«Շատերն այսօր փնտրում են սեռական կյանքի ընկերոջ և ոչ՝ հոգեհարազատ մարդու». հոգեբանLife.panorama.am-ը գրում է.

«Ամուսնանալն ամենևին դժվար չէ, դժվարը ամուսնացած լինելն է»,-իր ժամանակին նկատել է իսպանացի գրող, փիլիսոփա Միգել դե Ունամունոն: Այս միտքն  արդիական է բոլոր ժամանակների համար, առավել ևս՝ վերջին ժամանակների, երբ հաճախակի են դարձել հատկապես կարճատև ամուսնական կյանքից հետո գրանցվող  ամուսնալուծությունները: Այսօր աճել են  երկրորդ կեսի նկատմամբ անհանդուրժողականության դրսևորումները, որոնք    հանգեցնում են շուտափույթ ամուսնալուծությունների:

Թեմայի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան, Հոգեթերապիայի և հոգեբանական խորհրդատվության բաժնի ղեկավար  Մարիա Թևոսյանի հետ, ով  ունի զույգերի հետ աշխատելու ավելի քան 10 տարվա փորձ:

-Այսօր հաճախակի են դարձել ամուսնալուծությունները՝ կարճատև ամուսնական կյանից հետո. կարելի՞ է  ասել, որ առաջին՝ ադապտացիոն  փուլը  չի հաղթահարվում, սա ինչո՞վ է պայմանավորված:

-Ընդհանրապես, աշխարհի մասշտաբով արված ուսումնասիրությունները փաստում են, որ ամուսնության համար ամենավտանգավոր շրջանն առաջին հինգ տարին է, որի ընթացքում ադապտացիայի փուլը բուռն է ընթանում, առատ է կոնֆլիկտներով. այս հանգամանքն էլ պատճառ է հադիսանում ամուսնալուծության: Սա, կարելի է ասել,  օրինաչափություն է: Բանն այն է, որ այսօր զույգերի  հարաբերությունները կառուցվում են  ոչ բավարար ամրության, ոչ բավարար հենքի վրա, և նրանք չեն դիմանում այդ փորձաշրջանին:

-Հիմա զույգերը շատ հակված չեն խոչընդոտները միասին հաղթահարելուն,  միմյանց նկատմամբ անհանդուրժող են դարձել, որո՞նք են պատճառները:

-Այդ անհանդուրժողականությունը պաշտպանողական դրսևորում է օտար, անհասկանալի երևույթների նկատմամբ, որոնք տարբերվում են մեր կարծիքներից, պատկերացումներից: Իհարկե, անհանդուրժողականության դրսևորումները կարող են կապված լինել նաև մի շարք սոցիալ-հոգեբանական գործոնների հետ: Ընդհանրապես, մարդիկ տղամարդ-կին հարաբերություններին վերաբերող տարբեր կարծրատիպեր ունեն, և երբ իրականությունը խիստ տարբերվում է իրենց սպասելիքներից, դա հանգեցնում է կոնֆլիկտի ու անհանդուրժողականության: Բացի այդ, մարդիկ հաճախ չեն կարողանում կառավարել իրենց բացասական զգացմունքները՝ ատելություն, զայրույթ և այլն, ինչը ևս նրանց դարձնում է անհանդուրժող: Եվ վերջապես, հաճախ ամուսինների միջև  հաղորդակցությունը, շփումը ճիշտ չի կազմակերպվում, ինչը  ևս հանգեցնում է նույն հետևանքին:

-Մենք  բոլորս շտապում ենք,  աշխատանքային անվերջ  վազքի մեջ ենք, սա ևս անհետևանք չի մնում, ազդում է  անձնական հարաբերությունների վրա. ի՞նչ անել:

-Օրինակ,  ես ունեմ շատ այցելուներ, որոնք ինձ հետ զրույցում  հաճույքով են հիշում այն մութ ու ցուրտ տարիները,  երբ բոլորը հարևաններով,  բարեկամներով հավաքվում էին ու պարզապես զրուցում, այսինքն՝ շփում կար: Հիմա նույն շփման պակասը առկա է  ընտանեկան հարաբերություններում: Այսօր ամեն մեկն իր կյանքով է ապրում: Այդ «մենք»-ի փոխարեն առաջ է եկել «ամեն մեկս մեզ համար»-ը: Խորհուրդ կտամ հստակ տարանջատել աշխատանքը անձնական հարաբերություններից: Թույլ մի տվեք,  որ առաջինը  սնվի երկրորդի հաշվին:

- Այսօր ի՞նչ դեր ունեն մեդիաները՝ ընտանիք ինստիտուտի նկատմամբ ոչ միանշանակ կարծի ձևավորման հարցում:

-Ես մի բան եմ նկատել.  կոնկրետ լրատվամիջոցներն այսօր մեծ տեղ են տալիս բացասական, զարհուրելի երևույթների լուսաբանմանը. հասկանալի է, որ դրանք սենսացիոն բնույթ են կրում և ապահովում են լայն լսարան: Մի բան ակնհայտ է. երբ մարդիկ ամուսնանում են, այդ մասին նույն խանդավառությամբ չի լուսաբանվում, քան եթե նրանք ամուսնալուծվում են, երբ մարդիկ հաշտ-համերաշխ ապրում են, այս մասին քիչ է խոսվում, իսկ  հենց նրանք սկսում են ծեծել, սպանել, բռնանալ, անմիջապես հայտնվում են ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Տպավորություն է ստեղծվում, թե այն, ինչ ցուցադրում են իրականությունն է, այնինչ՝ դա իրականության աղճատված մասն է: Ի վերջո, այս երևույթը հանգեցնում է այն բանին, որ այն  ինչ մարդկանց համար ԶԼՄ-ները դարձնում են սովորական երևույթ, մարդիկ ևս իրենց ընտանիքներում  սկսում են դրան նորմալ վերաբերվել: Նրանք, օրինակ, սկսում են մտածել.«Ի՞նչ կա որ, բոլորը բաժանվում են, ես էլ կբաժանվեմ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել