Ղրիմի հանրաքվեն այլևս անցյալում է: Քվեարկությունը տեղի ունեցավ երեկ, որին մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող ղրիմցիների շուրջ 85%-ը, որից շուրջ 93%-ը քվեարկել է Ռուսաստանին միանալու օգտին: Մի խոսքով, կարելի է արձանագրել, որ Ռուսաստանը Ղրիմի հարցը լուծեց: Երեկ, երբ դեռ նույնիսկ չէր ավարտվել քվեարկությունը, Ռուսաստանի քաղաքական-փորձագիտական դաշտը կասկած անգամ չուներ դրանց արդյունքների վերաբերյալ: Նրանց խոսակցության հիմնական թեման այլևս ոչ թե Ղրիմն էր, այլ Ռուսաստանի հետագա գործողությունները ուկրաինական ճգնաժամի շրջանակներում: ՌԴ խորհրդարանական բոլոր խմբակցությունները ակնարկում էին, որ Ղրիմի օրինակը կարող է և պետք է դառնա ուղեցույց Ուկրաինայի հարավի և հարավ-արևելքի համար: Սակայն այդ հարցում առկա են որոշ նրբություններ, որոնք ըստ ինձ, արժանի են ուշադրության:
Բանն այն է, որ Ուկրաինայի հարավային և արևելյան շրջանների և Ղրիմի միջև գոյություն ունի բավականին մեծ տարբերություն, որպեսզի այդ շրջանները կարողանան գործել նույն սկզբունքով և անջատվեն Կիևից:
Առաջին հերթին պետք է հաշվի առնել վարչաքաղաքական բաժանումներում առկա տարբերությունները: Ղրիմը, որպես այդպիսին, մինչ ինքնորոշվելը Ուկրաինայի սահմանադրության համաձայն՝ օժտված էր ինքնավար հանրապետության կարգավիճակով: Այդ իսկ պատճառով երկրամասին շատ ավելի հեշտ էր կոնսոլիդացվել և արտահայտել միասնական դիրքորոշում հետագա անելքիների վերաբերյալ՝ ի տարբերություն Ուկրաինայի մնացած շրջանների, որոնք այդ հիմքը առայժմ չունեն: Երկրորդ հանգամանքը, որը պետք է հաշվի առնել, այն է, որ Ղրիմում ռուսները և առավել ևս ռուսալեզու բնակչությունը կազմում էր և կազմում է թերակղզու բնակչության բացարձակ, գերակշիռ մեծամասնությունը, իսկ հարավային շրջաններում ռուսների և ռուսախոսների (նկատեք՝ ես տարանջատում եմ ռուսներին և ռուսախոսներին, քանի որ տվյալ շրջաններում առկա են տարբեր ազգություններ, որոնց առօրյա օգտագործման լեզուն ռուսերենն է) թիվը թեև ավելի շատ է, քան մնացած ազգություններինը, բայց, այնուամենայնիվ, տոկոսային հարաբերակցությամբ այնքան շատ չէ, որքան որ Ղրիմում է, էլ չեմ ասում` Սևաստոպոլում:
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ անկախ ամեն ինչից, տվյալ շրջանները ևս իրավունք ունեն անցկացնել հանրաքվեներ` որոշելու իրենց ապագա կարգավիճակը: Հանրաքվեների անցկացումը բնավ նախատեսված չէ միայն հատուկ կարգավիճակ և ունիտար բնակչություն ունեցող շրջանների համար: Միջազգային իրավունքը նախատեսում է բոլոր ժողովուրդների, ինչպես նաև կոնկրետ տարածքներում ապրող բնակչության համար իրավունք` տնօրինել սեփական, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հարաբերությունները: Պարզապես այն զուգահեռների նպատակը, որ քիչ առաջ անցկացրեցի Ղրիմի և մնացյալ հարավային և արևելյան շրջանների միջև այն է, որ այդ վայրերում ապրող մարդկանց համար մի փոքր ավելի դժվար կլինի ինքնակազմակերպվել և հետևել Ղրիմի օրինակին:
Այնպես որ, կարծում եմ՝ եթե Ռուսաստանը ակնարկում է այլ, պայմանականորեն ասած ռուսախոս շրջաններին ևս ըմբոստանալ կենտրոնական իշխանությունների դեմ, ապա այդ երկրի կողմից անհրաժեշտ կլինի շատ ավելի մեծ ներգրավվածություն, քան որ ցուցաբերվեց Ղրիմում: Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի գործողություններում շատ բան պարզ կդառնա առաջիկա օրերին, քանի որ դեպքերը Ուկրաինայում զարգանում են շատ արագ և որոշակի հարցերում հապաղելը կարող է լինել անդառնալի: