Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հետ զրույցում Կրթության և գիտության նախարար, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով Բրյուսելում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ մասնակցել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին, անդրադառնալով հարցին, թե արդյոք եվրոպացիների համար ընկալելի է «և, և»-ի, ըստ որոշ գնահատականների, հնացած սկզբունքը, նշել է, որ վերջին իրադարձություններով պայմանավորված՝ այն նոր ակտուալություն է ձեռք բերում: Ինչ վերաբերում է քննադատությանը, թե ինչու են նրանք պետբյուջեի հաշվին թռնում Բրյուսել, Արմեն Աշոտյանն ասաց. «Վստահ եմ, որ Հայաստանում չեն լինի մարդիկ, որոնք կմտածեն, որ արտաքին քաղաքական վերջին զարգացումների, Ղարաբաղի, Եվրամիության հետ ավելի խորը հարաբերությունների հարցերը բացառապես Հայաստանի հանրապետական կուսակցության հետաքրքրությունների դաշտում են»:

-Պարոն Աշոտյան, մենք լսեցինք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը Բրյուսելում հայտարարել է, որ ՀՀ իշխանությունների համար, ինչպես և նախկինում, ընդունելի է «և, և»-ի սկզբունքը: Արդյո՞ք այդ թեզը հնացած չէ, և ինչպե՞ս այդ «մեսիջին» վերաբերեցին եվրոպացի գործընկերները, ըմբռնումո՞վ:

-ԵԺԿ համագումարին հրավիրված էր մասնակցելու նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը. հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության ղեկավարը նույնպես Հայաստանի հանրապետական կուսակցությունից է, այս անգամ գագաթնաժողովին մասնակցել է, Հայաստանը ներկայացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Մենք այս տարիների ընթացքում աչքի ենք ընկել բացառիկ ազնվությամբ և անկեղծությամբ մեր բոլոր միջազգային գործընկերների նկատմամբ, և սա է պատճառը, որ Հայաստանը միշտ պարզ ճակատով է նայում և շիտակ խոսակցություններ է վարում իր բոլոր գործընկերների հետ՝ Ռուսաստանի Դաշնության, Եվրամիության և ԱՄՆ-ի հետ՝ ելնելով նախևառաջ, իր ազգային-պետական շահերից: Մեր տեսակետները բխում են այն գերակայությունից, որ Հայաստանը պետք է լինի աշխարհի հզորների շահերի ու հետաքրքրությունների համադրման երկիր, վայր, և ոչ թե հակադրման: Եվ այս անգամ մենք, գագաթնաժողովին Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ, ընդգծեցինք Հայաստանի տեսակետը, որը անկախ նրանից, որ որոշակի տարբերություններ ունի այլ եվրոպական երկրների շատ տեսակետների հետ, ընկալվում է որպես ինքնիշխան և անկախ երկրի՝ սեփական շահերից բխող տեսակետ: Այն սկզբունքը, որը ևս մեկ անգամ բարձրաձայնեց Տիգրան Սարգսյանը Բրյուսելում, ոչ միայն հնացած չէ, այլ՝ ճիշտ հակառակը, վերջին իրադարձությունների ֆոնին նոր ակտուալություն է ձեռք բերում: Հիշում եք, որ Հայաստանը քանիցս հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագիրն այն մասով, որը ենթադրում է հասարակական-քաղաքական բարեփոխումներ։ Եվ այն հանգամանքը, որ Եվրոպական միությունը նմանատիպ առաջարկ արել է Ուկրաինայի նոր իշխանություններին, այն է՝ ստորագրել սկզբից Համաձայնագրի քաղաքական մասը, մինչև որ տնտեսական մասի նկատմամբ աշխատանքներ տարվեն, վկայում է, որ Եվրոպական քաղաքական շրջանակները կարող են դրսևորել և հարկ եղած դեպքում դրսևորում են ճկունություն: Եվ կարող ենք մենք նման տեսակի լուծումներ ակնկալել նաև Հայաստանի համար:

-Այսինքն՝ Ձեզ հասկացնել տվե՞լ են այդ մասին:

-Մենք գնացել ենք Եվրոպայի ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին, որտեղ թեպետ ներկայացված են ԵՄ անդամ երկրների 12 ղեկավարներ, այդուհանդերձ այդ գագաթնաժողովը իրավասու չէ նման տեսակի որոշումներ կայացնելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել