
Hetq.am-ը գրում է.
Մանուկ Սահակյան, «Նուբարաշեն» ՔԿՀ, ցմահ բանտարկյալ
Առաջին անգամ, երբ ցմահ դատապարտված հայտնվեցի «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 5-րդ հարկում` ցմահներին մահապատժի ենթարկելու յուրատեսակ վայրում, աշխատակիցներից մեկն ասաց.
- Մի´ մտածիր, ցմահների վերաբերյալ օրենսդրական նախագծի քննարկումներ են գնում, շուտով բարեփոխումներ կլինեն:
Իմ կողմից դա ընդունվեց որպես ինձ մխիթարելու բարի ցանկություն, նաև որոշակի սպասում առաջացրեց: Անցել է արդեն 5 տարի և այս տարիների ընթացքում անընդհատ լսում եմ նույն արտահայտությունը, ժամանակ առ ժամանակ տարբեր մակարդակներով խոսվում է բարեփոխումների մասին, բայց ոչ մի գործնական քայլ կամ հստակ որոշում չի ընդունվել: Այս ամենը, կարծես, մի զավեշտալի ծրագիր լինի մշակված իշխանությունների կողմից հատուկ ցմահ ազատազրկվածների պատժի իրականացման համար: Այսինքն՝ միջազգային նորմերի խախտմամբ մարդկանց տարիներով պահել սենյակում, սահմանափակ շփման պայմաններում, առանց ռեժիմային փոփոխության, առանց պայմանական վաղաժամկետ ազատման գործնականում չկիրառման, մատնել անգործության և աստիճանաբար հասցնել դեգրատացման և կյանքի կոչել «մի՛ մտածիր» քաղաքականությունը: Մի´ մտածիր դատական սխալների հետևանքով անմեղ մարդկանց դատապարտման մասին, չափազանցված դատավճիռների, պայմանական վաղաժամկետ ազատման, միջազգային փորձի, միջազգային նորմերի և դրանց խախտման, ինչպես նաև ՀՀ օրենքների խախտման մասին:
Իսկ պետական այրերը կխոսեն դրանց մասին` արթնացնելով ցմահականների հույսերն ու հույզերը, որով կլռեցնեն նրանց` մատուցելով սպասում կերակրատեսակը և որոշ ժամանակ անց նորից մոռացության կմատնեն մինչև հաջորդ ահազանգը:
Հարգելի աթոռակիրներ, խնդիրների հետաձգումով դրանք չեք վերացնի և չեք լուծի: Ֆիզիկական ազատությունից զրկելը շատ դեպքերում հակառակ էֆեկտով զարկ է տալիս մտքի զարգացմանն ու ազատությանը: Օրեր առաջ հեռուստացույցով մի ծավալուն հաղորդում էր պատրաստվել նվիրված ՀՀ իրականացվող դատաիրավական համակարգի բարեփոխումների, քրեադատավարական օրենսգրքի փոփոխության, պրոբացիոն ինստիտուտի ներդրման մասին, որտեղ տարբեր կարծիքներ և մենաբանություններ հնչեցին դրանց մասին: Հաղորդումից հետո մեր խցում նույնպես հնչեցին կարծիքներ, որոնցից մեկը կցանկանամ ներկայացնել Ձեզ.
Ժուլվերն ու հրամանատարը (նրանց մասին խոսել եմ նախորդ հոդվածներում`«Հույսով սպասող աչքեր» և «Հրամանատարը ` ցմահականների խցում» պրոբացիոն ծառայության մասին դրական արտահայտություններով ասում էին, թե ինչու, օրինակ, մեզ`ցմահներիս, պատիժը կրելուց որոշակի ժամանակահատված հետո, ընտանիքի հետ միասին չվերաբնակեցնել սահմանային գոտիներում, գաղութատիպ սահմանափակ տարածքում որոշակի հսկողության ներքո: Այսպիսով, այդ դեպքում նախ կլուծվի զբաղվածության խնդիրը, պատժի հետագա կրելն ավելի մեղմով փոխարինելու խնդիրը և լինելով ընտանիքի հետ Ադրբեջանի հնարավոր ռազմական հարձակման դեպքում կլինենք առաջին գծում պաշտպանելով ՀՀ-ը և մեր ընտանիքը: Առաջին հայացքից գուցե իրականությունից հեռու է թվում, բայց ժամանակի ընթացքում անիրականը դառնում է իրական:
Եթե հաշվի առնենք, որ ՀՀ-ը զուրկ է բնական հարուստ ռեսուրսներից, և մեր ռեսուրսը մարդիկ են (նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերն են), ապա ցմահներին «սառեցնելն» առնվազն սխալ է: Ինչպես նշեցի տարբեր պաշտոնյաների, փաստաբանների կողմից հնչեցին տարբեր մեկնաբանություններ, դրանցում ասվում էր, որ կարիք կար բարձրացնելու դատաիրավական համակարգի արդյունավետության մակարդակը նաև խոսվեց, որ այլևս ծեծով և խոշտանգումներով ցուցմունքներ չեն կորզվելու և այլն: Այսինքն՝ նրանք չեն հերքում, որ շատ դատավճիռներ կայացվել են խոշտանգումներով կորզված կեղծ ցուցմունքներով. ուրեմն ինչու՞ չվերանայել նախկինում թույլ տված սխալները, որոնց հետևանքով կան ակնհայտ անմեղ մարդիկ, ովքեր դատապարտվել են ցմահ ազատազրկման և կան ցմահ ազատազրկման դատապարտվածներ, որոնք ստացել են չափազանցված պատիժ:
Հարգելի պետական այրեր, բոլոր խնդիրները հնարավոր կլինի լուծել, երբ բարեփոխումներ լինեն մտածելակերպի մեջ, եթե ուժեղ գտնվեք և վերանայեք պատժի առավելագույն չափի դատապարտվածների քրեական գործերը և կայացված դատավճիռները:
Եվ խնդրում եմ՝ պետք չէ հետաձգել անհետաձգելին, լռեցնել անլռելին, հերքել անհերքելին և հուսադրել` ասելով մի՛ մտածեք: