Այսօր Ֆորմուլա 1-ի 3-ակի չեմպիոն Այրտոն Սեննան դարձավ 54 տարեկան: Չեմ գրում. «Այսօր կդառնար 54 տարեկան», որովհետեւ ինձ համար նա չի մահացել եւ երբեք էլ չի մահանա: Նստած լսում եմ Տինա Տյորների «Simply the best» երգը եւ գրում եմ այս տողերը: Դա Այրտոնի ամենասիրելի երգն էր, որի կրկներգի բառերը բնորոշում են իմ հիշողությունները հրաշագործի մասին: Ահա դրանք՝

 Դու ուղղակի լավագույնն ես, լավագույնը լավագույններից

Լավագույնը նրանցից, ում ես հանդիպել եմ

Ես կապվել եմ քեզ հետ եւ լսում եմ քո յուրաքանչյուր խոսքը

Եթե մեզ բաժանեն՝ ես կնախընտրեմ մահանալ:

Ինձ համար Այրտոն Սեննան ոչ միայն աշխարհի լավագույն մարզիկն է, այլ նաեւ երկիր մոլորակում ծնված լավագույն մահկանացուն, ով ինձ դարձրել է այնպիսին, ինչպիսին կամ: Մինչեւ հիմա ես գրեթե ամեն գիշեր լսում եմ նրա խոսքերը, որոնցից իմ կողմից ամենասիրվածները հետեւյալն են. «Գալիս է այն պահը, երբ դու հասկանում ես, որ հասել ես քո հնարավորությունների գագաթնակետին: Դիպչելով դրան՝ դու հանկարծակի հասկանում ես, որ քեզ հետ ինչ-որ բան կատարվեց եւ դու կարող ես մի փոքր էլ հեռու գնալ, շնորհիվ քո մտքի, համառության, հոտառության եւ, իհարկե, փորձի: Այդ պահին դու կարող ես չափազանց բարձր թռչել»: Այս, ինչպես նաեւ նրա բազմաթիվ այլ խոսքերը միշտ առաջնորդել եւ առաջնորդելու են ինձ իմ կյանքի ընթացքում: Նրանք անգամ կիթառիս վրա են գրված:

Եվ ի վերջո: Եթե օրերից մի օր զգամ, որ մոռացել եմ նրան, ապա այլեւս կդադարեմ հարգել ինքս ինձ: Այրտոնի մասին իմ առաջին հիշողություններից մեկը 1994 թվականի Ավստրալիայի Գրան Պրին է: Դա իմ դիտած 2-րդ մրցարշավն էր: Սան Մարինոյի Գրան Պրիից հետո, այդպես էլ չկարողացա իմանալ Սեննան ողջ է, թե՝ ոչ: Եվ երբ առաջնության եզրափակիչ՝ Ավստրալիայի Գրան Պրիում տեսա, որ առաջինը ֆինիշին մոտենում է 2-րդ համարի Ուիլյամսը, ուրախությունից սկսեցի թռչկոտել, մտածելով որ Սեննան ողջ է: Սակայն, ֆինիշից հետո տեսնելով բեխավոր մարդու(դա Նայջել Մենսելն էր), հասկացա, որ դա Այրտոնը չէ, իսկ մի քանի վայրկյան անց մեկնաբանը նշեց, որ Մենսելը հաղթեց ՄԱՀԱՑԱԾ Այրտոն Սեննայի մեքենայով: Հենց այդ օրը, 8 տարեկանում, իմացա, որ նա մահացել է: Եթե շարունակեմ հիշել նրա մասին, ապա տեքստս կարող է անվերջ ստացվել, դրա համար այսքանով կսահմանափակվեմ: Ի վերջո այսօր ուրախ առիթ է: Համոզված եմ, որ նա չի ցանկանա, որպեսզի իր ծննդյան օրը իրեն տխրելով հիշեն: Մայիսի 1-ին կլռանա նրա մահվան 20-րդ տարելիցը, ինչի կապակցությամբ այսօրվանից սկսած կաշխատեմ փոքրիկ ֆիլմի վրա, որում կփորձեմ արտահայտել իմ եւ համոզված եմ նաեւ Անձրեւի Մարդու բազմամիլիոնանոց երկրպագուների հիշողությունները նրա մասին:

Ծնունդդ շնորհավոր, Հրաշագործ: Շնորհակալ եմ բոլոր այն անմոռանալի պահերի համար, որ դու պարգեւել ես մեզ, քո երկնային կյանքի ընթացքում: Արդեն 20 տարի է, ինչ Ֆորմուլա 1-ը, համաշխարհային սպորտը եւ ուղղակի մարդկությունը զգում է քո պակասը: Մենք քեզ չենք մոռանում եւ միշտ հիշելու ենք: Դու միշտ ինձ հետ ես: Այրտոն Սեննա Դա Սիլվա – Simply The Best!!!

 P.S.

Թեեւ այսօր քո ծնունդն է, բայց խնդրում եմ քեզ նվեր մատուցել մեզ եւ օգնել Միխայել Շումախեռին հետ գալ: Դեռ վաղ է նրան հանդիպել... :(

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել