Բարեկամներս, ինչպես արդեն որերորդ անգամ հասկացանք, «Կյանքի խոսք» լավ փիառված կրոնական կառույցն ու նրա անդամները, հաճախ վտանգի պահին անմիջապես սկսում են «հրաժարվել» իրենց երբեմնի «հավատակիցներից». ինչպես ասում են, իջնում են ջրի հատակը, մինչև անցնի վտանգը՝
1. Այսպես, երբ Անժելա Սարգսյանի անունը հայտնվեց սկանդալի կենտրոնում, նրանք շտապեցին հերքել իրենց փոխադարձ առնչակցությունը` չնայած դա ապացուցող մի շարք տեսանյութեր պտտվում էին համացանցում.
2. Երբ այս կամ այն աստղիկների ու այդ կառույցի բարեկամության մասին սկսեցին խոսել, աստղիկներից շատերը իրենց անունը փրկելու համար իրար հետևից սկսեցին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում երեխաներ կնքել ու նկարների շոու անել լրատվության մեջ.
3. Իսկ ամենահետաքրքիրը դեռ առջևում էր` «Կյանքի խոսք» միջազգային կառույցի հիմնադիր Ուլֆ Էկմանը, ով օր ծերության դարձի էր եկել դեպի կաթոլիկ եկեղեցի` հասկանալով, որ իր հիմնադրած կառույցը մասնատում քրիստոնյաներին, երբ հանդես եկավ իր հեռացումի մասին հայտարարությամբ, նրա իսկ հիմնադրած կառույցի հայաստանյան ղեկավար Արթուր Սիմոնյանը, բացահայտորեն ձեռքերը լվաց իրենց երբեմնի հիմնադրից ու առաջնորդից, ասելով. «Ես հարգում եմ Ուլֆ Էկմանի որոշումը, բայց չեմ կիսում»: Մի հարցնող լինի Սիմոնյանին` երբ Էքմանը «Կյանքի խոսք» կրոնական կառույցն էր հիմնում, ինչո՞ւ այդ որոշումը չհամարեցիր անձնական, ու շտապեցիր մաս կազմել, իսկ հիմա Էքմանի` իր հիմնադրած կառույցի սխալականության մեջ համոզումը համարում ես անձնական, ինչո՞ւ Էկմանի ստեղծած կրոնական ուղղությունը կիսո՞ւմ էիր, նոր որոշումը չես կիսում: Ի դեպ, ուզում եմ հավելել, որ նույն Էկմանի գիրքը հայաստանյան «ԿԽ» կառույցի «հովիվները» մեծ սիրով նվիրում էին ամեն նոր «անդամի»`որպես իրենց «եկեղեցու» ուղեցույց:
Սակայն Արթուր Սիմոնյանը չի բավարարվում միայն նման ձևակերպումով, որպեսզի իր «հոտին» պահի ու նման խայտառակության տակից դուրս գա` իրենց գաղափարական առաջնորդի ու հիմնադրի հեռացմանը սկսում է կարևորություն չտալ` այն կապելով նրա` թոշակի անցնելուց հետո (կից նյութն` այստեղ), իսկ շարքային մի քանի անդամներ օրեր առաջ ինձ անգամ համոզում էին այն, ինչ իրենց հավանաբար համոզել էին իրենց վերևներում. «ի՞նչ կա որ, հնարավոր է մարդը խելքը գցել է ու հեռացել»:
Ահա պիղատոսության լավագույն օրինակները` նրանք ձեռքերը լվանում են: Ժամանակակից մի օրինակով` «Մաֆիա» խաղն է` թույլին «զոհաբերում են» վերջնական պյուհռոսյան հաղթանակի համար:
Իսկ այ իրենց սխալականությունը ճշտի տեղ անցկացնելու մեջ փութաջան են, վտանգի ժամին անցնում են գործի ողջ թիմով, անգամ հավատում իրենց հարևաններին են հրավիրում, ինչպես, օրինակ, վերջերս Աննա Էլբակյանի պարագայում: Չեն ալարի ու կսկսեն ժամերով համոզել, որ Էկմանը չի հրաժարվել իր ստեղծած կառույցից, մինչդեռ դրա մասին բոլորը լսել են անձամբ Էքմանից այս տեսանյութում, թե իրենք ՀԱԵ-ի կողմից իրենց տրված աղանդ բառի հետ համամիտ չեն, մինչդեռ աղանդ բառը շատ պարզ ձևակերպում ունի` աղանդն ընդդիմադիր հոսանք, ուսմունք կամ դավանանք է համաշխարհային այս կամ այն կրոնում: Աղանդը շեղում է հիմնական կամ պաշտոնական դավանանքից և հաճախ հակադրվում է դրան: Աղանդի հետևորդները կոչվում են աղանդավորներ. դրանք մարդկանց (հավատացյալների) խմբեր են, որոնք անջատվել են ավանդական եկեղեցուց և, չընդունելով նրա դավանանքի որոշ կետեր կամ դավանանքն ամբողջությամբ, քարոզում են իրենց առաջնորդի կողմից առաջ քաշած գաղափարները: Վերջիններս մեծ մասամբ հիմնված են Ավետարանի այս կամ այն հատվածի կողմնակալ մեկնաբանության վրա՝ ըստ աղանդի շահերի և համոզմունքների, անգամ այնքան են կուրացած իրենց համոզումներում, որ կսկսեն նույնիսկ հրավիրել իրենց կառույց, որ ճանաչեմ ճշմարիտ Քրիստոսին: Բարեկամներ, եթե ձեր գաղափարական առաջնորդը հասկացավ, որ սխալվել է, եթե ձեր հիմնադիրը հասկացավ, որ սխալ բան է հիմնադրել ու դարձի եկավ դեպի Մայր եկեղեցի, գամ ի՞նչ անեմ, և հետո, 1700 տարուց ավել, այս ազգը Քրիստոսին ճանաչել է առաքյալների շնորհիվ, ու իր հավատը ամրապնդել առաքելահիմն եկեղեցով` Հայ Առաքելական եկեղեցով, ես գամ Ուլֆ Էկմանի կողմից հիմնված ու նրա կողմից լքված եկեղեցում նոր Քրիստոսի՞ ճանաչեմ:
Եվ վերջում մի հավելում. Աստված բաժանում չի սիրում. ինչո՞ւ պառակտեցիք մեր ազգի միասնական հավատը. Հայ Առաքելական եկեղեցին միասնական ցանց է ամբողջ աշխարհում ու արդեն 1700 տարի և ավել մեր հավատավոր ազգին պահում է այդ միասնության մեջ` ինչո՞ւ եք խարխլում միասնությունը, հանուն ո՞ւմ, ինչի՞...
Մենք մեր ձեռքերը երբենք չենք լվանում ու չենք հանձնվում, մենք աղոթում ենք ձեզ համար, ու Մայր եկեղեցին միշտ սպասում է ձեր վերադարձին: