Ես բացարձակապես չեմ հասկանում էն ջահել աղջիկներին, որոնք կտրուկ մերժում են այն ամենը, ինչ ուղղագծորեն չկա քրիստոնեական հավատի մեջ: Ու իրենք մերժում են քիչ չէ, դեռ պայքարում էլ են, որ ուրիշներն էլ իրենց նման մտածեն: Այդպիսի մի հստակ նմուշ է «Քո սխալը» հաղորդման 14.02.2014-ի թողարկման սիրունատես աղջիկը` մագիստրոս լրագրող Աստղիկ Ներսիսյանը: Նա դեմ է տերնդեզի ժամանակ կրակի վրայով թռչելու հայոց սովորությանը և դա (11:10 րոպեին) հիմնավորում է աստվածաշնչյան մի քաղվածքով, որի մեջ Աստված, ըստ նրա, «հստակ նշում է, որ` չլինի էնպիսի մեկը, որ իր տղային և աղջկան կրակի վրայով անցկացնի»:

Խոսքը Օրինաց ժը.10 հատվածի մասին է. Մի՛ գտանիցի ի քեզ` որ ածիցէ զուստր իւր կամ զդուստր իւր զբոցով (տես Զօհրապեան 1805.1, 378; Cox 1981, 150):

Գրաբար տեքստում ունենք ածեմ զբոցով (զ- նախդիրը գործիական հոլովի հետ, այսպես կոչված` պարառական հոլով), որ բառացի նշանակում է «բերել կրակի շուրջը» կամ նման մի բան: Հունարեն բնագիրն ունի περικαθαίρων … ἐν πυρὶ, այսինքն` «մաքրագործի կրակով` կրակի մեջ». Brenton 1851, 256-ում թարգմանված է «who purges with fire»: Ավելի դրամատիկ է Revised Standard Bible-ում. «who burns as an offering»:

Ինչպես տեսնում ենք, այստեղ կրակի ՎՐԱՅՈՎ անցկացնելու կամ թռցնելու և առհասարակ տերնդեզի կրակի մասին ոչ մի խոսք չկա: Կամ եթե նույնիսկ այդպես գրված էլ լիներ, ի՞նչ կապ ունի դա: Հայոց մշակույթն Աստվածաշնչից բացի ոչինչ չունի՞: Քրիստոնեությունը եկավ ու փոխարինեց մեր նախաքրիստոնեական ազգային ավանդները` շատերն ավերելով ու արմատախիլ անելով, բայց որոշ բաների հետ էլ համակեցություն հաստատելով: Ու այդ համակեցության արդյունքում հանդուրժվում են որոշ ազգային ավանդույթներ կամ դրանց որոշ մնացուկային դիմագծեր: Ընդ որում դրանցից մի քանիսը ժողովուրդը սիրով է պահպանել: Դրանցից է տերնդեզի կրակի վրայով թռչելը, որ վկայված է Հայաստանի ամենատարբեր կողմերում` Սասուն (Պետոյան 1965, 332-333), Ջավախք (Լալայեան 1897, 287; Լալայան 1, 1983, 279-280), Ղարաբաղ/Վարանդա ու Գանձակ (Լալայան 2, 1988, 197, 446) և այլն:

Հիմա դուք ուզում եք էս խեղճուկրակ մնացուկներն էլ ոչնչացնե՞լ: Ինչպիսի՜ նեղճակատ անհանդուրժողականություն, ինչպիսի՜ խավարամիտ ու մոլեռանդ վերաբերմունք ՍԵՓԱԿԱՆ ՀՆԱՄԵՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ... Ու ցավն այն է, որ այս աղջիկն ուզում է ուրիշներին էլ վերափոխել, ընդվզում է այդ տոնի ժամանակ ուրախացող իր ընկերների դեմ, քարոզում է տերնդեզի կրակը փոխարինել վերացական կրակով, որը պետք է «մեր սրտում պահենք» ու «Տիրոջը գնանք» (18:50, 28:15):

Հոգևորականը համեմատաբար ավելի հանդուրժողական էր այդ հեռուստահաղորդման մեջ: Բայց նա էլ, ըստ էության, պաշտպանեց կրակի վրայով չթռչելու քարոզ-հորդորը. դեռ կատակի էլ տվեց` առաջարկելով կրակի մեջ կարտոշկա գցել (25:50): Այսինքն` ամեն ինչ, միայն թե, ինչպես Աստղիկն ասաց, Աստվածաշնչի հետ «բախում չառաջանա» (28:45): Իսկ ազգագրագետ Գոհար Վարդումյանը շատ ճիշտ առարկեց. տոնի ժամանակ մարդիկ պետք է ուրախանան:

Իսկ 35:05-ին մի աղջիկ` հանդիսատեսներից, մի զարմանալի բան ասաց. մոտավորապես այսպես. «մենք թռչում ենք կրակի վրայով` ասելով, որ մենք չենք պաշտում կրակը, մենք ունենք մեր աստվածը»: Բացարձակապես չեմ հասկանում, թե ինչու այդ անհեթեթությունն ընդունվեց հիացմունքով, իսկ հոգևորականն ասաց. «Այ` ո՞նց չվստահես այս երիտասարդներին վաղվա օրը»: Էս ի՞նչ մոլուցք է ծիսական ավանդույթին անպայման քրիստոնեական իմաստ փաթաթելը: Քեզ ո՞վ է ասում Աստծու փոխարեն կրակին պաշտես: Աստծուն պաշտիր ինչքան ուզում ես, բայց կրակի վրայով թռիր` պարզապես որպես ազգային ավանդույթ կամ որպես տոնական ուրախություն, ու դրա մասին անիմաստ բստրումներ մի անի: Իսկ եթե չես ուզում, ապա մի թռի, ու մյուսներին էլ մի պղտորի քո անհեթեթություններով:

Բայց առավել սարսափելի է այն, որ Աստղիկը մեր հավատքի համար վնասակար է համարում նույնիսկ այնպիսի հնամենի, սիրուն ու անմեղ ծիսական ավանդույթ, ինչպիսին է վարդավառի ջուրը` միմյանց ջրելը (21:50): Նա, փաստորեն, մերժում է հայոց հնագույն հավատալիք-ավանդույթներից մեկը, որը, տխուր զուգադիպությամբ, առնչվում է հենց իր անվանակցին` հայոց նախաքրիստոնեական դիցարանի հնագույն` բնիկ հայկական աստվածուհի Աստղիկին: Ի լրումն այդ ամենի` նա դեմ է արտահայտվում նաև աղի բլիթին, աչքի ուլունքին և այլն:

Հորդորում եմ մեր հայ երիտասարդներին: Մի՛ լսեք այսպիսի անհեթեթություններ: Քրիստոնյա հավատացյալ ե՞ք` խնդիր չկա, ձեր գործն է: Բայց քրիստոնյա լինելը չի պարտադրում հրաժարվել մեր ազգային ավանդույթներից և տոնական ուրախություններից: Թռեք տերնդեզի կրակի վրայով, վարդավառի ժամանակ իրար ջրեք, Սուրբ Սարգսի տոնի ժամանակ աղի բլիթ կերեք, քեֆ արեք ու ուրախացեք տոներին: Դրանք բոլորն էլ ազգային ավանդույթներ են: Իսկ եթե չեք ուզում ուրախանալ ու պահել մեր ավանդույթները, ապա մի՛ պահեք, ձեր գործն է. բայց դե ուրիշների վրա էլ մի՛ սփռեք ձեր մռայլ ու անիմաստ գաղափարները: Ես կասեի` ձեր ապազգային գաղափարները: ԱՅՈ՛, վարդավառի ջրի ու տերնդեզի կրակի դեմ խոսելը հե՛նց նշանակում է դեմ գնալ մեր ԱԶԳԱՅԻՆ ավանդույթներին:

Հատկապես ջահելության հետ անհամատեղելի է կյանքի հանդեպ կղերական անուրախ վերաբերմունքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել