Հայաստանյաց Առաքելական Ս.Եկեղեցու Ռումինիայի Հայոց Թեմը կազմավորվել է 1931թ.: Առաջնորդանիստը Բուխարեստի Ս. Հրեշտակապետաց Մայր Տաճարն է:
Ռումինիայի հայերը դեռեւս 14-դ.-ում՝ հատկապես Բոտոշան քաղաքում եւ այլ վայրերում, կառուցել են քարաշեն եկեղեցիներ եւ ունեցել են իրենց հոգեւոր թեմը, որը 1365թ.-ից ենթարկվել է Լվովի հայոց եպիսկոպոսությանը: 16-րդ դարում Ռումինիայում հայերի թիվն այնքան է ստվարացել, որ Մոլդովայի իշխան Ալեքսանդր Բարեպաշտը 1401թ. հուլիսի 30-ին հրովարտակով մայրաքաղաք Սուչավայում արտոնել է հայերին հիմնել հայոց եպիսկոպոսական թեմ Հովհաննես եպիսկոպոսի առաջնորդությամբ (1401-1415): Հետագայում, երբ Մոլդովայի մայրաքաղաքը տեղափոխվել է Յասսի, 1565թ. այստեղ է հաստատվել նաեւ թեմի կենտրոնը: 18-րդ դ. Վերից մինչեւ 20-րդ դ. Սկիզբը Մոլդովայի Հայոց Թեմի առաջնորդի պաշտոնը վարել է Կ.Պոլսի հայոց պատրիարքությունից ուղարկված հոգեւորականները: 1922թ. Ռումինիայի հայերի թեմական պատգամավորական ժողովն ընդունել է համայնքի կանոնադրությունը եւ ընտրում է թեմական գործադիր մարմինը: 1931թ. Հուլիսի 31-ին հիմնվում է Ռումինիայի Հայոց Թեմը: 1921-1942թթ. Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդն է եղել Տ.Հուսիկ արք. Զոհրապյանը: 1943-1955թթ Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդն էր Վազգեն եպս. Պալճյանը (Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս): 1960-2010թթ. Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդն է եղել Տ.Տիրայր արք. Մարտիկյանը: 2010թ. թեմի առաջնորդն է Տ.Տաթեւ եպս. Հակոբյանը: 
Ռումինայի Հայոց Թեմում մինչեւ այսօր պահպանվել են Բուխարեստի Ս.Հրեշտակապտեց Մայր Տաճարը (1911-1915թթ.) կառուցվել է 1638թ, եղել է փայտաշեն, որի պատճառով էլ հրո ճարակ է դարձել: 1781թ. Եկեղեցին վերակառուցվել է, այս անգամ արդեն քարաշեն: Բայց տեղի հայությունը գնալով ավելացել է եւ կարիք է զգացվել ավելի մեծ եկեղեցի կառուցելու: Եվ ահա 1911-1915թթ. Նույն տեղում կառուցվել է ավելի մեծ եկեղեցի, այն տեսքով, որ ունենք մինչեւ օրս: 2001-2004թթ. Եկեղեցում կատարվել են հիմքերի եւ պատերի ամրացման աշխատանքներ, վերականգնվել են ներքին որմնանկարները: Բացի այս հրաշակերտ եկեղեցուց, Բուխարեստ քաղաքում հայկական գերեզմանատանը կանգուն է Ս.Գրիգոր Լուսավորիչ մատուռը (1920թ.), ինչպես նաեւ գերեզմանատանն են պահվում պատմափաստագրական արժեք ներկայացնող տապանաքարեր:
Հաջորդ եկեղեցին Բոտոշան քաղաքի Ս.Աստվածածին եկեղեցին է, որը կառուցվել է 1350թ., վերանորոգվել է 1826թ. եւ հետաքրքրություն է ներկայացնում ճակատամասի արձանագրությունները: Բոտոշան քաղաքի մյուս եկեղեցին Ս.Երրորդություն եկեղեցին է, որը կառուցվել է 1560թ. կառուցված Ս.Օգսենտ եկեղեցու տեղում: Բոտոշանի հայությունը նաեւ մատուռ ունի հայոց գերեզմանոցում՝ Ս.Ավետում անունով, որը կառուցվել է 1884թ.:
 

Հաջորդ հայության հոգեւոր կենտրոնը Սուչավան է: 1521թ այստեղ կառուցվել է Ս.Խաչ եկեղեցին, որի գերեզմանատանը պահպանվել է 1428թ. տապանաքար, իսկ 1619թ. կառուցվել է եկեղեցու զանգակատունը եւ Ս.Հովհաննես Մկրտիչ մատուռը: Սուչավայի մյուս եկեղեցին Ս.Սիմեոնն է, առավել հայտնի է կարմիր աշտարակ անունով, քանի որ աշտարակը ամբողջությամբ կարմիր գույնով էր ներկված: Կառուցվել է 1513թ. եւ ընդարձակվել է 1606թ.: Սուչավան ունի երկու վանք: Առաջինը Ս.Աստվածածին կամ Հաճկատար եկեղեցին է: Կառուցվել է 1512թ. զանգը բերվել է Տաթեւի վանքից, որի վրա փորագրված է 1244թ.-ի արձանագրություն: Երկրորդ վանքը Զամկան է, որը նշանակում է ամրոց կամ բերդ: Քարե պարսպով շրջապատված վանքը իր մեջ պարունակում է Ս,Օգսենտ եկեղեցին, արեւելյան կողմում աշտարակ զանգակատուն, որի արեւելյան մուտքի կամարի վրա գրված է կառուցման թվականը՝ 1606թ.: Վերնատան մեջ է գտնվում Ս.Մարիամ մատուռը, որը հարուստ է հայկական ոճի զարդարանքներով: Զամկայի վանքը, որպես պատմական հուշարձան, նորոգվել է ռումինական պետության կողմից 1948թ., իսկ ավելի հիմնովի 1956-1957թթ.:


Ռումինիայի Հայոց Թեմում կանգուն են նաեւ Ռոմանի Ս.Աստվածածին եկեղեցին 1609թ, որը վերակառուցվել է 1864թ. Գալացի Ս.Աստվածածինը, 1669թ., որը նույնպես վերակառուցվել է 1858թ.: Տուլչայի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին 1882թ., Պիտեշտի Ս.Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 1852թ. Ֆոկշանի Ս.Գեւորգ եկեղեցին կառուցված 17-րդ դ., երկորդը՝ Ս.Աստվածածինն է 1780թ.: Կոստանցա քաղաքի Ս.Աստվածածին եկեղեցին 1882թ., Բաքըուի Ս.Հրեշտակապետաց եկեղեցին 1849թ. Թըրկ Օկնայի Ս.Աստվածածին կառուցված 1870թ. Յաշի եկեղեցին 1395թ. Իսկ երկրորդ եկեղեցին կառուցվել է 1616թ. Իսկ Պըլցի Ս.Աստվածածին հայոց եկեղեցին կառուցվել է 1910թ: Բացի նշված գերեզմանատներից Ռումինիայի Հայոց Թեմում պահպանվել են Բրըիլայի Ս.Աստվածածին մատուռը իր գերեզմանոցով 1837թ:

Սիրով՝ Տ.Հեթում քահանա Թարվերդյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել