1in.am-ը գրում է.

Թուրքիան կխուսափի այն բախտից, որին արժանացավ Ուկրաինան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ, պատմաբան Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին: 

Հարցին, թե որո՞նք են լինելու ՌԴ գործողությունները հարավարևելյան Ուկրաինայում, պատասխանեց. եթե դատելու լինենք ռուսական կողմի հայտարարություններից, որոնք սովորաբար համապատասխանում են իրականությանը,ապա ՌԴ-ն շահագրգռված չէ Ղրիմից հետո հարավարևելյան Ուկրաինայում միջամտությամբ: Ըստ նրա՝ այս հարցում շատ կարևոր է Կիևի ժամանակավոր իշխանությունների դիրքորոշումը և այն, թե ժամանակավոր ղեկավարությունը որքանով կկարողանա կարգավորել այն խնդիրներն ու հակամարտությունները, որոնք գոյություն ունեն արևելյան և հարավարևելյան Ուկրաինայում, քանի որ այդ շրջաններում հազարավոր մարդիկ բողոքում են:

«Ուկրաինայի ղեկավարությունը սխալ թույլ տվեց հենց սկզբից, երբ չկարողացավ իր քաղաքականությունն այնպես կառուցել, որ այդ տարածաշրջանների բնակչությունն իրեն չզգա օտարված և վտանգված: Հույս ունեմ, որ հնարավոր կլինի գտնել տարբերակներ, որ այն խնդիրները, որոնք գոյություն ունեն, հանգուցալուծվեն խաղաղ ճանապարհով»,- նշեց բանախոսը:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե տարածաշրջանային լարվածության և ռուս-թուրքական լարվածության հաջորդ հանգրվանը Թուրքիան է լինելու, թուրքագետն ասաց, որ չպետք է մոռանալ, որ Թուրքիան գտնվում է հանրապետական շրջանի ամենակարևոր շրջադարձային փուլում, երբ կառավարող կուսակցությունից դժգոհություն կա, անկառավարելի ղեկավարից մեծ դժգոհություն կա, բայց չպետք է մոռանալ նաև, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և այդ երկրում բոլոր գործընթացները ՆԱՏՕ-ի անմիջական հսկողության տակ են ԱՄՆ-ի կողմից, երկրորդ` «Արդարություն և զարգացում» կուսակցությունն իր ճկունության շնորհիվ կարողանում է դիմակայել հարվածներին:

« Մարտի 30-ին Թուրքիայում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ, և հարցումների արդյունքների համաձայն՝ իշխող կուսակցությունը կարծես թե հասնում է հաղթանակի երեք խոշորագույն քաղաքներում՝ Իզմիրում, Ստամբուլում, Անկարայում: Որոշ դեպքերում այդ ցուցանիշները շատ ավելի բարձր են, քան նախորդ ընտրություններում: Սրանք են թուրքական իրողությունները: Կարծում եմ, որ Թուրքիան կխուսափի այն բախտից, որին արժանացավ Ուկրաինան»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել