Lragir.am-ը գրում է.

ՀՀ Վարչական դատարան  ոստիկանության կողմից ստացվել է մոտ 80 վարչական բողոք ընդդեմ ՀՀ քաղաքացիների: Ոստիկանությունը պահանջում է, որպեսզի վարչական պատասխանատվության ենթարկեն քաղաքացիներին` հիմք բերելով  ոստիկանների օրինական պահանջին չենթարկվելը: Ինչ խոսք, պետք է նշել, որ հակընդդեմ հայցերով քաղաքացիների փաստաբաններ Արտակ Զեյնալյանը, Անի Վարդանյանը, Տիգրան Սաֆարյանը, Տիգրան Եգորյանը  և Ռոբերտ Ռևազյանը դիմել են վարչական դատարան և վիճարկում են  ոստիկանների ոչ իրավաչափ գործողությունները, անձի ազատ արտահայտման, խաղաղ հավաքների մասնակցելու իրավունքը,  խոսքի ազատության, անմարդկային և խտրական վերաբերմունքից զերծ մնալու  իրավուքները:

Դատարանում պարզ է դառնում, որ ոստիկանության ներկայացուցիչները հայտնվում են բավականին զավեշտալի իրավիճակներում:  Երբ փաստաբանները պնդում են, որ ոստիկանությունը ներկայացնի իրավական հիմանավորումներ, ինչպես նաև նշի ոստիկանության այդ ո՞ր օրինական պահանջին չի ենթարկվել քաղաքացին, ոստիկանության ներկայացուցիչները՝ մասնավորապես  Դիանա Վարդանյանը և Սոնա Մելիքյանը, հայտարարում են, որ «մեր իրավաբանական գիտելիքները մի՛ ստուգեք»:

Հայցերում մասնավորպես բացակայում է կոռեկտ հիմնավորումներ և հայցին կից փաստաթղթերը:

Ի՞նչ է տեղի ունենում իրականում:

Փողոցում ոստիկանները, որպեսզի խափանեն, չեզոքացնեն բողոքի ակցիան, սկսում են բերման ենթարկել քաղաքացիներին սադրել և ոստիկանների օրինական պահանջը չկատարելու մեղադրանքով մարդկանց մեկուսացնել նվազագույնը 3 ժամ տևողությամբ: Երբ քաղաքացին պահանջում է բացատրություն և բերման ենթարկելու հիմքերը, ոստիկանները հայատարում են՝ «գնանք տեղում ամեն ինչ կբացատրեն»: Բնականաբար ոչինչ էլ չեն բացատրում, միմիայն շարունակում են պնդել, թե 182-րդ հոդվածին չես ենթարկվել: Բայց ահա դատարանը արդեն մեկ այլ հարթակ է, որտեղ չեն կարող ասել մենք հետո կբացատրենք և կպարզաբանենք, այս հարթակում ստիպված են լինում մանրամասն հայցի ապացուցման ամբողջ բեռը վերցնել իրենց ուսերին:

65 վարչական գործ քաղաքապետարանի մոտից, 15 գործ Կոմիտաս 5-ի մոտից  և  դեկտեմբերի 2-ի 110 գործով արդեն 10 վարչական գործ է վարույթ ընդունված  ընդդեմ ՀՀ քաղաքացիների, որով ոստիկանությունը նպատակն ունի յուրաքանչյուրից գանձել   50 000- ական դրամ որպես տուգանք: 

Սակայն զավեշտն իրականում հակառակն է,  ոստիկանության կազմած գործերի բովանդակությունը մնում է նույնը, միմիայն փոփոխովում են մարդկանց բնակության հասցեները և անուն ազգանունները: Copy-past հայտնի տարբերակով անգամ չեն էլ կարդում` ինչ է գրված հայցերի մեջ՝ այդպես ուղղարկում են դատարան:

Օրինակ, քաղաքացի Լևոն Բարսեղյանի գործով տեղի է ունեցել հետևյալը. քաղաքացի Լևոն Բարսեղյանին, ով մոտավորապես 48 տարեկան անձ է, ոստիկանությունը ներկայացրել է հայցադիմում որպես առավել ագրեսիվ ակտիվ երիտասարդ, ում բերման են ենթարկել դեկտեմբերի 2-ին Ամիրյան փողոցից: Այս հարցերին  որպես պատասխան  հակընդդեմ հայցեր են վարույթ ընդունվում և այժմ իրավիճակը լրիվ հակառակն է՝ ոստիկանությունն արդեն հրաժարվում է դեկտեմբերի 2-ի մի քանի գործերից:

Այժմ ներկայացնենք  կուրիոզներ դատական նիստերից.

*** Վահագն Մինասյանի գործ 

 

Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյան

-Դուք՝ Վահագն Մինասյան, ագրեսիվ կերպով նստել եք քաղաքապետարանի աստիճաններին, ագրեսիվ կերպով պառկել եք քաղաքապետարանի աստիճաններին, քնել եք աստիճաններին, գնայիք ձեր տուն բարեկեցիկ փափուկ անկողնում քնեիք... Հիմա լավ կլինի պատվարժան դատարան, որ ես՝ Սոնա Մելիքյանս՝ գամ Վարչական դատարանի աստիճաններին քնե՞մ...

ՀՀ Վարչական դատարանի դատավոր Արման Թովմասյան

- Է եկեք քնեք...

*** Դավիթ Հարությունյանի գործ

ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ՝

-Պատվարժան դատարան, մենք բոլոր փաստաթղթերը մեկ օրինակով տվել ենք պատասխանող կողմին և Դատարանին

Դատավոր՝ Միրզոյան

-Ձեր ներկայացրած փաստաթղթերը անընթեռնելի են, կարո՞ղ եք տեխնիկապես ապահովել հայցադիմումի ընթեռնելի տարբերակ, մենք էլ կարդանք ի վերջո ինչու՞մ ենք մեղադրում քաղաքացի Դավիթ Հարությունյանին:

-Պատվարժան դատարան, պատասխանող կողմը արդեն մի քանի ամիս է տեղյակ է, որ հայցը գտնվում է դատարանի վարույթում, եթե իր մոտ եղած հայցի տարբերակում անընթեռնելի բան կար, թող դիմեր Դատարան և այնտեղից ստանար կրկնօրինակը:

Դատավոր՝

-Հարգելի ոստիկանության ներկայացուցիչ Դիանա Վարդանյան, դատարանի ձեռքի տակ եղած փաստաթուղթն էլ է անընթեռնելի, ինչպե՞ս կարող էին մեր մոտ եղած փաստաթղթից պատճենել...

-Դե թող դիմեին մեզ՝ ոստիկանություն, մենք կտրամադրեինք:

Պատասխանողի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյան.

-Պատվարժան դատարան, հայցվոր կողմը ցանկանում է, որ մենք իրենց օգնենք վարչական հետապնդում իրականացնել մեր վստահորդի նկատմա՞մբ...:

***

Սարգիս Առակյանի գործ 

Արտակ Զեյնալյան.-Հարգելի ոստիկան դուք ի՞նչ էիք անում քաղաքապետարանի մոտ:

Ոստիկան.- Ծառայություն էի իրականացնում շուրջօրյա:

Արտակ Զեյնալյան.-Իսկ ինչպե՞ս էիք իրականացնում:

Ոստիկան.- Շղթա էինք կազմել, որ քաղաքացիները չմտնեին քաղաքապետարանի շենք:

Արտակ Զեյնալյան.-Քաղաքացիները ուզու՞մ էին մտնել քաղաքապետարան:  Որտե՞ղ էիք շղթա կազմել:

Ոստիկան.- Այո, մենք էլ չէինք թողնում, ռեժիմ կա սահմանված, անցաթուղթ պետքա ներկայացնեին, որ մտնեին: Փիլաքյանների դեմը:

Արտակ Զեյնալյան.-Դուք նախ պետք է թողնեիք քաղաքացիները հասնեին շենքի մուտքի մոտ, որպեսզի կարողանային անցաթուղթ ներկայացնեին:

Ոստիկան.- Մենք պաշտպանում էինք շղթա կազմած:

Արտակ Զեյնալյան.-Փաստորեն խոչնդոտու՞մ էիք քաղաքացիների ազատ տեղաշարժը:

Ոստիկան.- Ոչ

Արտակ Զեյնալյան.-Քանի՞ հոգով էիք շղթա կազմել:

Ոստիկան.- Չեմ հիշում:

Արտակ Զեյնալյան.-Մոտավոր, տասից ավել, քսանից ավել, քառասուն...

Ոստիկան.- Չեմ հիշում:

Արտակ Զեյնալյան.-Իսկ հիշում եք որտեղի՞ց եք բերման ենթարկել Սարգիսին:

Ոստիկան.- Երթևեկելի մասից:

Արտակ Զեյնալյան.-Դա հաստատ հիշում ե՞ք

Ոստիկան.- Այո, ավտոմեքենաների հետևի մասից: Արտակ Զեյնալյան.-Իսկ ինչպե՞ս բերման ենթարկեցիք:

Ոստիկան.- Երեք անգամ նախազգուշացնելուց հետո, 182 հոդվածով, ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար, բերման ենթարկեցի:

Արտակ Զեյնալյան.-Սարգիսը մենա՞կ էր պառկած երթևեկելի գոտում:

Ոստիկան.- Չեմ հիշում:

Արտակ Զեյնալյան.-Դուք մենա՞կ եք բերման ենթարկել:

Ոստիկան.- Չեմ հիշում:

Արտակ Զեյնալյան.-Դուք տեսագրությունը համացանցում տեսե՞լ եք:

 Ոստիկան.- Ոչ:

 Արտակ Զեյնալյան.-Բայց դուք հաստատ հիշում եք, որ ներկայացել եք Ս.Առակյանին նման պահանջ:

 Ոստիկան.- Այո երեք անգամ:

 Արտակ Զեյնալյան.-Հաստա՞տ:

  Ոստիկան.-Այո:

 Արտակ Զեյնալյան.-Ի՞նչ գրաֆիկով էիք հերթապահում:

 Ոստիկան.-Դա գաղտնիք է:

 Արտակ Զեյնալյան.-Դուք ձերբակալե՞լ եք Ս. Առակյանին: Ի՞նչ հիմքերով: Դուք այդ պահին օժտվա՞ծ էիք այդ լիազորություններով:

 Ոստիկան.- Դե ասեցի, օրինական պահանջը չկատարելու համար:

 Արտակ Զեյնալյան.-Կարող ե՞ք նշել այդ հոդվածի բովանդակությունը:

 Սոնա Մելիքյան՝ ոստիկանության ներկայացուցիչ- Ես առարկում եմ, դա առնչություն չունի բուն գործի հետ:

 Դատավոր՝

 -Ավելի հստակ ձևակերպեմ, ի՞նչ է իրենից ներկայացնում այդ հոդվածը, որով բերման եք ենթարկել:

  Ոստիկան- Դա գործի հետ առնչություն չունի:

 Դատավորը հազիվ ծիծաղը զսպելով,

 -Երբ որ ես հարց եմ տալիս, դուք պարտավոր եք պատասխանել:

 Տիգրան Սաֆարյան.- Այդ պահին ո՞վ էր հրամանատարը:

 Ոստիկան.-Չեմ հիշում:

 Տիգրան Սաֆարյան –Օսիպյանը ներկա է՞ր:

 Ոստիկան.- Չեմ հիշում

 P.S. Ոստիկանությունը հիշողության կորստով է տառապում:

ԹԵՀՄԻՆԵ ԵՆՈՔՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել