1in.am-ը գրում է.

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում սպառողներն առաջին հերթին կարևորում են պարենամթերքի գինը և նոր միայն որակը: Այսօր՝ Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

«Հայաստանում վերջին տարիներին սննդամթերքի որակն առհասարակ ընկել է: Պաղպաղակը, որ մեզ շատ համեղ է թվում, ամենևին էլ որակյալ չէ: Որակյալ չեն նաև երշիկները, որոնց բաղադրության մեջ միսն ընդամենը 15 տոկոս է կազմում: Ինչ վերաբերում է գենափոխված սննդին, ապա եթե այսօր դրանից չենք թունավորվում, դեռ չի նշանակում, որ այն անվնաս է: Գենափոխված սննդամթերքը մարդու առողջության վրա դանդաղ է ներգործում: Իսկ ինչ վերաբերում է կաթնամթերքին, ապա հայաստանյան ոչ մի արտադրող բարեխղճություն չի ցուցաբերում կաթի տուփի վրա նշելու՝ քանի տոկոսն է չոր կաթ և քանիսը՝ կովի: Ստացվում է՝ կաթնամթերքի շուկայում վերահսկողությունը զրոյական է»,- ասաց նա՝ հավելելով, որ չի ստուգվում նաև հանրապետություն ներկրվող կոսմետիկայի որակը:

Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ պարենամթերքի միջազգային շուկայում պետական և հասարակական սեկտորները խնդիրների հարցում հիմնականում նույնակարծիք են լինում, մինչդեռ Հայաստանում հասարակական սեկտորն ասում է՝ խնդիր կա, պետական սեկտորը հարցնում՝ ո՞ւր է, չկա:

Ասուլիսի մյուս բանախոս՝ Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն էլ իր հերթին նկատեց, որ սուպերմարկետների անկառավարելի, չպլանավորված բաշխումը շատ հաճախ հանգեցնում է մանր ու միջին բիզնեսի վերացմանը: «Սրան հակառակ՝ կարծում եմ, որ վերջին տարիներին Հայաստանում բարձրացել է սպասարկման և ծառայությունների որակը: Ինչ վերաբերում է տրանսպորտի սակագնի հարցին, ապա այն կարծես կրկին հասունացել է: Իմ կարծիքով՝ այս համակարգը պետք է աշխատի ԲԲԸ հիմունքներով, որը կիսով չափ կլինի մունիցիպալ, կիսով չափ «գծատերերի» ենթակայության ներքո»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել