Panorama.am-ը գրում է.
Երևանի ավագանու հերթական նիստի ավարտին ավագանու անդամները հարցեր են ուղղել Երևանի քաղաքապետին և քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներին: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը հետաքրքրվել է, թե քաղաքապետարանի համապատասխան կառույցներն ի՞նչ քայլեր են ձեռնարկել Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների այգու տարածքում ամիսներ առաջ գրանցված ծառահատման մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ և արդյո՞ք այդ տարածքում շինարարություն չի նախաձեռնվի:
Պատասխանելով ավագանու անդամի հարցին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանըտեղեկացրել է, որ ծառերի ապօրինի հատման դեպքով հարուցվել է քրեական գործ և պատկան մարմիններն աշխատում են օրինախախտին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Քաղաքապետը նաև հավելել է, որ այգու տվյալ 1000 քմ ընդհանուր մակերեսով տարածքը մասնավոր սեփականություն է, սակայն սեփականատերը վստահեցրել է, որ ծառերի հատման հետ որևէ առնչություն չունի և նպատակ էլ չունի այդ տարածքում որևէ շինարարական աշխատանքներ նախաձեռնել. «Մեր քաղաքականությունն այս հարցում հստակ է. կանաչ տարածքները պետք է ընդլայնենք ու հանձնենք մեր բնակիչների տնօրինմանը: Մենք սեփականատիրոջ հետ նաև բանակցել ենք, որպեսզի տվյալ տարածքը վերադարձնենք համայնքին ու այժմ մեր համապատասխան կառույցների մասնագետները սեփականատիրոջ հետ քննարկում են նշված տարածքը մեկ այլ, համարժեք տարածքով փոխարինելու տարբերակները», - ընդգծել է քաղաքապետը:
«Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի Կորյունի 11 հասցեում գտնվող տաղավարների ապամոնտաժմանը վերաբերող հարցին ի պատասխան քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ նշել է, որ նմանատիպ կառույցների ապամոնտաժման ծրագիրն իրականցվում է դեռ 2011 թվականից և նշված տաղավարները բացառություն չէին կարող լինել: Ընդ որում, տվյալ տաղավարների տարածքների վարձակալման ժամկետներն ավարտված են եղել դեռևս 2010 թվականին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



