Iravunk.com-ը գրում է.
Հետամուտ լինելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ լայնածավալ գործունեությանը Մարտակերտում` «Իրավունքը» որպես ինֆորմացիոն հովանավոր շարունակում է լուսաբանել արդեն իսկ իրագործված աշխատանքների մասին:
-Տիկին Պետրոսյան, որքանով տեղյակ ենք, նախորդ ԱԺ քառօրյայից առաջ կրկին Մարտակերտում էիք: Այս անգամ ի՞նչ առաքելությամբ էիք այնտեղ:
- Բոլոր այցերս Արցախ միշտ մի նպատակ ունեն` աշխատանք եւ միայն աշխատանք: Մեր նախորդ հարցազրույցից հետո շատ արձագանքներ եղան, հավաքվեցին գրքեր, պիտույքներ կարի խմբակի համար, իսկ այցիս գերնպատակն, անշուշտ, Մշակույթի տան վերանորոգման աշխատանքները սկսելն էր:
- Նախորդ մեր զրույցում նշել էիք, որ Մարտակերտի Մշակույթի տունը երաժշտական գործիքների կարիք ունի: Հաջողվե՞ց դրանք ձեռք բերել:
- Ինչպես նշեցի` եղան արձագանքներ, եւ ինձ համար շատ հուզական էր առաջին տիկնոջ` տիկին Ռիտա Սարգսյանի, այս գաղափարին միանալը: Նշել էի, որ երաժշտական գործիքների կարիք ունի Մարտակերտի Մշակույթի տունը, երաժշտական դպրոցը, ու այսօր տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ Մշակույթի տունն ունի մեծ ու փոքր պկու, կոպալ, 5 նոտակալ, պրոֆեսիոնալ երաժշտական կենտրոն, իսկ երաժշտական դպրոցն ունի փոքր թառ, փոքր ու մեծ դհոլ, կլառնետ, դուդուկ, շվի եւ 5 նոտակալ: Չեմ դադարում շնորհակալությունս հայտնել Արա Գեւորգյանին, որը երբեք անտարբեր չի մնում, երբ դիմում եմ իրեն: Իր շնորհիվ ամիսներ առաջ 2 դաշնամուր հասցրեցի երաժշտական դպրոց, ուր կան մասնագետներ, սակայն գործիք չունենալու պատճառով չէին կարողանում դասավանդել: Արայի շնորհիվ ծանոթացա երաժիշտ Մանուկ Հարությունյանի հետ, ու գիտեմ այլեւս միշտ երաժշտական որեւէ գործիք փնտրելիս` կարող եմ իրեն դիմել: Հիվանդությունից հետո առաջին նպատակս Մշակույթի տան տնօրեն Դավիթ Սահակյանի երազանքն իրականացնելն էր, ինչի համար գնացի «Վերնիսաժ» եւ ձեռք բերեցի Կոմիտասի 4 հատորները: Պետք էր տեսնել նրա ուրախությունը, թե ինչպես էր գրքերը սեղմել իրեն ու չէր բաժանվում դրանցից: Տարա նաեւ նկարչական խմբակի որոշ պիտույքներ, եւ արձագանքներից ելնելով գիտեմ, որ շարունակելի է: Երբ երեկոյան հավաքվեցինք Մշակույթի տանը թեյ խմելու, երեխաներն ուրախությունից շուրջպար բռնեցին. շատ էի հուզվել: Ինձ համար դա մեծ անակնկալ էր: Վերջապես մշակույթի տունը նոր պարուսույց ունի: Շատ սիրեցի տիկին Անահիտին, որն ուսանել է Գագիկ Գինոսյանի մոտ, եւ ինձ համար կարեւոր է, որ Մարտակերտում մշակույթ ներկայացնող ծանր «հրետանին» այսօր Դավիթ Սահակյանն է, տիկին Անահիտն է: Իմ սիրած հայի տեսակն են իրենք:
- Համոզված ենք, որ կանանց միամսյակի շրջանակներում էլ արդեն նախատեսված միջոցառումներ ունեք Մարտակերտում: Ի՞նչ է սպասվում մարտակերտցիներին:
- Ելնելով իմ խառնվածքից ու երեւակայությունից` անշուշտ կուզեի ինչ-որ բան անել, բայց զուգորդել դա վերանորոգման աշխատանքների հետ մի քիչ դժվարանում եմ: Սակայն, Աստված գիտի, մեկ էլ ու խելքիս մի բան փչի:
- Մարտակերտի մի շարք դպրոցների, ինչպես նաեւ Արվեստի դպրոցի ու Մշակույթի տան համար դեռ բազում ծրագրեր ունեք, բայց այս պահին հերթը ինչի՞ն է հասել:
- Հերթ, որպես այդպիսին, չկա: Գնում եմ, ծանոթանում եմ իրավիճակին, խնդիրներին, տրամաբանորեն աշխատանքը բաշխելով` փորձում եմ իրականացնել:
- Մարտակերտի հիասքանչ բնությունը, մարդկանց սերն ու հարգանքը տեսնելուց հետո գալիս եք Երեւան եւ ընկղմվում խորհրդարանական աշխատանքների մեջ: Այս անցումն ու միջավայրերի խիստ տարբերությունն ինչպե՞ս եք հաղթահարում:
- Վերադառնում եմ իմ Երեւան, իմ տուն, ընտանիքիս գիրկը, աշխատանքիս, ու ամեն ինչ միակապակցված է: Անցյալ անգամ ասացի, որ Արցախն էլ է Հայաստան, իսկ Հայաստանը ես սիրում եմ իմ տան նման: Յուրաքանչյուր խնդիր, յուրաքանչյուր կորուստ, ձեռքբերում` իմն են, երակներիս միջով են անցնում, սրտիս մեջ են, որը մերթ ցավում է, մերթ խնդում: Տարբերություն չկա, եթե անելիք ունես, եթե ծառայում ես երկրիդ, համեմատությունների ժամանակ չես ունենում:
- Իրականացնելով մի շարք մշակութային, կրթական ծրագրեր Մարտակերտի շրջանում` ապացուցեցիք, որ եթե ձեռք ձեռքի բռնենք, սարեր շուռ կտանք: Ամփոփելով զրույցը` ի՞նչ նոր ծրագրեր ունեք, որին կարող է միանալ հասարակ քաղաքացին, որն ունի թեկուզ փոքրիկ հնարավորություն` ձեռք մեկնելու սահմանամերձ շրջանում ապրող իր հայրենակցին:
- Գիտեք, ոչ մի հստակ պատասխան չունեմ Ձեր այս հարցին: Ինչ ասեմ: Ընկերներիս ստիպելով` բարձրաձայնեցի աշխատանքիս մասին, կարդացողը, սրտացավը, անգամ զազրախոսը արձագանքում են, ամեն մեկը յուրովի, ով միանում է` շնորհակալ եմ, ով օգնության ձեռք է մեկնում` փառք ու պատիվ: Երեւույթը չեմ հերոսացնում, ինձ համար սա օրինաչափություն է: Վստահ եմ` ինձ միացող ցանկացած հայ նույն կերպ է ընկալում: Երբ նպատակ ես դնում քո առջեւ ու ծառայում ես նրան ազնվորեն` Աստծո աջն ես զգում ուսիդ: Մեր տունը Հայաստանն է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ