Ճապոնիայում հայտնագործել են ատամի մածուկ, որը փակում է ատամի անցքերը: Հայտնագործությունը կատարել է ճապոնացի գիտնական Կազուե Յամագաշին:

Նրա ստեղծած մածուկով կարելի է շատ արագ փակել ատամի ճեղքերը և անցքերը, և ամենակարևորը՝ բացարձակապես անցավ: Մածուկը հնարավորություն է տալիս վերականգնել ատամի էմալը՝ առանց այցելելու ատամնաբույժի, և կանխարգելում է կարիեսի առաջացումը, հայտնում է The Daily Telegraph թերթը:

Իր բաղադրությամբ այն մոտ է էմալին, և այն կարելի է քսել հենց ատամի ճեղքին: Նյութը ստացվել էր հիդրոքսիլ-ապատիտի փորձարկումների արդյունքում, որը ատամների գլխավոր բաղադրիչն է:

Սկզբում նյութի մեջ պարունակվող թթուն քայքայում է վնասված ատամի էմալը, իսկ երեք րոպե անց մածուկը բյուրեղանում է և ամուր նյութը ամրապնդվում է ատամի բնական էմալի կառուցվածքի մեջ: Նաև սա հակաբակտերիալ հիասքանչ միջոց է:

Ճապոնացի ատամնաբույժերի կատարած հետազոտությունները ցույց են տալիս, որ այս մածուկով բուժված ատամը ոչնչով չի տարբերվում առողջ ատամից, տարբերությունը չի երևում նույնիսկ մանրադիտակի տակ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել