Միջազգային առևտրի աճի ցածր տեմպերը դեռևս պահպանվում են Panorama.am-ը գրում է.

Համաշխարհային տնտեսությունում ընթացող գործընթացները օբյեկտիվորեն գնահատելու համար անհրաժեշտ է նաև միջազգային առևտրի միտումներին ծանոթանալ: Արդեն երկու տարի է միջազգային առևտրի աճի տեմպերը ցածր են, նախնական տեղեկություններով 2013 թ.-ին աճը կազմել է ընդամենը 2,7 %, որը թեև բարձր է նախորդ 2012 թ.-ի 2,5%-ի համեմատ, այնուամենայնիվ դեռևս գոհացուցիչ չէ: Համեմատության համար նշենք, որ 2011 թ.-ին աճը կազմել է 5%, իսկ 2010 թ.-ին՝ 13,9% (ԱՀԿ): Այն երկու անգամ զիջում է նաև նախաճգնաժամային աճի տեմպերին:

Միջազգային առևտրի աճի տեմպերի դանդաղումը բացատրվում է տնտեսապես զարգացած երկրների ներմուծման ծավալների նվազմամբ: Եթե արտահանման ծավալները մի փոքր աճել են 2012 թ.-ի համեմատ, ապա ներմուծման ծավալները նվազել են: Այսպես օրինակ, Եվրամիության արտահանումը աճել է 3 %-ով, իսկ ներմուծումը նվազել է -6%-ով: ԱՄՆ-ում արտահանումը աճել է 2,8%-ով, իսկ ներմուծումը նվազել է -0,1%-ով:

Ընդհանրապես վերջին տասնամյակում միջազգային առևտուրը զարգանում է ոչ հավասարաչափ: Եթե մինչև ճգնաժամը աճում էր բարձր տեմպերով, ապա այն ուժգին անկում գրանցեց 2009թ.-ին, որը կազմեց -12,5%: Մինչ ճգնաժամը միջազգային առևտրի տեմպերին նպաստել են առևտրի ազատականացումը և տրանսպորտային-առաքման համակարգերի բարելավումը:

Տրանսպորտային ծախսերի նվազումը խթանում էր գլոբալ առևտրային համակարգի զարգացմանը: Դա նպաստում էր այնպիսի խոշոր երկրների առևտրային հարաբերությունների զարգացմանը, ինչպես օրինակ Բրազիլիան, Հնդկաստանը և Չինաստանը: Միաժամանակ առևտրի աճը պայմանավորված է եղել «հումքային բումով», որի արդյունքում միներալային հումքի գնանշումները աճել են 3,7 անգամ, աճել են նաև գյուղատնտեսական ապրանքների, հատկապես պարենամթերքների գները: Սակայն դրանց առևտրի ծավալները աճել են ոչ այնքան ֆիզիկական, այլ հիմնականում գնային առումով: Ֆիզիկական ծավալները աճել են հատկապես պատրաստի ապրանքների (ինչպես օրինակ տրանսպորտային միջոցներ, տեխնոլոգիական սարքավորումներ, համակարգչային տեխնոլոգիաներ) դեպքում, իսկ հումքային ապրանքների ֆիզիկական առևտրի ծավալները ըստ էության քիչ տեմպերով են աճել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել