Ֆբ-ում մի նկար աչքովս ընկավ՝ «Երկուս անձրեւանոցի տակ»: Գրկախառնված սիրահար զույգի քանդակ է Ս.Պետերբուրգի Գրաժդանսկի պողոտայի շենքերից մեկի բակում: Ժամանակին էդ վայրից շատ քիչ հեռու էինք ապրում... Կարոտեցի քաղաքս ու հիշեցի սիրո, սիրահարվածության ու նաեւ քաղաքի մեկ այլ խորհրդանիշ՝ համբույրների կամուրջը... Պատմական փաստերը անողոք կոտրում են կամրջի անվանման հետ կապված ռոմանտիկան՝ հիշեցնելով, որ անվանումը քիչ հեռու գտնվող՝ ոմն Պոցելուեւին պատկանող «Поцелуй» պանդոկից է գալիս... Բայց դե համբույրը շատ զգայական ու նուրբ է նման ռեալիստական ու երկրային բացատրության համար, եւ զարմանալի չէ, որ ժամանակի ընթացքում շատ ու շատ լեգենդներ են ծնունդ առել՝ մեկը մյուսից տխուր, թախծոտ, ռոմանտիկ...
Ոմանք ասում էին, թե 18-րդ դարում այնտեղ՝ Մոյկայի ափին, քաղաքի սահմաններն էին, ու հեռացողները բաժանվում էին իրենց հարազատներից էդ կամրջին՝ թողնելով իրենց համբույրը, էդտեղ էին բաժանվում սիրելի աղջիկներից նավաստիները... Մեկ այլ լեգենդի համաձայն՝ էնտեղ էին վերջին անգամ համբուրվում ոչ հեռու գտնվող բանտ ուղարկվող դատապարտյալները: Ասում են նաեւ՝ հնում հենց այս կամրջին էին հանդիպում այն սիրահարները, ովքեր ստիպված էին այս կամ այն պատճառով թաքցնել իրենց զգացմունքները...Մեր օրերում ավանդույթ է ձեւավորվել՝ եթե նորապսակները կամրջին կողպեք ամրացնեն ու բանալին նետեն գետը, ապա երջանիկ կլինեն, անբաժան... Ու զարմանալի չէ, որ այսօր հաբույրների կամուրջը պատված է կողպեքներով՝ տարբեր ձեւի ու չափի... Կողպեքներն ու ավանդույթին հետեւողները այնքան շատ են, որ անգամ հատուկ տեղ է կառուցվել կամրջի կողքին՝ դրանք ամրացնելու. չէ՞ որ կամուրջն ի վիճակի չէ այդքան ծանրություն տանել...
Ասում են նաեւ՝ եթե բաժանումից առաջ մեկին համբուրես այս կամրջին, նա անպայման կվերադառնա... Ճիշտ է թե սուտ՝ չգիտեմ, երբեք չեմ փորձել...բայց կարոտել եմ քաղաքիս, կուզեի վերադառնալ, կարոտս առնել, քաղաքս զգալ ու էլի գալ իմ Երեւան...



