Հայրենակիցներ, մենք, որպես ազգ ու պետություն հերթական անգամ քաղաքական ու նաեւ քաղաքակրթական ընտրության առջեւ ենք կանգնած: Խոսքը, իհարկե, Աշխարհի, Ռուսաստանի ու մեր Հայրենիքի փոխհարաբերությունների մասին է: Բարեբախտաբար, ճիշտ ընտրությունը միանգամայն համընկում է նաեւ անթերի բարոյական դիրքորոշման հետ: Հետեւաբար, սխալ քաղաքական ընտրությունն որորոշումն անբարոյական է լինելու` եւ ոչ թե այն պատճառով, որ սխալն է անբարոյական դառնում, այլ հենց այն պատճառով, որ անբարոյականն է սխալ:
Իմ հասակակիցներն ու ավելի տարեց մարդիկ հիշում են,թե ինչպես էինք մենք, հայերս, անցյալ դարի 80-անկանների վերջում համոզված ԽՍՀՄ անխուսափելի անկման մեջ: Ես, օրինակ, 1990 թ. հոդված էի տպագրել ռուսալեզու հայկական մի թերթում (այդպիսի խոսքի ազատություն կար) ուր պնդում էի, որ Սովետը փլուզվելու է մյուս տարվա մայիսին: Կես տարով սխալվել էի: Արդարանալու համար ասեմ, որ ամերիկյան հետախուզությունն այդ օրերին, ինչպես հայտնի դարձավ տարիներ անց, նախագահ Բուշին վստահեցնում էր, որ ԽՍՀՄ հզոր է ու կայուն: Մենք գիտակցում ու հասկանում էինք ավելին, քանզի մենք ներսում էինք, ապրում ու գործում էինք, զգում ու մոտեցնում էինք այդ վախճանը: Ու թեեւ Հայաստանի պետական անկախությունը այդպես էլ չվերածվեց այդժամ ազգային հավաքական գաղափարի, Հայաստանը բնազդորեն ու գիտակցաբար կատարեց ճակատագրական եւ, ինչպես պատմությունն ապացուցեց, ճիշտ պատմական ընտրություն` հեռացավ ու հեռու մնաց հոգեւարկի մեջ քայքայվող հրեշից: Մենք մարտահրավեր էին նետել գորբաչովյան Կրեմլին դեռ այն օրերին, երբ ԽՍՀՄ-Կոմկուս-ԿԳԲ եռագլուխ վիշապը համաշխարհային գերտերություն էր` բանակով, ռումբերով, գործակալներով, փողով: Մենք ունեինք միայն մեր ցասումն ու սեփական ճշմարտության, արդարության հանդեպ համոզմունքը: Երրկաշարժն անգամ մեզ չսասանեց: Գորբաչովը ապշած էր, լսելով, թե ինչես փլատակների տակից հենց նոր հանած մարդիկ պահանջում էին նրանից արդարություն Արցախի համար: Սումգաիթը մեզ սարսափեցրեց բայց չվախեցրեց, միայն հիշեցրեց, թե ինչ թշնամու դեմ ենք դուրս եկել: Հենց մեր արդարացիության ու ճշմարտության խորը համոզմունքը կանխորոշեց մեր հաղթանակը Արցախյան պատերազմում: Սակայն այստեղ ուզում եմ ընդգծել մեր աշխարհաքաղաքական ընտրության անթերիությունը: Մենք կռվի դուրս եկանք Չարի դեմ, անարդարության ու բռնության դեմ ` եւ հաղթեցինք: Հիշեցնեմ, որ եւ 1991 թ. թվականի մոսկովյան արագ տապալված "պուտչի", եւ 1993 թ. հակաելցինյան "պարլամենտական" ապստամբության ընթացքում մեր նորաստեղծ պետությունը քաղաքական ճիշտ ընտրություն էր կատարում` հանուն առաջադիմության, ժողովրդավարության ու հեղափոխության: Մինչդեռ դրանց հաղթանակը դեռեւս շատ խնթրահարույց էր: Սակայն, ամենակարեւորն է, որ Հայաստանի քաղաքական ընտրությունը, ազգային շահերն ու արդարությունը միանգամայն համընկնում էին: Դա մեշ առավելություն տվեց մեզ նույն Ադրբեջանի համեմատ, որը նման դեպքերում սխալ էր կողմնորոշվում, շտապելով աջակցություն հայտնել հակադեմոկրատական ուժերին Ռուսաստանում, որոնք, բնականաբար, ճնշելով խռովությունները, չէին մոռանում ոչ ոքու դիրքորոշումը դժվար պահին: Հայաստանի առաջին կառավարությունը, իր խմբակային կառուցվածքի ու բնույթի շնորհիվ, խուսափու էր ճակատագրական սխալներից, մինչեւ որ չվերածվեց հերթական միանձնյա ու միաբեւեռ կառույցի, որի սննանկությունը մենք ճաշակում ենք արդեն քսան տարի...
Վերադառնանք մեր օրերին: Այսօր, ՀՀ ղեկավարի անձնական թուլության ու դրսի ուժերից աննախադեպ կախվածության պատճառով, ինչպես եւ ողջ կուսակցական-պետական ապարատի չգույության ու ապիկարության պատճառով մեր ազգն ու պետականությունը հայտնվել է մահացու վտանգի ու քաղաքակրթական ողբերգական սխալի դեմ հանդիման: Ռուսաստանը իր տնտեսական հետադիմության ու քաղաքական արկածախնդրության պատճառով հակադրել է իրեն ողջ աշխարհին եւ առաջիկայում ճաշակելու է լայնածավալ ու մահացու պատժամիջոցների, չունենալով ԽՍՀՄ-ի նման արտադրական, նյութական, գիտական եւ գաղափարական հակազդեցության եւ ոչ մի միջոց: Մեզ համար ամենասարսափելին այն է, որ այս ճակատագրական պահին, ՀՀ վարչախմբի հանցավոր քաղաքականության ու տարական տգիտության պատճառով, մենք ոչ թե հեռանում ենք այս խորտակվող Տիտանիկից, այլ Հյուսիսային Կորեայի հետ միասին հայտնվում ենք դրա կցորդի մահաբեր դերում: Սա ոչ միայն քաղաքական սխալ է, սա պետական հանցագործություն է եւ ազգային դավաճանություն: Տասնամյակների «սպիտակ ցեղասպանության», խրախուսվող արտագաղթի, համատարած կաշառակերության ու բացասական ընտրասերման, կադրային ջարթի, հասարակության լավագույն մասնագիտական մասի վերացման պատճառով հայստանը կորցրել է անհրաժեշտ ինքնապաշտպանական ազգային բնազդը, որը օգնում էր մեզ չիշտ կողմնորոշվել երեք տասնամյակ առաջ: Այս քաղաքական կրկեսը պետք է հեռացվի ու վերացվի իր անշնորք ու սարսափելի ծաղրածուներով, կենդանիներով ու ժոնգլյորներով հանդերձ: Սա այլեւս օրերի ու ժամերի հարց է: Սակայն նախեւառաջ, իմ համոզմամբ, մենք պետք է ազգային բնազդով ու գիտակցությամբ զգանք ու հասկանանք, որ Հայաստանի ճանապարհը` արդարության ու մարդասիրության, ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության ճանապարհն է, որով գնում է ողջ քաղաքակիրթ աշխարհը, այլ ոչ սովետական համակենտրոնացման ճամբար հիշեցնող բռնապետությունը, որը ճաքելու է ու տրաքելու նավթի գնի առաջին իսկ լուրջ տատանումների պահին, ինչպես դա եղավ 1984 թվականին... Մեր հարեւան ու բարեկամ Իրանն է լինելու նոր աշխարհաքաղաքական փոփոխությունների առանցքը, կապելով մեզ Չինաստանի ու Հնդկաստանի հետ; մեր հարեւան Վրաստանն է կապելու մեզ Եւրոպայի ու Ամերիկայի հետ, քանի դեռ տրոհման շեմին կանգնած Թուրքիան, ինչպես միշտ նման պահերին, դաշինք է փնտրելու Կրեմլում... Մենք կարող ենք ու պարտավոր ենք փրկվել: Ավելին, մենք կփրկենք Ռուսաստանը, օգնելով եղբայրական ռուս ժողովրդին վերագնահատել իրողությունն ու տարբերել չարն ու բարին, ինչպես դա եղավ 1988 թվականին, երբ լավագույն ռուս մտավորականները հենց հայոց Արցախով էին չափում իրենց անձնական, ազգային ու համաշխարհային արժեքները` Սախարովն ու Սոլժենիցինը, Դուդինն ու Չիչիբաբինը, Ստարովոյտովան ու Բուրկովան... Բայց նախեւառաջ այս ընտրությունը պետք է անի հայ ժողովուրդը: Ուկրաինան սովորեց մեզնից ու այժմ սովորեցնում է մեզ` որն է մեր տեղը, մեր դերը, մեր շահը, մեր ճշմարտությունը: Օր առաջ հեռանալ բռնակալության ու գաղության կեղծիքի կայսրության ազդեցությունից` այս ճանապարհը չունի այլընտրանք մեր ազգի ու պետականության համար: Մեր քաղաքական ու քաղաքակրթական ընտրությունը միանգամայն համընկնում է ե`ւ մեր գերագույն ազգային շահերի, ե`վ համաշխարհային մարդասիրական ար-եքների, եէվ պարզ մարդկային արդարության հետ: Մնում է կատարել այդ ընտրությունը: Ժամանակ այլեւս չկա: Այլընտրանք նույնպես:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել