոտ աշխատանքի դժվար են ընդունում. նույնիսկ չեմպիոնուհու պարագայում: Հուսադրողն այն է, որ մենակ չէ, դժվարին պահերին կողքին են ամուսինը և փոքրիկ դուստրը:
Գրետան կարծում է, որ բացարձակ երջանկություն գոյություն չունի, երջանիկ են միայն նրանք, ովքեր հոգս չունեն, ուրիշի հոգսերով էլ մտահոգվել չգիտեն: Իսկ իսկական երջանկությունը րոպեական է, ուստի և առավել ցանկալի ու... անհասանելի:
Չանսալով կյանքի դժվարություններին՝ մեր հերոսուհին շարունակում է ժպտալ: Եվ այնքան գեղեցիկ է այդ ժպիտն արտացոլվում նրա դստեր աչքերի անհուն կապույտում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել