Tert.am-ը գրում է.
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Առողջապահության նախարարություն, որտեղ շրջել է աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, այդ թվում՝ դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերով և տեխնոլոգիաներով ապահովման բաժնում, մոր և մանկան առողջության պահպանման վարչությունում, արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնում: Այնուհետև նախարարության աշխատակիցների հետ հարցուպատասխանի ժամանակ Նախագահն անդրադարձել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2013 թվականի դեկտեմբերի 17-ի վճիռը բողոքարկելու՝ Շվեյցարիայի կառավարության որոշմանը և վստահություն հայտնել, որ ՄԻԵԴ–ը այնպիսի որոշում կընդունի, որը վիրավորական չի լինի ցեղասպանություն վերապրած ժողովուրդների համար։
Սերժ Սարգսյանը ծանոթացել է աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց գործառույթների, իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների մասին, հետաքրքրվել դեղերի ներմուծման գործընթացն ավելի թափանցիկ և դյուրին կազմակերպելու նպատակով պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ ներդրված «մեկ պատուհան» համակարգի արդյունքներով։
Շրջայցն ավարտելուց հետո, Հանրապետության Նախագահը խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ:
Առողջապահության նախարարը, նախարարի տեղակալները և աշխատակազմի ղեկավարը զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ նախատեսված միջոցառումների և առաջիկա ծրագրերի մասին.
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ներկայացրել է նախարարության 2012-2014 թվականների գործունեության հիմնական արդյունքները։ Նախարարն առողջապահության համակարգում իրականացվող բարեփոխումների, ձեռքբերումների մասին խոսելուց բացի, անդրադարձել է նաև առկա խնդիրներին, դրանց լուծմանը միտված միջոցառումներին՝ այդ համատեքստում կարևորելով բժշկական օգնության որակի, մատչելիության ապահովման և կոռուպցիոն ռիսկերի վերահսկման ուղղությամբ աշխատանքները:
Իր զեկույցում Դերենիկ Դումանյանը ներկայացրել է նաև դեղերի շրջանառության ոլորտում պետական կառավարման արդյունավետության բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքները:
Նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի զեկույցը վերաբերել է մոր և մանկան առողջության պահպանման խնդիրներին, այդ ոլորտում արձանագրված ցուցանիշներին և նախատեսված հետագա ծրագրերին:
Նախարարի տեղակալներից Տիգրան Սահակյանը ներկայացրել է կադրային քաղաքականության և առողջապահության համակարգում լիցենզավորման ոլորտի խնդիրները, անդրադարձել կադրերի անհամաչափ բաշխման և ոլորտում առկա այլ խնդիրներին, դրանց լուծման հնարավորություններին։
Նախարարի մեկ այլ տեղակալի՝ Արման Բաբլոյանի զեկույցը ներառել է մարզային առողջապահական համակարգի համաչափ զարգացման հիմնախնդիրները, միջազգային համագործակցության շրջանակներում դրանց հաղթահարմանն ուղղված ծրագրերն ու առաջիկա անելիքները։
Նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը ներկայացնելով նախարարության աշխատակազմի կառուցվածքը և կադրերով համալրվածության աստիճանը՝ զեկուցել է մարդկային ռեսուրսների և ընթացիկ ղեկավարման հետ կապված աշխատանքների ու աշխատակազմի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին:
Զեկույցներում արծարծված առանձին խնդիրների վերաբերյալ Նախագահը հարցեր է ուղղել զեկուցողներին, իր դիտողություններն ու դիտարկումները ներկայացրել և համապատասխան հանձնարարականներ տվել պատասխանատուներին:




Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



