Շատերը լավ չեն պատկերացնում, թե ինչ է իրենց հետ անում տեղեկատվությունը, սովորական ինֆորմացիան, որ առավոտից երեկո իրենք ընդունում են ինտերնետից, հեռուստացույցից, ռադիոյից, թերթերից, զրույցներից և բջջայինից: Փորձեմ կարճ բացատրել. մարդը նյարդային բարդ համակարգ ունեցող կենդանի է, որն օժտված է գիտակցությամբ: Գիտակցությունն առաջանում է արտաքին աշխարհը արտացոլելու արդյունքում, այլ կերպ ասած` արտաքին աշխարհից տարբեր կերպ ստացվող ինֆորմացիայի արդյունքում: Այդ արտացոլումն անընդհատ պրոցես է, մենք ծնված օրվանից տեղեկություն ենք ստանում արտաքին աշխարհից մեզ պիտանի, մեզ վերաբերվող և մեզ չվերաբերվող երևույթների մասին: Մարդու ուղեղն աշխատում է ինֆորմացիայով: Ուղեղն ինֆորմացիայի հետ անում է նույն գործողություններն, ինչ ստամոքսը` սննդի. ընդունում է, ժամանակ ու էներգիա է ծախսում այն մարսելու համար, պետքականը պահում է, մի մասն ուղարկում հիշողություն, անպետքականը` ջնջում, կամ արտամղում ենթագիտակցություն: Հիմա, ի՞նչ է լինում, երբ ստամոքս է ուղարկվում քիչ սնունդ կամ շատ. բոլորս գիտենք` ստամոքսը նորմալ չի աշխատում, ցավում է և այլն: Բայց այստեղ ավելի կարևոր պահ կա. իսկ ի՞նչ է լինում, երբ ստամոքսը ստանում է անպիտան սնունդ; Այո, օրգանիզմն այդ չի ընդունում, ազատվում է դրանից որքան հնարավոր է արագ, իսկ հակառակ դեպքում դանդաղ ու դժվար մարսում է` զուգահեռաբար փչանալով:

Հիմա ամենակարևորը. նույնը տեղի է ունենում մեր ուղեղի հետ, երբ այն ստանում է քիչ, շատ կամ անպետքական ինֆորմացիա: Բոլոր դեպքերն էլ վտանգավոր են մարդու հավասարակշիռ, ադեկվատ մտածողության և վարքի համար: Քիչ, շատ կամ անպետքական ինֆորմացիայով ամեն օր լցոնվող մարդը դառնում է նյարդային, ոչ ադեկվատ, ինքնուրույն վերլուծություններ և գնահատականներ տալուց զուրկ անձնավորություն: Չե՞ք հավատում. ուշադրություն դարձրեք, թե ինչ եք դուք պատասպանում, երբ ձեզ ինչ-որ հարց են տալիս, ենթադրենք, ներքին քաղաքական պրոցեսների, կամ, օրինակ, կենսաթոշակային բարեփոխումների մասին: Դուք ասում եք այն, ինչ կարդացել կամ լսել եք վերջերս: 
Գրեթե բոլորն են այդպես անում, որովհետև բոլորս ապրում ենք ինֆորմացիոն դարաշրջանում, որտեղ գլխավոր զենքն ու միաժամանակ գլխավոր թիրախը մարդու ուղեղն է` այս աշխարհում ինֆորմացիա վերլուծող միակ երևույթը:
Ստամոքսը կարող հետ ուղարկել վատ սնունդը, իսկ ուղեղը չի կարող ազատվել, չընդունել ոչ պետքական տեղեկատվությունը. այս ստիպված ընդունում է ամեն տեսակի անպիտան ինֆորմացիա և բառացիորեն թունավորվում դրանով: Հետո, երբ դուք պետք է ինչ-որ բանի մասին մտածեք, արդեն չի ստացվում, քանի որ ուղեղը և հիշողությունը գերհագեցած են տարիներով կուտակված հիշողություններով, ստատուսներով, լոգին-գաղտնաբառերով, չիրականացված նպատակներով ու ցանկություններով, և ամենաշատը` ամեն օր ընդունվող, չմարսվող և ուղեղի վրա ծանրացող ինտերնետային լրահոսով, իբր համաշխարհային նշանակության իբր նորություններով, տարբեր մակարդակի աստղիկների ոչ աստղային ֆոտո-վիդեո-վերբալ փայլատակումներով և այլ տեղեկատվական աղբով:

Հ.Գ. Ինչպե՞ս կողմնորոշվել. ստանալ տեղեկատվությունը ըստ նպատակի: Այն, ինչ ստիպում է ձեզ մտածել, մեծ հավանականությամբ տեղեկատվական աղբ չէ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել