Hraparak.am-ը գրում է.
Մեր վարչապետը քեֆս բերում է: Էս նեղ մաջալին, երբ մանկան առաջին ճիչը մամայի փոխարեն «Տիգրան հեռացիր» է, ինքը խուճապի մեջ ընկնելու փոխարեն անասուններին է խուճապահար անում: Մեզանից պրծել, հիմա էլ անցել է խոշոր եղջերավորներին: Դե երկրում էլ մարդ չի մնացել, որ հաջորդ մարդահամարը անցկացվի, որոշել է հաջորդ մարդահամարի փոխարեն անասնահամար անցկացնի: Խախտելով խոշոր եղջերավորների իրավունքը, չխորհրդակցելով, հալում- հարցում չանելով նրանցից, հարցը մտցրել է կառավարության նիստ ու ոչ ավել, ոչ պակաս որոշում կայացրել, որ Հայաստանում կհաշվառվեն և կհամարակալվեն խոշոր եղջերավոր կենդանիները: Որոշումը կենդանիների սրտով չի եղել ու մոտ օրերս պատրաստվում են կառավարության շենքի առաջ ակցիա անել: Խոշոր եղջերավոր Մարալ Գյոզալյանն այս պլակատով է հանդես գալու. «Բաաա՜, Տիգո, բաա՜ո, մամաո՜»: Անասուններն իրենց խերն ու շառը չեն հասկանում: Ասա, ի՞նչ վատ բան է անում վարչապետը: Նորին մեծությունները կհամարակալվեն, կգրանցվեն, անձնագիր կստանան, գուցե նաև ըստ ցանկության որևէ կուսակցության կհարեն, կպոզահարեն: Կառավարությունը կիմանա, թե տվյալ կովը ինչ սեռի, ինչ ցեղի է, ինչ հակումներ ունի, օխտը պորտը կիմանա: Ասենք թե տվյալ կովը որոշել է տեղաշարժ անել, մի վայրից տեղափոխվել մի այլ վայր, իսկույն կառավարությունը կիմանա և համապատասխան միջոցներ կձեռնարկի: Եթե ուզում եք իմանալ, այդպես կովագաղթը լիովին կկանխվի ու միայն չոբանները կարտագաղթեն: Դե նրանք, կարևոր չեն, ոչ մսատու են, ոչ կաթնատու, ուր ուզում են թող գաղթեն:
ՀԳ Անահիտ Բախշյանի երազանքն իրականանում է: Հիշու՞մ եք, որ ԱԺ պատգամավորների գլուխներն էր ուզում հաշվել: Իմաստուն կին, հեռահար քաղաքականություն, դեռ երկու տարի առաջ գիտեր, որ գալու է գլուխներ հաշվելու ժամանակը…
ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ



