1in.am-ը գրում է.
Ղրիմի տարածքում գրիվենի շրջանառությունը կթույլատրվի մինչև 2016-ի հունվարի 1-ը, իսկ Ռուսաստանի հարկային օրենսդրությունը թերակղզում կկիրառվի 2015-ի հունվարի 1-ից:
Այս մասին ասվում է Ռուսաստանի կազմում Ղրիմի ընդունման մասին դաշնային սահմանադրական օրենքում, որն ընդունվել է Պետդումայի կողմից հինգշաբթի՝ փոխանցում է «Ուկրաինսկայա պրավդան»:
Համաձայն փաստաթղթի՝ Ռուսաստանի Դաշնության կազմում ձևավորվում են երկու սուբյեկտներ՝ Ղրիմի Հանրապետությունն ու դաշնային նշանակության Սևաստոպոլ քաղաքը:
Ղրիմի և Սևաստոպոլի պետական մարմինների ընտրությունները կանցկացվեն 2015 թվականի սեպտեմբերի երկրորդ կիրակին:
Ռուսական անձնագրերը կտրամադրվեն երեք ամսվա ընթացքում: Ղրիմի պետական լեզուներն են ռուսերենը, ուկրաիներենն ու ղրիմա-թաթարերենը:
Օրինագծում նաև ասվում է, որ Ռուսաստանը Ղրիմին և Սևաստոպոլին ֆինանսական աջակցություն կցուցաբերի՝ համապատասխան ռուսական օրենսդրության:



