1in.am-ը գրում է.
Ղրիմի ինքնորոշումն արդարացված է և անկախ նրանից՝ Արևմուտքն ընդունում է այդ ինքնորոշումը, թե ոչ, այն դե յուրե իրողություն է: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը:
«Ռուսաստան-Արևմուտք լարված հարաբերությունների ֆոնին Հայաստանը հայտնվել է բավական շահեկան վիճակում և խելացի քայլեր ձեռնարկելու դեպքում կարող է առաջընթաց գրանցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին: Հասունացել է պահը, որ Հայաստանը հստակ դիրքորոշում հայտնի, այն է՝ որ բանակցային կողմ դառնա նաև Արցախը»,- ասաց նա՝ հավելելով, որ իր համոզմամբ, խնդրի լուծման համար Հայաստանը պետք է Ադրբեջանին վերադարձնի հարակից 7 շրջանները: «Միայն փոխզիջման պայմաններում հարցը կարող է կարգավորվել»,- պարզաբանեց Անի Զախարյանը՝ նկատելով, որ կողմ է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 1998 թվականի այս դիրքորոշմանը:
«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահը նաև հայտարարեց, որ պատրաստվում է դիմել ԱԳՆ-ին՝ պահանջելով իրեն տրամադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեներն ու հեռախոսահամարները: «Սա նրա համար, որ ես անձամբ նրանց ղարաբաղյան հակամարտության լուծման առաջարկներ անեմ: Եվ թող ԱԳՆ-ն փորձի չտրամադրել այդ տվյալները, ես բոյկոտ կանեմ»,- ասաց նա:
Անի Զախարյանի խոսքով՝ ողջունելի է, որ Հայաստանը ճանաչել է Ղրիմի հանրաքվեի արդյունքները, սակայն ակնհայտ է, որ այդ որոշումը պարտադրվել է մեզ: «Եվ բնական է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանը ափսոսանք հայտնեց Ղրիմի հանրաքվեն ճանաչելու Հայաստանի քայլի առնչությամբ»,- ասաց նա:
Բանախոսն անդրադարձ կատարեց նաև քաղաքական 4 ուժերի՝ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը՝ նկատելով, որ նրանց գործողությունները պայմանավորված են ընդդիմադիր դաշտում մրցակցությամբ՝ նաև իր կուսակցության դեմ: «Կողմ եմ քառյակի միավորվելուն, որոշակի դեմք ու դիմագիծ արտահայտելուն, սակայն վստահ եմ, որ նրանք չեն հաջողելու կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում: Պատճառը պարզ է. ԱԺ-ում Հանրապետականը մեծամասնություն է: Ինչ վերաբերում է «Դեմ եմ» նախաձեռնությանը, ապա թեպետ լիարժեքորեն չեմ կարող պնդել, որ այն ֆինանսավորվում է այս կամ այն ուժից, սակայն հավաստի աղբյուրներից տեղեկություններ ունեմ, որ սա քոչարյանական նախագիծ է: Միաժամանակ, գտնում եմ, որ այս շարժման որոշ երիտասարդներ ճիշտ կանեն քաղաքացիական կյանքից մուտք գործեն քաղաքականություն»:



