ԵՄ-Ռուսաստան աշխարհաքաղաքական պայքարը շարունակում է նույն ոգով և տրամաբանությամբ. պայքարը հանուն պոստսովետական երկրների դեռ առջևում է: ԵՄ հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզո հայտարարել է, որ ԵՄ-ը Մոլդովայի և Վրաստանի հետ Ասոցացման պայմանագիրը կկնքի ավելի շուտ, քան նախատեսված էր, իսկ ավելի կոնկերտ` մինչ հունիս: Հիշեցնեմ, որ սա առաջին անգամը չէ, որ ԵՄ-ը կրճատում է վերը նշված հանրապետությունների հետ տվյալ փաստաթղթի ստորագրման ժամանակացույցը: Սկզբնական շրջանում Վրաստանի և Մոլդովայի հետ նախատեսվում էր «ասոցացվել» 2014թ.-ի վերջին, հետո, ուկրաինական ճգնաժամով պայմանավորված, որոշում կայացվեց ստորագրել այդ փաստաթուղթը մինչ օգոստոս, իսկ հիմա ԵՄ-ը «ոտուձեռ» ընկած ավելի է արագացնում գործընթացը:
Մի՞թե Արևմուտքում՝ այս դեպքում ԵՄ-ում, դեռ չհասկացան, որ պոստսովետական երկրներին ընտրության առջև դնելով, սադրում են Ռուսաստանին ևս ընտրության առջև կանգնեցնել այդ երկրներին: Մի կողմից Արևմուտքը կոչ է անում Ռուսաստանին երկընտրանքի առջև չկանգնեցնել այդ երկրներին, մյուս կողմից գործում է ճիշտ հակառակ տրամաբանությամբ:
Ես կարծում եմ, որ թե՛ Վրաստանում, թե՛ Մոլդովայում շատ լավ տեսնում են, թե ինչ է այժմ կատարվում Ուկրաինայում և գիտակցում են, որ Ռուսաստանի շահերն ամբողջությամբ անտեսելը կարող է հանգեցնել չափազանց վատ հետևանքների: Ես բազմիցս ասել եմ և այժմ էլ կրկնում եմ, որ Վրաստանը, ազատվելով Աբխազիայից և Հարավային Օսիայից, չի ազատվել այն տարածաշրջանից, որտեղ որ գտնվում է: Այլ կերպ ասած, եթե Վրաստանը հույս ունի Արևմուտքի հետ սկզբնական շրջանում ինտեգրվել տնտեսապես, իսկ հետո էլ անդամակցել Եվրատլանտյան դաշինքին, ապա լավ կլինի ձերբազատվել այդ մտքից և ինչքան հնարավոր է դա անել շուտ:
Ասեմ այսպես: Եթե Վրաստանն ու Մոլդովան չափազանց շատ են ուզում ստորագրել Ասոցացման պայմանագիր ԵՄ-ի հետ, ապա լավ կլինի, որ մինչ դա անելը օրենքով ամրագրեն իրենց չեզոք լինելը: Ասեմ ավելին, շատ ավելի ազդեցիկ և ծանրակշիռ կլիներ այդ որոշումը, եթե այդ երկու երկրները պաշտոնապես դիմեին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ` խնդրելով ընդունել բանաձև, որը կպարտադրի այդ երկրներին մշտապես լինել չեզոք և չանդամակցել ոչ մի ռազմաքաղաքական դաշինքի: Այլ կերպ ասած՝ այս երկու երկրները կարող են անել այն, ինչը չարեց Ուկրաինան, և առ այսօր հրաժարվում է անել:
Այդ ժամանակ շատ բան կպարզաբանվի. կցանկանա՞, արդյոք, այդ դեպքում ԵՄ-ը ստորագրել այդ փաստաթուղթը այդ երկրների հետ, թե` ոչ, և արդյո՞ք Ռուսաստանին կբավարարի այդ որոշումը, թե` ոչ: Անձամբ ինձ թվում է, որ եթե Վրաստանն ու Մոլդովան իրոք մտադրություն ունեն ավելի սերտացնել իրենց հարաբերությունները Արևմուտքի հետ պետք է հաշվի նստեն նաև Ռուսաստանի հետ, քանի որ ուզեն, թե ոչ, բայց գտնվում են ավանդապես Ռուսաստանի ազդեցության գոտում: Իսկ այդ երկրներից և ոչ մեկը այն ուժը չէ, որը կարող է թույլ տալ իրեն մարտահրավեր նետել Ռուսաստանի պես, առնվազն, տարածաշրջանային տերությանը:
Սպասենք առաջիկա գործընթացներին: