Tert.am-ը գրում է.
ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չի կարծում, որ ոչ իշխանական 4 ուժերի նախաձեռնությունը՝ Կառավարության հրաժարական պահանջելը, լուրջ գործընթացների սկիզբ է։ Tert.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավորն ընդգծեց, թե ընդդիմադիրները 10 տարի է՝ նույն բանն են ասում։ Գալուստ Սահակյանը, ով 4 ուժերին «հրաշալի յոթնյակ» անունն է տալիս, քանի որ, ըստ նրա, դեռ կարող են դրան էլ հասնել, կարծում է, թե մեղրի կարաս են տեսել, ուզում են մոտիկ գալ։ Բայց միաժամանակ չի էլ կարծում, թե կռիվը պաշտոնի համար է։ «Պաշտոն էլ չեն ուզում, ասում են՝ դուք գնացեք, ու մենք ձեր փոխարեն գանք։ Ասում են՝ առնվազն պետք է լինենք երկրի նախագահ և վարչապետ, և ամեն ինչը մենք տնօրինենք»,-նշեց նա։
-Պարոն Սահակյան, Կառավարությանն անվստահություն հայտնելու օրն այլևս հայտնի է։ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր հայտարարեց, որ Կառավարությանն անվստահություն հայտնելով՝ կսկսվեն լուրջ գործընթացներ. դուք նման զարգացումներ կանխատեսո՞ւմ եք։
-Ի՞նչ գործընթացներ պետք է սկսեն, էս 10 տարի է՝ նույն բանն են ասում։ Ընդդիմություն է, փորձում է ակցիաների միջոցով որոշակի ակտիվություն ձեռք բերել և ակտիվացնել հասարակությանը։ Դա ինչ լուրջ գործընթաց է։
-Դուք 4 ուժերի միասնական հանդես գալն աննախադեպ չե՞ք համարում։
-Ժողովրդավարական մոդելը հենց այդպիսին է. պետք է լինեն ոչ իշխանական ուժեր և իշխանական ուժեր, որոնք անընդհատ պայքարի մեջ պետք է լինեն։
-ՀՀԿ-ն ռեսուրս ունի՞ դիմակայելու այդ 4 ուժերին՝ չհաշված նաև քաղաքացիական հասարակությանը, որոնց ներգրավելու փորձեր են արվում։
-Այդ 4 ուժերին իրար գումարեք, խորհրդարանում 3 անգամ ՀՀԿ-ն ավելի է։ Այնպես որ ի՞նչ դիմակայելու խնդիր կա, պատերա՞զմ են հայտարարել, որ պետք է դիմակայենք։ Խնդիր են առաջացնում, երկրում տեղի ունեցած թերությունները փորձում են այդ գործընթացներով ավելի կոշտացնել և հասարակությանը մատուցել. այստեղ որևէ տրամաբանորեն վճռական կամ չգիտեմ ինչ պահերի խնդիր մենք չենք տեսնում։
-Պարոն Սահակյան, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն ասում է, որ ՀՀԿ-ից արդեն նկատելի է իր համար, որ բեկորներ են պոկվում, դուք նման բան տեսնո՞ւմ եք։
-Դա այն շարասյունն է նախկին իշխանությունների, որոնցից շատերը պոկվեցին, իսկ ՀՀԿ-ց պոկվելու ժամանակը դեռ չկա և կարծում եմ՝ չի էլ գալու։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



