Փեթի Մեհերի լուսանկարների շարքում հատուկ տեղ են զբաղեցնում դիմանկարները: Այս երազկոտ լուսանկարչի ստեղծագործություններում հաճախ շոշափվում է միայնության թեման: Ստորև ներկայացված է մի հատված նրա հարցազրույցներից մեկից:

- Մի քանի խոսք Ձեր մասին:

- Ես լավատես, երազկոտ ու միաժամանակ իրատես մարդ եմ: Ես սիրում եմ լռության ձայնը, ինչպես նաև լայնարձակ ու դատարկ տարածություններ:

- Ինչո՞ւ որոշեցիք լուսանկարչությամբ զբաղվել:

- Ես միշտ եմ հետաքրքրվել լուսանկարչությամբ, սակայն դրանով լրջորեն սկսել եմ զբաղվել միայն 4 տարի առաջ: Կարծում եմ, որ լուսանկարչությունն է ինձ ընտրել, և ոչ թե ես եմ ընտրել այն:

- Ինչպե՞ս եք պլանավորում Ձեր ֆոտոսեսիաները:

- Ֆոտոսեսիաներս պլանավորելիս ես առաջին հերթին հաշվի եմ առնում եղանակային պայմանները: Օրինակ՝ ձմռանը դժվար է լուսանկարել դրսում: Քանի որ հիմնականում ես հենց բացօթյա տարածքներում եմ լուսանկարում, ձմեռն ինձ համար համեմատաբար պասիվ ժամանակաշրջան է: Տարվա մյուս եղանակներին ես անհամեմատ ավելի շատ ժամանակ եմ հատկացնում լուսանկարչությանը: Երբեմն նախօրոք ուսումնասիրում եմ այն վայրերը, որտեղ պատրաստվում եմ ֆոտոսեսիա անցկացնել, սակայն լինում են և այնպիսի դեպքեր, երբ պարզապես վերցնում եմ ֆոտոխցիկս ու ուղևորվում բնության գիրկը՝ հանպատրաստից լուսանկարներ նկարելու:

- Ի՞նչ խորհուրդ կարող եք տալ սկսնակ լուսանկարիչներին:

- Ես պարզապես խորհուրդ կտամ ստեղծել այնպիսի արվեստի գործեր, որոնք իրենք են ցանկանում և որոնք կարող են հուզել մարդկանց: Եթե իրենց ստեղծագործությունը հուզում և ոգեշնչում է իրենց, ապա, ամենայն հավանականությամբ, այն կհուզի նաև այլ դիտողներին: Չեմ կարող խորհուրդ տալ այս կամ այն կերպ ստեղծագործել, քանի որ արվեստի գործ ստեղծելու ճիշտ ու սխալ ձև չկա: Ամեն մեկն իր յուրահատուկ ձևով է ստեղծագործում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել