Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ: 

 3  Վասիլի Արխիպովը փրկել է աշխարհը

Բոլորը չէ, որ կարող են բառացիորեն փրկել աշխարհը: Վասիլի Արխիպովը այն քչերից էր, ով ունակ էր նման սխրագործության, ընդ որում, նա այնքան լուռումունջ արեց դա, որ Արևմուտքում ոչ ոք տեղյակ չէր այդ մասին մինչև նրա մահը: 1962 թ.-ին Վասիլի Արխիպովը ծառայում էր խորհրդային B-59 սուզանավում: Հոկտեմբերի 27-ին B-59-ը շրջափակվեց ամերիկյան 11 կործանիչների կողմից, որոնք սկսեցին խորքային ռումբեր նետել B-59-ի վրա՝ կարծելով, թե դա շրջափակումից փախուստ տվողների սուզանավ է, որն ուղևորվում է Կուբա: Մտածելով, թե սկսվել է երրորդ համաշխարհային պատերազմը, B-59-ի կապիտանը որոշեց օգտագործել այն ծովառումբը, որը հենց նման դեպքի համար էր նախատեսված:

Ինքնին հասկանալի է, թե Կարիբյան ճգնաժամի ժամանակաշրջանում ամերիկացիները ինչ կերպ կպատասխանեին միջուկային հարձակմանը: Բարեբախտաբար, միջուկային հարձակում սկսելու համար հարկավոր էր Վասիլի Արխիպովի համաձայնությունը: Իր տրամաբանության շնորհիվ Արխիպովը, ով միևնույն աստիճանն ուներ, ինչ B-59-ի կապիտանը, իր ծառայակիցներին համոզեց հետ դառնալ առանց ծովառումբն օգտագործելու: Տարիներ անց այս միջադեպի մասին կարդալով գաղտնազերծված փաստաթղթերից՝ Ռոբերտ Մակնամարան ասաց. «Մենք շատ մոտ եկանք, ավելի մոտ, քան կարծում էինք ժամանակին»: Խորհրդային փաստաթղթերը հրապարակվեցին 2002 թ.-ին՝ Արխիպովի մահից 4 տարի անց:  

 2  Գավրիլո Պրիցիպը սկիզբ դրեց 20-րդ դարի արյունահեղություններին

Գավրիլո Պրինցիպը ոչ ոք էր, սակայն հենց նա ազդարարեց պատմության ամենաարյունալի դարի սկիզբը: Այս 19-ամյա սերբ ազգայնականը 1914 թ.-ին միացավ դավադիրների խմբին՝ Սարաևոյում էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդին սպանելու համար: Էրցհերցոգի շքերթի ժամանակ հավաքվել էր 6 դավադիր՝ զինված ռումբերով ու ատրճանակներով: Առաջին դավադիրն անգամ չփորձեց սպանել էրցհերցոգին՝ վախենալով մոտակայքում կանգնած ոստիկանից: Երկրորդ դավադիրը ռումբ նետեց էրցհերցոգի ավտոմեքենայի ուղղությամբ: Պայթյունի հետևանքով վնասվեցին մի քանի պատահական անցորդ և Ֆերդինանդի շքախմբի մի քանի անդամ: Ֆերդինանդին և իր կնոջը հաջողվեց անվնաս մնալ: Անվտանգ վայր հեռանալուց հետո Ֆրանց Ֆերդինանդը պնդեց, որ ինքը պետք է այցելի ռմբակոծության զոհերին: Ճակատագրի հեգնանքով էրցհերցոգի վարորդը սխալ ուղղությամբ տարավ էրցհերցոգին և նրա կնոջը: Նրանք հայտնվեցին հենց այն սրճարանի մոտ, որտեղ նստած էր Պրինցիպը: Պատուհանից դուրս նայելով՝ Պրինցիպը տեսավ Ֆրանց Ֆերդինանդի մեքենան: Մի քանի քայլի հեռավորությունից նա երկու կրակոց արձակեց: Գնդակները դիպան նշանակետին: Ֆրանց Ֆերդինանդը և նրա կինը մահացան:

Հանցագործը կամրջից ցած նետվեց՝ ընկնելով 10 սմ խորությամբ ջրի մեջ: Դրանից հետո նա ողջ մնաց, սակայն հետագայում դատապարտվեց մահապատժի: Ֆերդինանդի և նրա կնոջ սպանությունից հետո Ավստրիան վերջնագիր ներկայացրեց Սերբիային: Սերբիան օգնության խնդրանքով դիմեց Ռուսաստանին: Ավստրիան դիմեց իր դաշնակից Գերմանիային: Այս ամենին խառնվեցին Անգլիան և Ֆրանսիան, և սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը: Պատերազմի ընթացքում 11 միլիոն մարդ զոհվեց և սկսվեց մի համաճարակ, որի պատճառով մահացավ 18 մլն. մարդ, տեղի ունեցան հեղափոխություններ, որոնք խլեցին տասնյակ-միլիոնավոր մարդկանց կյանքը: Ի վերջո, պատերազմի ավարտն ազդարարվեց Վերսալյան պայմանագրի ստորագրմամբ:

 1  Ձեզ մինչ օրս էլ Նորման Բորլոուգն է կերակրում

Նորման Բորլոուգը Մինեսոտայի համալսարանի կենսաբաններից էր, ով մասնագիտացել էր գենետիկայի մեջ: 1940-ականներին նա զբաղված էր ցորենի դիմացկուն տեսակների ստեղծմամբ: Իր աշխատանքային գործունեության ընթացքում Բորլոուգը կարևոր դեր ստանձնեց գենոմոդիֆիկացված բերք ստեղծելու և այն Ասիայով ու Աֆրիկայով մեկ տարածելու գործում: Նրա աշխատանքի արդյունքում ցորենի ու բրնձի այնպիսի տեսակներ ստեղծվեցին, որոնք ներկայումս աճեցվում են աշխարհի հերկելի հողի 10 տոկոսի վրա:    

Բորլոուգն իր գործունեությունը սկսեց այնպիսի ժամանակաշրջանում, երբ սովը լուրջ սպառնալիք էր աշխարհի տարբեր երկրներում: Բորլոուգի՝ Պակիստան ժամանելուց հինգ տարի անց երկրի գյուղատնտեսական մթերքների արտադրությունը կրկնակի աճեց, իսկ հացահատկեղենի ծավալը միանգամայն բավարարում էր ներքին սպառման համար: Նույնը կատարվեց նաև այն ժամանակ, երբ նա աշխատում էր Հնդկաստանում: Ըստ հաշվարկների՝ Բորլոուգի աշխատանքի շնորհիվ ավելի քան մի միլիարդ մարդ է փրկվել սովից:   
Մի միլիարդ մարդ: Սա ավելին է, քան 20-րդ դարի բոլոր պատերազմների և հեղաշրջումների ընթացքում մահացած մարդկանց ընդհանուր թիվը:

Մարդիկ են կերտում պատմությունը: Այն մի միլիարդ մարդիկ, որոնց փրկել է Նորման Բորլոուգը, կապրեն իրենց սեփական պատմությունը կերտելու համար: Նույն կերպ կվարվեն նաև նրանց երեխաներն ու թոռները: Նորման Բորլոուգը 95 տարեկանում խաղաղ մահով մահացավ 2009 թ.-ին՝ Տեխասի իր բնակարանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել