Ես թմբկահար եմ. երևի դուք էլ անմիջապես աղմուկը լսեցիք: Այո՛, դեռ չնվագած լսեցիք. բոլորն են լսում և քչերը հարմարվում: Ջութակն ավելի ազնվական գործիք է, դուդուկը` մեղեդային, շեփորն` ազդեցիկ, իսկ իմ թմբուկը խեղճ գործիք է, խեղճ `ինձ նման: Արդեն հոգնել եմ այն նախատինքներից, թե երբ բոլորս ավարտում ենք նվագը, դու մի քիչ ավելի շուտ ավարտիր, ինչ է թե` քիչ լսենթմբուկի ձայնը:
Իսկ դուք լսեք, թե ես ինչ կասեմ:Աշխարհում ամենամաքուր ու հստակ ձայնը հենց թմբուկինն է. նա չի խաբում, ուղիղ ասում է, իսկ ջութակը հմայում է, դուդուկը` հոգուդ հետ խաղում, շեփորը` հրամայում:Ի՜նչ է` ուղիղ խոսքից հոգնե՞լ եք, ուզում եք խաբվե՞լ:Դե խաբվե՛ք` գրողը տանի, բայց մի լռեցրեք թմբուկի ձայնը:
Թմբուկն արձագանքում է, բայց ոչ դատարկությունից, թմբուկը փակ է, ներսում ունի փակ տարածություն, բայց դատարկ չէ. դա այն տարածությունն է, որը չի հաղորդակցվում աշխարհի մռայլության ու աղտեղության հետ, այլ միշտ մնում է զուլալ և հարվածողը այդ զուլալ հնչյունն է փոխանցում մեզ:
Ես թմբկահար եմ և հասկանում եմ նրա իմաստը ու նաև ուզում եմ, որ դուք էլ հասկանաք,սիրեք թմբուկը, հարգեք նրա մաքրությունը,ախր աշխարհում հստակությունը պակասում է:

Վատ չէ, երբ ջութակը դյութի, թող խենթացնի ու համբուրի ձեզ իր հնչյուններով, բայց պիտի մեկը լինի, որ ասի` բավարար է, չափը մի անցիր: Այդ մեկը թմբուկն է, ինչ ուզում եք ասեք` թմբուկն է:
Իսկ դուք մոռանում եք նրան կամ անտեսում: Թեկուզ մոռացեք,բայց մի անտեսեք. անտեսելն անտանելի է:

Ես թմբկահար եմ:Թե նորից ծնվեմ, էլի թմբկահար կլինեմ ու թմբուկի պես ես էլ միշտ սառը ցնցուղ եմ մարդկային ջութակների համար: Ինձ էլ չեն ընդունում:
-Վերցրու քո թմբուկը և հեռացիր ուր որ կուզես, դու այլևս հարկավոր չես, քո դարն անցել է:
Հենց իմ դարն անցնի` ձեր դարն էլ կանցնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել