Կայարանում մեղմ քամի էր: 
Ամառային այդ տոթ եղանակաին սառը կայարանը կարծես փրկություն լիներ: Ուզում էիր ժամերով այնտեղ մնալ: Չնայած ես արդեն ժամերով այնտեղ էի: Ասացին, որ ժամանումը մի քիչ կուշանա: Մի քի՞չ: Մեկուկես ժամ ինձ համար մի քիչ չէր, չնայած ում որ սպասում էի, պատրաստ էի սպասել հազարավոր ժամեր, գումարած այդ մեկուկես ժամը: Սպասումս չէր թողնում, որ ժամերն անցնեին:
Քանի՜-քանի՜ հազարավոր մարդիկ են այդ սպասումի զոհը դառնում հենց այս կայարանում: Գնացքները գնում կամ գալիս էին, իր հետ բերելով բազմաթիվ բաժանություններ ու միացումներ, երջանկություններ ու դժբախտություններ: Եթե մեկը կարոտած գրկում էր, ապա համոզված եղեք, որ մի քանի քայլ այն կողմ մյուսը արցունքախառը լքում էր այդ սառը կայարանը: Ես երջանիկ էի, որ պատկանում էի այն խմբին, ով կարոտած կգրկի մեկին, ում արդեն մի քանի շաբաթ է սպասում էր:
Կայարանի նստարանները լիքն էին: Երկար հնարավոր չէր սպասել ոտքի կագնած: Հանկարծ մեկը առաջարկեց նստել՝ զիջելով իր տեղը: Մեղքս ինչ թաքցնեմ, սիրով համաձայնեցի: Արդեն նստած վայելում էի ոտքերիս հանգստությունը, երբ...
Մեկը նյարդային ծխում էր երկաթգծերի մոտակայքում: Դիմագծերը հարազատ էին, բայց և փոխված, ծանոթ էին, բայց միևնույն ժամանակ օտար, գեղեցիկ էին, բայց և տգեղ: Դու էիր: Քեզ համար ես շատ ավելի փոխված էի, որպեսզի ինձ ճանաչեիր, իսկ ես դրանից ոգևորված ուսումնասիրում էի քեզ: Աստված իմ, ոչինչ չկար քեզնից: Այո հենց քեզնից: Ինձ թվում է, եթե դու բարձրաձայն խոսեիր, ձայնդ էլ փոխված կլիներ: Սպասում էի, որ մարմնովս սարսուռ կանցնի, շունչս կկտրվի, սակայն ոչինչ: Պատկերացնու՞մ ես, ոչ մի նման բան: Երբ գլուխդ հանկարծակի թեքվեց իմ կողմ, ես նայեցի ժամիս: Մեկ անց էր քսանինը րոպե: Հեռվից լսվեց գնացքի ձայնը: Վագոնները կարծես մռնչում էի դիպչելով երկաթգծերին: Գնացքը կանգ առավ: Եվ սկսվեց: Մեկը երջանկացավ, մյուսը տխրեց, մեկ ուրիշը արտասվեց: Հայտվեց և նա, ում սպասում էի: Սիրտս կարծես կանգ առավ մի պահ: Իմ երջանկությունն ու ապրելուս միակ իմաստը դուրս եկավ դռներից այն կողմ: Կարոտ բառը երևի քիչ էր զգացածիս համեմատ: Երբ գրկեցի նրան, կարծես ամեն ինչ ընկավ իր տեղը: Եվ ոչինչ էլ չէր հետաքրքրում: Միայն մի պահ հայացքս հառցի այն կողմ: Քեզ մոտ ոչ ոք չեկավ: Դու այդպես էլ շարունակում էիր նյարդային ծխել: Գուցե ոչ մեկին էլ չէի՞ր սպասում: Կրկին նայեցի ժամին: Կրկին ժամը մեկ անց էր քսանինը րոպե: Հասկացա, որ ժամս կանգ էր առել: Հասկացա նաև, որ դու վերջնական մահացար: Այո, և հենց մեկ անց քսանինը րոպե: Վերջապես քեզ այդքան սպանելուց հետո դու մահացար և վերակենդանանալու հույս արդեն չկար:
Բռնեցի նրա ձեռքը, ում այսքան ժամանակ սպասում էի: Մտքումս միայն մի բան էր: Վերջապես, վերջապես ուրիշին եմ սիրում...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել