Բրազիլացի լուսանկարիչ Գուստավո Լասերդը իր այս ֆոտոշարքով նպատակ է ունեցել բոլորի ուշադրությունը սևեռել ալբինոս մարդկանց խնդիրներին: Գուստավոն իր ֆոտոշարքը հենց այդպես էլ կոչել է՝ «Ալբինոսները»:
Լուսանկարիչն իր այս աշխատանքով ցանկացել է ցույց տալ, որ ալբինոսները պարզապես հետաքրքիր արտաքին ունեցող մարդիկ չեն, ովքեր տարվա ցանկացած եղանակի ոտքից գլուխ ծածկվում են, սև ակնոցի հետևում թաքցնում են իրենց աչքերը, այլ նաև անհատներ են՝ ինչպես բոլոր մարդիկ, իրենց ներքին աշխարհով: Անխոս, ալբինոսներն, ի տարբերություն ֆիզիկական խնդրիներ ունեցող շատ մարդկանց, ավելի հեշտ են ադապտացվում շրջակա միջավայրին: Նրանցից շատերը նույնիսկ մեծ ճանաչում են ձեռք բերել՝ դառնալով հայտնի երաժիշտներ և նույնիսկ մոդելներ: Սակայն երկրի վրա ապրում են միլիոնավոր ալբինոսներ, որոնցից շատերի համար կյանքն այդքան էլ առատաձեռն չէ: Եվ պատահական չէ, որ հենց Գուստավո Լասերդը՝ բրազիլացի այս լուսանկարիչն է իր ձեռքը վերցրել այս նախաձեռնությունը: Նա մի երկրից է, որտեղ կիզիչ արևի պատճառով ալբինոսների կյանքն առավել դժվար է:












