10 Մադագասկարյան ցեցի երկար կնճիթը

Մադգասկարյան ցեցը օժտված է կնճիթով, որի երկարությունը կարող է հասնել մինչև 28 սմ: Դա ցեցի մարմնի ընդհանուր երկարությունից ավել է մոտավորապես երեք անգամ: Մադագասկարյան ցեցն իր կնճիթը օգտագործում է խոլորձներից նեկտար ստանալու համար: Այս խոլորձների նեկտարը հասանելի չէ այլ տեսակի միջատների մեծամասնության համար: Մադագասկարյան ցեցի կնճիթը այնքան դյուրաթեք է, որ ցեցը կարողանում է կծիկի պես հավաքել այն իր բերանի ներքևի մասում: Այսպիսով` Մադագասկարյան ցեցը միայն հարկ եղած դեպքում է օգտվում իր երկար կնճիթից: Հետաքրքրական է, որ Չարլզ Դարվինը ցեցի այս տեսակի գոյությունը կանխատեսել էր դրա հայտնագործումից դեռևս տասնամյակներ առաջ:
9 Ժապավենաձև պոչով աստրապիայի պոչի ապշեցուցիչ փետուրները
Ժապավենաձև պոչով աստրապիան իր մարմնի համեմատ ամենաերկար փետրավոր պոչն ունեցող թռչունն է: Այն Նոր Գվինեայի լեռնաշատ անտառների բնիկ թռչուններից է: Դրախտային թռչունների դասին պատկանող այս թռչնի պոչը երեք անգամով գերազանցում է նրա մարմնի ընդհանուր երկարությունը: Թռչունի ընդհանուր հասակը 32 սմ է, իսկ նրա պոչի երկարությունը՝ ավելի քան 1 մետր:
Այս թռչնատեսակը հայտնաբերվել է 1938 թ.-ին: Երկար պոչերը խանգարում են աստրապիաներին, քանի որ դրանք հաճախ խճճվում են բույսերի մեջ: Պոչը ավելորդ ծանրություն է այս թռչունների համար, ինչի պատճառով էլ նրանք դժվարանում են թռչել: Ժամանակին ժապավենաձև պոչով աստրապիաներին որսում էին իրենց փետուրների համար, ինչի արդյունքում նրանք վտանգված թռչունների շարքին դասվեցին:
8 Lineus longissimus որդի արտառոց երկարությունը
Բոլորին էլ հայտնի է, որ որդերը բարակ ու երկար են, սակայն քչերին է հայտնի, թե որդերն առավելագույնը որքան երկար կարող են լինել: Այս հարցի պատասխանը անսպասելի կարող է լինել շատերի համար: Lineus longissimus որդը, որն ամենից հաճախ հանդիպում է Բրիտանիայում, որդի ամենատարօրինակ տեսակներից է: Այս որդերը սովորաբար ինը մետր են լինում, իսկ Lineus longissimus մի որդի երկարությունը հասել է 55 մետրի:
Այս որդերը հիմնականում բնակվում են ջրային տարածքներում: Դրանց մարմինը մի քանի տակ ծալվում է: Դրանք լեղի նյութ են արտազատում, որը վանում է ձկներին՝ թույլ տալով, որպեսզի այս արարածներն անարգել սնվեն ծովի հատակին:
7 Կրծողների դասի ամենատարօրինակ ներկայացուցիչը՝ երկարոտնուկը
Երկարաոտնուկի հասակը մոտավորապես 43 սմ է, իսկ քաշը՝ 3-4 կգ: Այն մի շարք խնդիրներ է առաջացրել այն գիտնականների համար, ովքեր փորձել են ուսումնասիրել և դասակարգել նրան: Այն ճագարի չափի է, սակայն արտաքինով շատ նման է կենգուրուի: Երկարոտնուկի պոչը գրեթե նույն երկարությունն ունի, ինչ նրա ողջ մարմինը:
Երկարոտնուկի ծիծաղելի անհամաչափությունն իրականում բավականին պրակտիկ է: Նրա հիմնական առավելությունը մեծ ցատկերով երկար տարածություն հատելու կարողությունն է: Ստույգ պարզ չէ, թե մի ցատկով որքան հեռու կարող է թռչել երկարոտնուկը: Ըստ որոշ հաշվարկների՝ երկարոտնուկները կարող են մի ցատկով 2 մետր տարածություն կտրել, իսկ այլ աղբյուրներում էլ նշվում է, որ նրանք կարող են անգամ՝ 9 մետր տարածություն: Ածելիի սրությամբ ճանկերը թույլ են տալիս արագորեն փորել հողը, իսկ նրա կտրիչները թույլ են տալիս կրծել բույսերի չոր արմատներ, տերևներ, ցողուններ, որոնցով լի է չորային կլիմայով առանձնացող նրանց բնակավայրը:
6 Սևաթև ոտնացուպիկի երկար ոտքերը
Թռչունների մեծ մասը այնպիսի ոտքեր ունեն, որոնք համապատասխանում են նրանց մարմնի չափին: Այնուամենայնիվ, ադապտացիոն գործընթացների հետևանքով մի շարք թռչունների (տառեղ, ֆլամինգո, արագիլ) մոտ այնպիսի ոտքեր են զարգանում, որոնք թույլ են տալիս առանց լողալու ջրային սնունդ հայթայթել: Մասնավորապես երկար են սևաթև ոտնացուպիկների ոտքերը: Սա խոցելի թռչնատեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում: Սևաթև ոտնացուպիկը բնակվում է աշխարհի մի շարք երկների քաղաքներում: Հայաստանում հիմնականում բնադրում է Արարատյան հարթավայրում, ինչպես նաև Արփի ու Սևանա լճի շրջակայքում: Այս թռչնատեսակը իր մարմնի համեմատ ամենաերկար ոտքերն ունի: Անգամ ջայլամների ոտքերն իրենց մարմնի համեմատ այնքան երկար չեն, որքան ոտնացուպիկներինը: Սևաթև ոտնացուպիկների կնճիթից մինչև պոչի ծայրը 35-40 սմ է, մինչդեռ միայն նրանց ոտքերի երկարությունը 17-24 սմ է: Սա նրանց ողջ հասակի 60 տոկոսն է կազմում: Սևաթև ոտնացուպիկը բնադրում է ջրային ծանծաղուտ տարածքներում` չոր կամ ճահճացած հողի վրա: Այս թռչնատեսակի ձվադրումը տեղի է ունենում տարեկան մեկ անգամ` հունիս ամսին: Ոտնացուպիկը դնում է 3-4 ձու, ձվերը կորցնելու դեպքում հնարավոր է կրկնակի ձվադրում:
Շարունակելի...



