1in.am-ը գրում է.

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը փորձ է արվում ձգձգել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Սպարտակ Ղուկասյանի փաստաբան Հայկ Ալումյանը: 

Նա տեղեկացրեց, որ խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում նոր փորձաքննություն է նշանակվել` պարզելու համար, թե կա՞ն արդյոք ավտոմեքենաների նստարանների նստատեղերին մանրաթելեր: Այդ փորձաքննությունը փաստաբանի համար անհասկանալի է, քանի որ նրա խոսքով` ցանկացած ավտոմեքենայի նստատեղերին մանրաթելեր կան հենց առաջին օրվանից, երբ այդտեղ մեկը նստում է: 

«Հասկանալի է, որ մանրաթելեր կան, բայց անհասկանալի է, թե այդ մանրաթելերի առկայությունը կամ բացակայությունը քննվող քրգործի հետ ի՞նչ առնչություն ունի: Իրականում դա ոչ մի առնչություն չունի, որոշման մեջ էլ այդ առումով ինչ-որ պատճառաբանություն չկա, թե գործի համար նշանակություն ունեցող ո՞ր հանգամանքն են ուզում դրա միջոցով պարզել` հաստատել կամ հերքել։ 

Ելնելով դրանից` ես եզրակացնում եմ, որ միտում կա պարզապես ձգձգել գործի քննությունը, այսպես «կախված» վիճակում պահել գործը: Հենց այս բովանդակությամբ էլ առարկություններ եմ գրել, երբ ինձ ներկայացվեց փորձաքննություն նշանակելու մասին որոշումը` ծանոթացման համար»,- ասաց նա: 

Հետաքրքրվեցինք` գործի ձգձգումը ո՞ւմ` ո՞ր շրջանակների համար կարող է շահեկան լինել: Ալումյանը չցանկացավ նման գնահատականներ տալ` ասելով, որ այս հարցն արդեն ոչ իրավաբանական ոլորտին է վերաբերում, ուստի պատասխանելը ճիշտ չէր լինի: Նա, սակայն, նշեց, որ ինքն էլ է ցանկանում, որ այս գործը դատարանում հայտնվի, և բոլորը տեսնեն` ինչքան անհիմն մեղադրանք կարելի է ներկայացնել, տեսնեն` կարելի՞ է արդյոք այդ աստիճանի անհիմն մեղադրանք առաջադրել ու այսքան երկար ժամանակ հասարակությանը պահել այն համոզման մեջ, որ ինչ-որ բան է այստեղ տեղի ունեցել, որում մարդիկ մեղավոր են: 

«Բոլորդ կհամոզվեք, կրկնում եմ, շատ եմ ուզում, որ գործի վարույթը ոչ թե կարճվի նախաքննության ժամանակ (ինչն իրականում այդպես էլ պիտի լիներ), բայց կոնկրետ այս գործը ես շատ եմ ուզում, որ մտնի դատարան, ու բոլորդ էլ տեսնեք` իրականությունը որն է»,- ասաց նա: 

Փաստաբանը տեղեկացրեց, որ գործի քննությունը, հետագա ընթացքը օրենքով կախված է քննիչից, նրա գործողություններից, իսկ քննիչն էլ նշանակել է փորձաքննություն, որը գործի համար նշանակություն ունեցող ոչ մի տվյալ չի կարող հաստատել կամ հերքել: Այդ փորձաքննությունն, ըստ Ալումյանի, կարող է տևել մեկ-երկու ամիս, ինչպես սովորաբար մեզանում փորձաքննությունները տևում են, ու այդքանով հանդերձ, էլի երաշխիքներ չկան, որ դրանից հետո գոնե գործը տեղից կշարժվի, քանի որ դրանից հետո կարող են էլի փորձաքննություն նշանակել, ընդ որում` դարձյալ այս գործի հետ կապ չունեցող: 

Սպարտակ Ղուկասյանը ստորագրություն է տվել երկրից չհեռանալու մասին, սակայն նրան առաջադրված մեղադրանքի հոդվածով նախատեսված պատիժը տուգանքն է` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով կամ կալանքով` մինչև մեկ ամիս ժամկետով, եթե մեղավոր ճանաչվի: 

Հետաքրքրվեցինք` արդյոք փաստաբանը պատրաստվո՞ւմ է հետագայում հակընդդեմ հայց ներկայացնել` բարոյական վնասի փոխհատուցման պահանջով, ի պատասխան` փաստաբանը նշեց. «Ընթացքը ցույց կտա, թե մենք ինչ գործողություններ կկատարենք։ Առայժմ սպասողական մարտավարություն ենք ընտրել, ուզում ենք տեսնել` ե՞րբ, ի վերջո, վարույթ իրականացնող մարմինը ինքն իր սխալը պատրաստ կլինի խոստովանել և ըստ այդմ` ինչպե՞ս կփորձի իր սխալն ուղղել»:

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Դուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի դեմ քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով: Նրան մեղադրանք է առաջադրվել, ըստ որի՝ հունվարի 21-ին նա ընկերների հետ մեքենաներով մոտեցել է քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատանը, նրա հասցեին հայհոյանքներ, սպառնալիքներ հնչեցրել: Քաղաքապետը, սակայն, այդ ժամանակ տանը չի եղել: Մամուլի տեղեկություններով՝ Սպարտակ Ղուկասյանը սպառնացել է «խփել տալ» Բալասանյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել