Սպանեց և արդարացվեց. 83 տարի առաջ Թեհլերյանը գնդակահարեց ԹալեաթինPanARMENIAN.Net-ը գրում է.

Հայոց Ցեղասպանության վերապրող և ազգային հերոս Սողոմոն Թեհլերյանը, որոշելով վրեժխնդիր լինել Թալեաթ փաշայից, որոնել է նրան մի քանի երկրում և վերջապես հայտնաբերել Բեռլինում: 1921-ի մարտի 15-ի առավոտյան Թեհլերյանը փողոցում դիմահար կրակոցով սպանել է Երիտթուրքեր կազմակերպության ղեկավար և Հայոց Եղեռնի գլխավոր կազմակերպիչ Թալեաթին և հանձնվել ոստիկանությանը: Դատավարության ընթացքում բացատրել է իր արարքի դրդապատճառը, մերկացրել Երիտթուրքերի հանցավոր հակահայ քաղաքականությունը. «Այո, ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»:

Գերմանացի հասարակական և հոգևոր գործիչ Յոհաննես Լեփսիուսը` որպես վկա, մերկացրել է երիտթուրքերին և նրանց պարագլուխներին: Դատավարությունը, ըստ էության, վերածվել է Թալեաթի և հայոց Մեծ եղեռնի մյուս կազմակերպիչների դատի: Եվրոպայի առաջադեմ հասարակայնության ճնշմամբ Բեռլինի դատարանն արդարացրել է 25-ամյա Սողոմոնին և հունիսի 2-ին հենց դատարանի դահլիճից ազատ արձակել: Սողոմոն Թեհլերյանն աշխարհում միակ արդարացված մարդասպանն է:

Հատված «Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը» գրքից.

Բեռլին: 1921 թվականի մարտի 15-ին Շարլոտենբուրգում – Հարդենբերգ փողոց – ատրճանակից արձակված մի գնդակով կատարվել է սպանությւոն:

- Ո՞վ է սպանվել:

- Սպանվել է մի մեծ ոճրագործ, քաղաքական մի մարդասպան, թուրք մի ճիվաղ:

- Ո՞վ է սպանել:

- Երիտասարդ մի հայ, ուսանող:

Եթե սպանվածը սովորական մի ոճրագործ չէ, այլ արտասովոր մի ճիվաղ, ապա մարդկությունը փրկվել է մի հրեշից, որը, եթե կենդանի մնար, դեռ ինչպիսի՜ անմեղ մարդկանց պիտի ոչնչացներ:

Ինչպե՞ս կոչել այն մարդուն, որ երկրի երեսից վերացրել է ժողովրդասպան մի հանցագործի:

Ո՞վ է սպանվել:

Սպանվել է մեկը, որ արժանի է եղել մահապատժի: Այո, երեք անգամ ու երեք տարբեր կողմերից նա դատապարտված է եղել մահապատժի: Նրա անունը Թալեաթ է, որ փաշայի տիտղոս էլ ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել