Emedia.am-ը գրում է.
Երևանի Վ. Սարգսյան 3 հասցեում կառուցվում է Կառավարական շենքերի նոր համալիրը, որը տեղակայված է նախկին «Սևան» հյուրանոցի և ՀՀ գլխավոր դատախազության շենքերի միջև: Նախկինում այս հատվածում գտնվում էր ՀՀ արդարադատության նախարարության շենքը, իսկ ետնամասում` դեռ խորհրդային տարիներից չգործող կաթսայատուն և վարչական մասնաշենք:
eMedia.am-ի թղթակցի փոխանցմամբ` նախագծի հեղինակ ՀՀ կառավարությանն առընթեր Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում այսօր ասաց, որ շուրջ 5000 քմ տարածքի վրա տեղակայվելու են` ճակատային մասում ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքը, իսկ կամարանցման հետևի մասում` ՀՀ արդարադատության և ՀՀ էներգետիկայի նախարարությունները: Այստեղ տեղակայվելու է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայությունը, վիզաների բաժինը և մյուս բոլոր բաժինները:
«ՀՀ արտաքին գործերի նախաարությունը նոր համալիրում զբաղեցնելու է գրեթե կրկնակի ավելի մեծ տարածք, քան զբաղեցնում էր առ այսօր: Բացի դրանից կունենա բոլոր անհրաժեշտ պայմանները` ժամանակակից սարքավորումներով, այդ թվում նաև պաշտոնական պատվիրակությունների համար մոտեցումների, անցումների ավելի լավ պայմաններ: Շինության կամարի մտահղացումն այնպիսին է, որ այն դառնա նաև հետիոտն փողոց, որը ներքին բակով իրենից կներկայացնի բաշխման կետ տարբեր նախարարությունների միջև: Յուրաքանչյուր նախարարություն կունենա առանձին մուտք և առանձին մասնաշենք: Կամարը մինչ օրս իրականացված ամենաբարձր կամարն է` շինարարական մոնոլիտ տեխնոլոգիաներով, մոտ 17 մետր բարձրությամբ և 14 մետր լայնությամբ»,- ասաց Սարգսյանը:
Ճարտարապետի խոսքով` շենքի հետնամասում կառուցվելու է ևս մեկ մասնաշենք` ՀՀ տարածքային կառավարման և ՀՀ Սփյուռքի նախարարությունների համար: Շենքերը ապահովված են լինելու ժամանակակից սարքավորումներով, ինժեներական բոլոր ենթակառուցվածքներով: Այստեղ կիրառված են նաև ժամանակակից տեխնոլոգիաներ, այդ թվում` գիպսաստվարաթղթե միջնորմներ ու միջնապատեր, կիրառված են արտաքին ջրամեկուսացման նոր նյութեր, ջեռուցման ու հովացման համար ամենավերջին սարքավորումները:
«Արտաքին երեսապատման համար որպես սկզբունք կիրառվել է բացառապես տեղական շինանյութ` տեղական բազալտ ու տրավերտին, իսկ գլխավոր ֆասադի ճերմակ քարը բավականին բարդությամբ հայթհայթվել է Ստեղփանակերտից մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվող հանքից: Կառուցվում է ընդհանուր առմամբ 29-ից 30 հազար քմ տարածք: Առաջին հարկում տեղաբաշխված կլինեն ստորգետնյա ավտոկայանատեղիները` շուրջ 100 մեքենայի համար, ևս այդքան մեքենա կտեղավորվի վերգետնյա ավտոկայանատեղիներում»,- տեղեկացրեց ճարտարապետը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



