Ակնհայտ է, որ Ուկրաինայի ճգնաժամով պայմանավորված, այսօրվա դրությամբ Ռուսաստանի և Արևմուտքի միջև ընթանում է տեղեկավական պատերազմ: Ասել, որ ինչ-որ կոնկրետ կողմ պարտվում, կամ հաղթում է դժվար Է, բայց փաստ է նաև այն, որ Արևմուտքը ամեն կերպ արգելափակում է ռուսական մեդիան և առհասարակ տեղեկատվական հոսքը այնտեղ, որտեղ կարողանում է: Այս պարագայում Ռուսաստանի պատգամավորների շրջանում հնչում են կարծիքներ, որ պետք է օգնություն խնդրել ՀԱՊԿ անդամ երկրներից, որպեսզի իրենց դաշնակից Ռուսաստանին աջակցեն` միջազգային հանրությանը ներկայացնել օբյեկտիվ, անաչառ տեղեկատվություն Ուկրաինայում՝ մասնավորապես Ղրիմում տիրող իրավիճակի մասին, ինչպես նաև Ռուսաստանի` դրան մասնակցության վերաբերյալ:
Երեկ ռուսական Առաջին ալիքի ուղիղ եթերում՝ «Պոլիտիկա» հաղորդաշարի հատուկ թողարկման ժամանակ, ՌԴ Պետդումայի պատգամավոր, Անվտանգության և հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ Իրինա Յարովան համոզմունք հայտնեց, որ պետք է դիմել ՀԱՊԿ անդամ երկրներին, և ընդհանուր հարթակների միջոցով, թեկուզև ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջոցով, ստեղծված իրավիճակի վերաբերյալ նախաձեռնել քննարկումներ և փորձել ճեղքել ներկայիս տեղեկատվական շրջափակումը: Ըստ պատգամավորի՝ ՀԱՊԿ-ն Ռուսաստանի այն ռեսուրսներից է, որը դեռ չի օգտագործվել:
Փաստորեն, ստացվում է այնպես, որ Հայաստանը կարող է ուղղակիորեն ներքաշվել ուրաինական հակամարտության մեջ, և ոչ միայն: Եթե ՀԱՊԿ-ն ներքաշվի այդ հակամարտության մեջ, ապա Հայաստանն այլևս չի կարողանա պահպանել այն չեզոքությունը, որ մինչ այժմ պահպանում է: Մենք ևս ստիպված կլինենք ներկայացնել աշխարհին ռուսական մոտեցումը, որն ինչպես Արևմուտքինը, նույնպես հագեցած է քարոզչական բազմաթիվ էլեմենտներով:
Տեսեք, սա մի կողմից կարող է դրական անդրադառնալ մեզ վրա, բայց մյուս կողմից մեզ համար իր մեջ պարունակում է պոտենցիալ վտանգներ: Սկսենք բացասականից:
Հայաստանը, դառնալով փաստացի կողմ եղած հակամարտությունում, փաստորեն կվտանգի ոչ միայն Ուկրաինայի հետ հարաբերությունները, այլև, ինչ-որ չափով, արդյունքում կտուժեն հարաբերությունները Արևմուտքի հետ:
Նախ սկսենք Ուկրաինայից: Ուկրաինայի հետ հարաբերությունների հավանական լարվածությունը կարող է լուրջ սպառնալիք դառնալ մեր համայնքի անվտագութան համար: Համայնք, որը Եվրոպայում Ֆրանսիայից հետո համարվում է ամենախոշորը` շուրջ 400.000. եթե հաշվի առնենք այն հանգամանքը, թե ինչ ազդեցություն ունեն ազգայնականները Ուկրաինայի ներկայիս կառավարության վրա, ապա դժվար չէ ենթադրել, որ ռուսների և հրեաների կողքին հայերը ևս կդառնան հարձակումների թիրախ:
Ինչ վերաբերում է Արևմուտքի հետ մեր հարաբերություններին, ապա պարզ է, որ դրանք կսրվեն: Հարցն այն է, թե ինչքանով դրանք կսրվեն և կդառնան արդյո՞ք անդառնալի: Դա, թերևս, կախված կլինի նրանից, թե ինչ չափի և ձևաչափի ներգրավվածություն կունենա Հայաստանը «հակաարևմտյան կոալիցիայում»: Սրա մեջ շատ չխորանանք և անհիմն չշահարկենք սցենարներ, քանի որ Ռուսաստանն առայժմ պաշտոնապես ոչ մի հստակ պահանջ կամ խնդրանք չի ներկայացրել ՀԱՊԿ անդամ երկրներին:
Մյուս կողմից, ինչպես կասեր իտալացի աշխարհահռչակ դիվանագետ, պետական գործիչ Նիկոլո Մակիավելին «Իշխանը» գրքում, «երբեք չպետք է չեզոք լինել, քանի որ եթե դաշնակիցդ հաղթի, ապա դու ևս կօգտվես այդ հաղթանակից, իսկ եթե պարտվի, միևնույնն է կունենաս դաշնակից՝ ի դեմս պարտվածի»: Այնպես որ, եթե Ռուսաստանն ի վերջո հաղթող դուրս գա այս հակամարտության մեջ, չի բացառվում, որ իր դաշնակիցները ևս «ինչ-որ բան շահեն»: Չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ, բայց առնվազն հուսալ, որ Արցախի միջազգային ճանաչման գործում Ռուսաստանն ավելի հայանպաստ դիրքորոշում կորդեգրի, կարելի է: Առավել ևս այն դեպքում, որ ներկայիս աշխարհաքաղաքական պայքարի հիմքում ընկած է տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման և իրավահավասարության սկզբունքները, որոնցից Ռուսաստանը, կամ էլ մեր ապագա, հնարավոր «կոալցիան» նախապատվությունը տալիս է առաջինին:
Պարզապես մնում է հուսալ, որ եթե մենք ևս ներքաշվենք ուկրաինական հակամարտության մեջ որպես կողմ, ապա Ռուսաստանը հաղթող դուրս կգա և, Մակիավելիի ասածի պես, մենք ևս «կօգտվենք այդ հաղթանակից», այլ ոչ թե ստիպված կլինենք մխիթարվել նրանով, որ ունենք դաշնակից՝ թեկուզև ձախողակ:
Կից տեսանյութն այստեղ