
Ինչպես հայտնում է «The Guardian» լրատվական կայքը, ֆրանսիական հեռահաղորդակցության «Orange» ընկերությունը լուրջ խնդիրների առջև է կանգնած՝ ընկերության աշխատակիցների ինքնասպանությունների հաճախակիության պատճառով:
2014թ.-ի սկզբից ի վեր ինքնասպան է եղել 10 մարդ՝ «աշխատանքի հետ կապված խնդիրների պատճառով». այդպիսինն է ընկերության աշխատակիցների հոգեբանի մեկնաբանությունը:
Նախկինում ֆրանսիական հեռահաղորդակցության պետական ընկերությունում նմանատիպ` ինքնասպանությունների համաճարակ է գրանցել 2008-2009թթ.-ին: Ինքնասպանությունների քանակն այս տարի գրեթե նույնքան է, որքան 2013-ի ամբողջ տարվա ընթացքում, երբ 11 աշխատակից վերջ էր տվել իր կյանքին:
Այս տարվա կատարված 10 ինքնասպանություն գործողներից երեքը կին, իսկ 7-ը տղամարդ են եղել, որոնցից ամենաերիտասարդը 25 տարեկան էր: Ընկերության հոգեբանը, ով պատասխանատու է աշխատակիցների աշխատանքային պայմանների հսկողության ու աշխատանքների հոգեկան ու բարոյական առողջության համար, նշում է, որ ինքնասպանություններից 8-ը կապված են աշխատանքային ճնշող պայմանների հետ:
Չորեքշաբթի օրը Ֆրանսիայի առողջապահության նախարար Մարիսոլ Տուրեյնը մահացությունների մասին լուրերն անհանգստացնող է համարել. «Ընկերությունը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի... մենք չենք կարող իրավիճակն այսպես թողնել»,- Ֆրանսիական ռադիոյին տված հարցազրույցում ասել է նա:
Ավելի վաղ տեղի ունեցած ինքնասպանությունների ալիքից հետո դիտորդների խորհուրդ էր նշանակվել, որն իր մտահոգությունն էր հայտնել ընկերությունում աշխատանքային պայմանների ու սովորությունների հետ կապված:
Ընկերության նախկին տնօրեն Դիդիեր Լոմբարդը հրաժարական տվեց այն բանից հետո, երբ 2008-2009թթ. 35 աշխատակից ինքասպանություն գործեցին: Նա քննադատությունների ենթարկվեց ու ստիպված եղավ ներողություն խնդրել այն բանից հետո, երբ նշել էր, որ ընկերությունում ինքնասպանությունը «նորաձև» է դարձել:
2012թ.-ին ոստիկանությունը հետաքննություն սկսեց, և Լոմբարդը մեղադրվում էր «կառավարման դաժան մեթոդների կիրառության» համար, որն աշխատակիցներին «բարոյական ճնշումների» էր ենթարկում:
«Le Parisien» լրատվականը ընկերության ներքին աշխատանքների 2006թ.-ի փաստաթուղթ է հրապարակել, որտեղ Լոմբարտը իբր տնօրեններին տեղեկացնում էր այն մասին, որ պատրաստվում է 22.000 աշխատատեղի կրճատում իրականացնել: Լոմբարդը ժխտել է իր դեմ այն մեղադրանքները, որ ինքնասպանությունների պատճառը իր կառավարման մեթոդներն են:
Հետաքննությունը դեռևս ընթանում են:
2010թ.-ին հրապարակված զեկույցում նշվել է, որ ինքնասպանությունների ալիքի պատճառը «կառավարվող ճնշումների» մթնոլորտն է, որը «հոգեբանորեն թուլացնում էր աշխատակիցներին ու վնասում ֆիզիկական ու հոգեկան առողջությանը»: 2010թ.-ից ամեն ինչ հանդարտվել է, սակայն անցած ամիս ստուգումներ իրականցանող հանձնաժողովը մտահոգություններ է հայտնել, որ ընկերությունում աշխատակիցների համակարգումը կրկին հասնում է 2007թ.-ի բարոյական ճնշումների մակարդակին:
Զեկույցում մասնավորապես նշվում է. «Վերջին երկու տարիների ընթացքում աշխատակիցների ճնշումները կրկին գլուխ են բարձրացրել ու աշխատանքային պայմանները վատացել են»: Գործոնները, որոնք աշխատակիցներին սթրեսային վիճակի են հասցնում, ներառում է գործատուի կողմից ավելի լավ արդյունքներ ստանալու պահանջները, աշխատակիցների միջև մրցակցության մթնոլորտը, աշխատանքից ազատումները:
2004թ.-ից Ֆրանստելեկոմը մասնավոր ընկերություն է:
«Օրանժ» ընկերությունը, ընդունելով ընկերության մեջ աշխատակիցնների ինքնասպանությունները, նշում է, որ այս դեպքերը եզակի են ու այլ ենթատեքստեր ունեն ու կապված չեն ընկերությունում նրանց աշխատանքի հետ:
Ֆրանսիայում ինքնասպանությունների մակարդակը ամեն 100.000 բնակչից կազմում է 14,7: Դա ավելի բարձր է ցուցանիշ է, քան Եվրոպայում ինքնասպանությունների ընդհանուր մակարդակը, որը կազմում է 10,2՝ ամեն 100.000 բնակչի դիմաց: Ֆրանսիայում կատարված ինքնասպանությունների թիվը երեք անգամ ավելի բարձր է, քան Իտալիայում ու Իսպանիայում, և կրկնակի ավելի է, քան Գերմանիայինը:
Ամեն տարի 10.000 (ամեն օր 27) ինքնասպանություններից 400 կարող են կապված լինել աշխատանքային սթրեսի հետ, սակայն գործազրկության խնդիրներն ավելի շատ են հանդիսանում ինքնասպանությունների պատճառ:
2012թ.-ի մայիսին «Liberation» թերթում 44 ֆրանսիացի հոգեբույժներ, սոցիոլոգներ ու քաղաքական գործիչներ ստորագրել են հայտարարության տակ՝ կոչ անելով պետական խորհուրդ ստեղծել, որը կուսումնասիրի երկրում հաճախակի տեղի ունեցող ինքնասպանությունների դեպքերը` երևույթը հասկանալու ու դրան լուծումներ տալու համար: