Սիրելինե՛ր, այսօր Մեծ Պահքի երրորդ կիրակին է, երրորդ կանգառը քառասնօրյա մեր խորհրդածությանց, եւ կիրակին մեր եկեղեցու ավանդության մեջ անվանվել է Անառակ Որդու վերադարձը կամ պարզապես Անառակի Կիրակի:
Անցյալ դարի մի նշանավոր անգլյացի մտածող մի հետաքրքիր եւ իրական պատմություն է ներկայացնում :
Մի փոքրիկ աղջնակ, նեղված իրենց ընտանիքից, որոշում է տանից մեկընդմիշտ հեռանալ՝ չգիտակցելով անշուշտ իր արարքի լրջությունը եւ ծանր հետեւանքները: Անշուշտ հայրը եւ մայրը սկսում են անհանգստանալ եւ մտածել ինչ եղավ իրենց աղջկա հետ, ինչ արեցին արդյոք, որ նա այսպես նեղսրտված հեռացավ: Որոշում են գնալ եկեղեցի, դիմել քահանային, որպեսզի օգնի իրենց գտնել աղջկան: Քահանան խնդրում է աղջկա մոր նկարը և տակը գրում .<<Վերադարձիր տուն, մենք սիրում ենք քեզ>> եւ պատվիրում է մի քանի օրինակով բազմացնել նկարը փակցնել բոլոր պատերին քաղաքի: Եւ մի օր երբ աղջիկը անցնում է կայարանի մոտով եւ տեսնում է մոր նկարը անմիջապես հայրական տան հուշն արթնանում է եւ նա արտասվում է եւ վերադառնում տուն:
Վերադառնալիս տան դուռը գտնում է բաց եւ մայրը աղջկան ասում է, որ իրենց տան դուռը երբեք չի փակվել իր գնալուց հետո, որովհետեւ իրենք միշտ սպասել են նրան: Այս գեղեցիկ պատմություն կարող է ինչ- որ չափով առօրյականացվել , այսինքն մեր կյանքի մեջ Անառակ Կիրակիի վերարտադրությունը համարվել:
Մենք միշտ մտածում ենք, որ Աստված դատող, սխալները ուղղող, սրբագրող մի դատավոր է: Անշուշտ Աստված դատավոր է. եթե չլինի Աստծու կատարյալ էությունը, Աստծու կատարյալ սերը, Աստծու կատարյալ խաղաղությունը, մենք երբեք չենք կարող ընկալել բոլոր այն հասկացությունների կատարելությունը, որոնք մասնակի են ածանցված և կարող են ոտնահարվել, մենք երբեք չենք կարող գտնել դրանք, եթե չլինի Աստծու կատարելությունը: Բայց մենք մոռանում են, որ Աստված այդ կատարելությունից բացի մեզ համար Անձնավոր Հայր է, եւ այն մարդիկ, ովքեր Աստծուն միայն կատարյալ բնություն եւ էություն են տեսնում,նրանք բացի դատավոր ընկալելուց զատ ուրիշ բան չեն կարող տեսնել, իսկ մենք քրիստոնյաներս Աստծուն սիրող մեկն ենք դիտում, տեսնում ենք Նրան յուրաքանչյուր մարդու կերպարի, ժպիտի մեջ: Նա դառնում է մեզ համար անձնավորված, Նա դառնում է մեզ համար Աբբա՝ Հայր: Մեր եկեղեցու հայրապետներից Ս.Ներսես Շնորհալին շատ գեղեցիկ է նկարագրում այս խորհրդի պատմությունը.<<Քրիստոս, իբրեւ Երկնավոր Փեսա թողեց ամեն ինչ, իջավ երկիր, մեզ՝ մեղավորներիս համար այս անկատար աշխարհի մեջ՝ մեզ փրկելու>>:
Եւ հետաքրքիր համեմատություն է բերում եկեղեցու նշանավոր հայերից մեկը, որ երբ Երրորդության անձերից Հայր Աստված եւ Ս. Հոգի Աստված քնած էին Հիսուս կախարդական արկղից վերցրեց մարդու կորցրած անձը եւ բերեց բաժանեց մարդկանց: Շատ գեղեցիկ կերպարի մեջ գեղեցիկ խորհուրդ կա եւ մենք վերառտադրելով Ս.Ներսես Շնորհալու պատկերներին, որ ասում է Շարակնոցում.<<Որ մենք, իբրեւ մոլորյալ ոչխար մոլորվեցինք այս աշխարհում եւ Քրիստոս, իբրեւ քաջ հովիվ իր ուսերի վրա առավ մեզ եւ տարավ դեպի դալար եւ ապահով մարգագետիները՚՚ >>: Եվ հատկանշանակ են Ղուկասի Ավետարանի 15.16 գլուխները, որտեղ Քրիստոս նկարագրում է մի առակը, երբ մի այրի կին մետաղադրամ կորցնելով՝ անմիջապես ճրագ է վառում եւ սկսում ման գալ իր դրամ: Անշուշտ մետաղադրամը երկու երեք դրամ էր, եւ Ս.Ներսես Շնորհալին ասում է, որ այդ կորսված մետաղադրամը մեր կորսված բնությունն էր եւ կինը ճրագ վառելով այս մութ, մեղսունակ աշխարհում ճրագ է վառում գտնում եւ նորից իր տեղը հաստատում մարդկային կորսված պատկերը: Եվ մյուս գեղեցիկ պատկերը, որ Ս.Ներսես Շնորհալի Հայրապետը տալիս է.<Քրիստոս, որ դու խոնարհվեցիր բարձունքներից, Քա՛ջ հովիվ, Քո մոլորված հոտի համար, երկնքի հարստությունը թողեցիր եւ իջար մեզ այդ հարստությունից բաժին հանելու եւ մեզ համար դեպի երկնքի արքայության ճանապարհ պատրաստելու>:
<<Անառակ որդու վերդարձը>> առակի մեջ մենք պետք է առանձնացնենք մի քանի բան, որ շեշտադրման կարիք ունի:
Նախ եւ առաջ մարդու ազատ ընտրության հարցն է: Կրտսեր Որդին ազատ ընտրությամբ իր ճանապարհը որոշեց. գնալ օտար աշխարհ հարստանալու, եւ ոչ ոք նրան չպարտադրեց, այլ ազատ կամքով հորից խնդրեց այն ինչ որ հասնում էր իրեն, բայց առանց մտածելու, որ կարող էր ժառանգություն խնդրել, երբ հայրը միայն մահվան մահճում է: Նա այս նվիրական հանգամանքի վրայով էլ անցավ եւ հորից խնդրեց իր հասանելիք բաժինը, կարծես ասելով, որ դու ինձ համար մեռած ես:
Միջնադարյան զրույցներից մեկը այս առակի պատմությունը ներկայացնում է մի հետաքրքիր միջադեպով՝ միջնադարյան առօրյայից առնված:
Մի մարդ երեկոյան հոգնած վերադառնում է տուն ոսկի շահած՝ մտածելով, որ երկու կամ երեք ամիս կարող է իր երեխաներին ապահովել եւ ճանապարհին մի մուրացկան այդ մարդուց փող է խնդրում եւ նա, առաքինի մարդ լինելով, վեց ոսկին տալիս է մուրացկանին եւ մեկը պահում է իրեն եւ ճանապարհին մտածում է, որ այդ մուրացկանը հնարավորություն չունի աշխատելու եւ այս գումարով կկարողանա մի քանի ամիս գոյատեւել եւ այդ մուրացկանը տեսնելով, որ այդ մարդը մեկ ոսկին պահեց իրեն, ետեւից նենգաբար զարկում է եւ վերցնում ոսկին: Ահա այս է անառակ որդու արարքը, քանի որ խնդրել կտակը այն ժամանակ թերեւս հայրը կենդանի է, երբ հայրն է տան տերը, դա նշանակում է դու խլում ես քո ծնողից այն ինչ քեզ պետք է պատկանի նրա մահվանից հետո: Այնուհետեւ որդին, ազատ զգալով իրեն, դրամ ունենալով գնում է օտար աշխարհ:
Մյուս կարեւոր բանը պատրանքն է: Այսօր աշխարհում շատ բան կան, որ կարող է պատրանք ստեղծել, շատ բաներ, որոնք կարող են քրիստոնյային ճանապարհից շեղել: Այսօր աշխարհում մեդիան, հեռուստատեսությունը, թերթերը, բանավոր խոսքը կարող է այնպես աղավաղվել եւ մարդուն այնպիսի զորավոր ցանցով կաշկանդել, որ մարդը չզգա պատրանքի ամբողջ ծանրությունը: Դժբախտաբար այսօր Աստծու շնորհները կարող են այդ պատրանքի համար օգտագործվել: Եվ առակի մեջ մեզ տրվում է մի հավերժական թեմա, որ շատ հաճախ քննադատության է արժանանում ոչ քրստոնյա մարդկանց կողմից եւ քրիստոնեության համար էական գաղափար է, երբ մարդը աշխարհ է մտնում առանց Աստծու եւ այս ժամանակ պատրանքը անխուսափելի է: Պողոս Առաքյալը Կորնթացիներին ուղղված երկրորդ նամակի վեցերորդ գլխում մի հրաշալի արտահայտություն է անում, երբ քննադատում է կորնթացիներին նրանց ասելով, որ դուք այսպես գործեցիք, չհնազանդվեցիք, Քրիստոսի հետ չմնացիք, եզրափակում է խոսքը.<<Մենք չէ , որ նեղում ենք ձեզ, այլ դուք ձեր սրտերում եք նեղվում>>: Ահա այս է պատրանքից, հուսախաբությունից հետո մեր վիճակը, երբ սկսում ենք նեղվել մեր սրտերում, և Պետրոս առաքյալի խոսքերով, եթե աշխարհի համար է մեր նեղսրտումը, ապա այն մահ է պատճառում, իսկ եթե Աստծու մասին է, փրկության մասին մեր նեղսրտումը ապա տանում է ապաշխարության՝ փրկության ճանապարհով: Եվ ինչն է այս նեղսրտության լուծումը: Լուծումը հայրական տան մասին հիշողությունն է:
Մեծ Պահքը մեզ համար փնտրտուք է մի նոր աշխարհի, որ մենք լքել ենք, որից մենք հեռացել ենք եւ ահա այս հուշը վերապրումն է այն վիճակի, որ մենք մեր Հոր տան մեջ սիրո եւ ուրախության մեջ էինք եւ կարող էինք գժտվել մեր Հոր հետ եւ նույն պահին էլ հաշտվել: Ահա հենց այս վիճակի հիշողության վերականգնման փորձն է, որ մենք Մեծ Պահոց լեռան աստիճաններով, կածաններով բարձրանում ենք եւ փորձում վերականգնել, որովհետեւ լեռան գագաթից ավելի հեշտ կարող ենք տեսնել Մեծ Պահքի պարգեւած այն պատկերը, որով մենք դառնում ենք Քրիստոսի անցած քառասնօրյա ճանապարհի անցորդը: Ի վերջո այն գեղեցիկ խոսքերը, որ Որդին արտասանում է.<<Հայր ներիր ինձ, որովհետեւ մեղանչեցի եւ ահավասիկ քո առաջ եմ, ինչ կուզես, ինչպես կտնորինես այնպես էլ արա>> : Այս խոսքի համար է, որ այս առակը այսպիսի բազում մեկնաբանությունների առիթ է տվել: Հայրը նրան չի պատժում, այլ տալիս այն ինչ նա ուներ ժամանակին եւ ավելին ավագ որդուց ավելի մեծ պատիվներ է տալիս: Եվ այս է առակի իմաստ, որ ամեն վերադարձ, ամեն խոր հոգեկան ապրած դարձ մեզ համար դառնում է ավելի նոր, ավելի շքեղ մի բան քան, ունեինք նախկինում: Եվ սա քրիստոնեության օրինաչափության զարգացման մի մաս է կազմում: Քրիստոնեությունը երբեք ետադարձ ճանապարհ չէ, քրիստոնեությունը միշտ ուղղված է առաջ, ավելի նոր հեռուներ, նոր հորիզոներ, որտեղ մենք կարող ենք գտնել այն ինչ մենք կորցրել էին՝ այսինքն մեր մարդկային պատկերը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացի մի նշանավոր քահանա եւ աստվածաբան, երբ այդ բոլոր դժվարությունները եւ դաժանությունները տեսավ իր նմակների մեջ գրեց, որ Աստված մարդացավ, որ մարդ մարդանա, նորից մարդ դառնա: Ահա այս է մեր փնտրտուքը. նորից մարդ դառնալու, կրկին ու կրկին մարդկային պատկերը, Աստծու կողմից տրված պատկերը վերագտնելու: Քրիստոնեության մեջ մեղքը անբնականություն է, անբնական երեւույթ է, իսկ մեղքից դեպի շնորհ անցումը շատ բնական, օրինաչափ է: Եւ Աստված մարդուն շնորհի մեջ է ստեղծել, Աստված մարդուն բնական ձեւն է տվել, իբրեւ կատարելություն, իբրեւ շնորհ:
Եվ ամենավերջին, ամեն հետաքրքրական կերպարը մեծ եղբոր կերպարն է եւ բացի Աստված մարդ հարաբերություններից մեզ համար բացահայտում է մարդ մարդ հարաբերությունները: Մենք միշտ կարող ենք լինել դարձի ճանապարհին եւ երբեք պետք է չմոռանալ դարձի բերել մեր եղբայրներին, որովհետեւ ամբողջ մարդկությունը ի վերջո անցնում է Աստծու ձեռքով գծված կածաններով՝ դեպի լեռան կատար: Եվ մենք այդ կածաններով մեզ հետ պետք է բերենք այն մարդկանց, ովքեր թույլ են եւ ոտքերը զորավոր չեն լեռը բարձրանալու համար, եւ եթե մենք փրկվում ենք եւ մտածում միայն մեր մասին ապա կարող ենք ընկնել ավելի մեծ անդունդը: Քրիստոնեությունը միշտ մարդ Աստված մարդ-մարդ հարաբերության համագումարն է, եթե մարդ չի սիրում իր եղբորը, որ ունի այն նույն պատկերը ինչ ինքը, ապա Հովհաննես Ավետարանչի խոսքերով չի կարող սիրել Աստծուն, ում չի տեսնում:
Ահա մեծ եղբոր միջոցով այս Մեծ Պահքին մեզ տրվում է պատգամ օգնելու բոլոր նրանց, ովքեր դրա կարիքը ունեն, ովքեր շփոթվում են, ովքեր գիտեն ճիշտ ճանապարհը, սակայն չեն կարողանում ճիշտ ճանապարհի վրա ելնել եւ եթե, նույնիսկ, մենք Մեծ Պահքին փորձենք մեր կանոնը չխաղտելու համար չօգնել ուրիշին ավելի, մեծ մեղք գործած կլինենք:
Մի նշանավոր ճգնավորի մասին ասում են, որ միշտ սովոր էր Մեծ Պահքն սկսել աչքերը դեպի երկինք հառելով եւ հետեւելով մի աստղի, որ նրան հայտնության միջից տրվել էր, որ այդ աստղը քեզ համար նախատեսված արքայութունն է եւ երբ աչքերդ կտրես այդ աստղից, ուրեմն բաց կթողնես արքայություն մտնելու հնարավորությունը: Եվ մի օր մի աղջնակ անցնում է այդ ճանապարհով եւ տեսնելով ճգնավորին՝ նրանից ջուր եւ հաց է ուզում ճգնավորը չի կարողանում մերժել աղջկան ի վերջո Աստծու տրված ձայնը՝ խիղճը, նրան ասում է, որ տուր: Եվ երբ տալիս է աղջնակին վախով մի պահ երկինք է նայում եւ տեսնում, որ երկնքում երկու աստղ է:
Եկե՛ք, սիրելինե՛ր, վերադառնանք մեր հայրական տուն և սրտանց ասենք .<<Հա՛յր, մեղանչեցի քո առաջ, արա այն ինչ դու ես տնօրինում>> եւ կտեսնենք, որ Աստված մեզ կտա ավելիով այն, ինչ ունեինք Մեծ Պահքը սկսելուց առաջ:
Սիրով եւ աղոթքով՝ Տեր Հեթում քահանա Թարվերդյան



