1in.am-ը գրում է.

Մարտի 15-ի երեկոյան Թել Ավիվի «Նոկիա» համերգասրահում կայացել է լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի համերգը: Մայիսին նա կդառնա 90 տարեկան: Այս մասին հայտնում է Newsru.com-ը:

Ազնավուրի նախորդ համերգը նույն սրահում կայացել էր անցած տարվա նոյեմբերի 23-ին, և նա այն ժամանակ խոստացել էր շուտով վերադառնալ Իսրայել:

Մարտի 14-ին նա թոռան հետ ժամանել էր Երուսաղեմ: Այնտեղ՝ Լացի պատի մոտ, տեղի է ունեցել տղայի «բար միցվան» (պարտավոր է կատարել միցվոտը՝ պատվիրանը, այլ կերպ ասած՝ 13 տարեկանից դառնում են «պատվիրանի որդի»): Տղայի մայրը հրեուհի է:

Ուրբաթ երեկոյան Ազնավուրը ներկա է գտնվել Իսրայելում Ֆրանսիայի դեսպանի տանը կազմակերպված ընթրիքին, որին հրավիրված էին եղել նաև որոշ իսրայելցի երաժիշտներ, իսկ շաբաթ նա համերգով հանդես է եկել Թել Ավիվում:

Ինչպես խոստովանել է Ազնավուրը՝ իր ընտանիքում կան և՛ կաթոլիկներ, և՛բողոքականներ, և՛ հրեաներ, և՛ մուսուլմաններ: Նա անկեղծորեն հավատում է, որ մարդիկ կարող են համերաշխ ապրել՝ անկախ դավանանքից ու քաղաքական համոզմունքներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել