Քիչ առաջ ավարտվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը Դաշնային ժողովի ներկայացուցիչների առջև, որը վերաբերում էր ՌԴ-ի կազմ նոր սուբյեկտի` Ղրիմի ընդունմանը: Սա, թերևս, ամենատպավորիչ դրվագն էր Ռուսաստանի նորագույն պատմության մեջ: Ռուսաստանը ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ այն այլևս 90-ականների կիսախարխուլ երկիրը չէ, որի շահերը հնարավոր էր աջ-ձախ ոտնահարել և ստորացնել վերջինիս` ցույց տալու համար, թե ինչքան է նվազել այդ երկրի ուժն ու ազդեցությունը Սովետական Միության փլուզումից հետո:
Վերջին 20 տարիների ընթացքում Ռուսաստանն առաջին անգամ ուղղակիորեն և կոնկրետ քայլերով հանդգնեց կուլ չգնալ Արևմուտքի հեգեմոնիկ հավակնություններին: Ի դեպ, հենց այդ կոնտեքստում Վլադիմիր Պուտինը մի շատ ուշագրավ բան ասաց՝ կապված միաբևեռ աշխարհի հետ: Ռուսաստանի նախագահն ասաց, որ երբ աշխարհը երկբևեռից դարձավ միաբևեռ, սկսվեց անկայունության շրջանը: Վերջինիս հավելեց, որ համաշխարհային կազմակերպությունները, կառույցները սկսեցին դեգրադացվել, Արևմուտքը սկսեց կա՛մ դրանք մանիպուլացնել, կա՛մ էլ առհասարակ անտեսել: Իմ կարծիքով, այսօրվա իր ելույթով և առհասարակ Ռուսաստանի կողմից արվող վերջին քայլերով, Պուտինը փաստացի մարտահրավեր է նետում միաբևեռ աշխարհին:
Չգիտեմ, թե այսքանից հետո մեր աշխարհն արդյո՞ք կդառնա երկբևեռ, թե՝ ոչ, բայց այն, որ աշխարհն այլևս միաբևեռ չէ, փաստ է: Տեսեք, երբ 2008թ.-ին առաջին անգամ Վաշինգտոնում հավաքվեցին աշխարհի ամենազարգացած տնտեսություններ ունեցող 20 պետությունները (G20), սկսվեց ավելի հաճախ շրջանառվել այն միտքը, որ աշխարհն այլևս բազմաբևեռ է: Սակայն այդ բազմաբևեռությունը այդպես էլ չերևաց, առավել ևս վերջին տարիներին տեղի ունեցող միջազգային-քաղաքական իրադարձությունների ֆոնին: Այսօր, սակայն, մենք կարծես միանգամայն այլ պատկեր ենք տեսնում:
Պուտինը հավակնում է կա՛մ Ռուսաստանը դարձնել երկրորդ բևեռ՝ ի հակակշիռ Արևմուտքի, կա՛մ էլ փորձում է Ռուսաստանը հարաբերականորեն դարձնել «Արևմտյան բևեռին» իրենց հակակշիռ համարող ուժերի կենտրոն: Խոսքս Հնդկաստանի, Չինաստանի և տարածաշրջանային մի քանի այլ տերությունների մասին է, ովքեր չեն ցանկանում միջազգային հարթակում լինել Արևմուտքի կամակատարը:
Վերադառնալով Ղրիմի հարցին` ևս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ սա լուրջ հայտ է թե՛ Պուտինի՝ որպես անվիճելի առաջնորդի, թե՛ Ռուսաստանի համար առհասարակ. Ռուսաստանի հասարակությունը արտաքին վտանգի հավանականությունից դարձել է ավելի մոնոլիտ, քան երբևէ, իսկ Պուտինի հեղինակությունը գնալով աճում է` դարձնելով վերջինիս համազգային առաջնորդ: Ռուսաստանի նախագահն իր ելույթում նաև նախազգուշացրեց իր երկրի քաղաքացիներին, որ հնարավոր են արտաքին ճնշումներ: Վերջինս ասաց, որ իրենք ունեին ընտրություն դրանց դիմակայելու և հերթական անգամ Արևմուտքին կուլ գնալու միջև: Ինչպես երևաց իր ելույթից և գործողություններից, ընտրությունը կատարված է. Ռուսաստանը այլևս երբեք չի զիջի իր շահերը:
Այժմ մնում է հետևել, թե սրան ինչպես կարձագանքեն Արևմուտքում, և ինչ պատասխան քայլեր կձեռնարկվեն ընդդեմ Ռուսաստանի: Իրավիճակը ժամանակակից աշխարհում աննախադեպ է: