Կառապանի ձին ընկել էր մի լայն առվի մեջ։ Առջևի ոտքի սրունքն ու ծնկոսկրը ջարդվել էին։ Հինա դրած կաշվի տակից ակնհայտ երևում էր արյունոտված սրունքի ջարդված ու տեղաշարժված ոսկորը։ Առջևի մյուս ոտքի ծնկահոդը ամբողջովին պոկվել էր հանգուցակապից և կախվել էր մի քանի երակներից ու ջլերից, որոնք մինչ այդ չէին կորցրել իրենց հավատարմությունը մարմնի նկատմամբ։
Սրունքից ջարդված ոտքի սմբակը ցցվել էր դեպի դուրս, որի վրա երևում էր երեք հատիկ մեխով ամրացված, մաշված, փայլուն պայտը։
Սառցակալած առվաջուրը հալվել էր ձիու մարմնի ջերմությունից։ Նա ամբողջովին խրվել էր արնոտ կեղտաջրի մեջ և անընդհատ հևում էր։ Ռունգերը բացուխուփ էին լինում։ Լեզվի կեսը դուրս էր ընկել սեղմված ատամների միջից։ Բերանի շուրջը արնոտ փրփուր էր հավաքվել, իսկ բաշը տրտմորեն ընկել էր ճակատին։
Երկու փողոց մաքրող և առանց ուսադիրների զինվորական համազգեստ հագած և առանց հովհարի ծառայության գլխարկ դրած մի սևագործ անցորդ փորձում էին նրան դուրս բերել առվից։
- Ես կբռնեմ պոչը, դուք էլ կբռնեք ոտքերը։ Հետո միանգամից կբարձրացնենք։ Հետո, չէ որ անասունը ցավին չի դիմանում չէ, ոտքերն էլ գետնին դնել չի կարող, չէ, էդ պատճառով էլ միանգամից կցատկի. Հենց էդ ժամանակ դուք կթողնեք ոտքերը, ես էլ կթողնեմ պոչը։ Երեք ոտքի վրա հո կարող ա կանգնի։ Առաջի էն մյուս ոտքը էնքան էլ վնասված չի, էդ ոնց ա, հավը էրկու ոտքի վրա կկանգնի, իսկ սա երեք ոտքի վրա չի կարող, - ասաց ձեռքերին մուգ հինա դրած փողոց մաքրողներից մեկը։
- Այդ ի՞նչ եք ասում, մի՞թե կարելի է անասունին այդպես դուրս բերել։ Դուք պետք է մի քանի հոգով մարմինը բարձրացնեք ու դնեք մայթին, - մեջ ընկավ գունավոր ակնոցով, թևի տակ կաշվե սրճագույն պայուսակ կրող մի պարոն։
- Էս անասունը իր տիրոջ համար այլևս մալ(1) չի լինի, պետք է մի գնդակով վերջը տալ, - դժգոհությամբ ասաց մանկան ձեռք բռնած դիտողներից մեկը։ Հետո երեսը շրջելով մայթեզրին կանգնած, եփած ճակնդեղ ուտող մի խեղճ ու կրակ ոստիկանի` ասաց.
- Պարոն ոստիկան, դուք հո ատրճանակ ունեք, ինչո՞ւ սրան չեք հանգստացնում. ախր անասունը շատ է տանջվում։
- Իա՜ա՜... պարոն ջան, նախ, որ գնդակը ձիու համար չի, այլ գողի, և հետո, ենթադրենք հենց այդպես, որ հրամայում եք` հանգստացրինք, դատաստանի և էն աշխարհի հարց ու փորձի հետ էլ գործ չունե՜նք, վաղը պետության պատասխանը բա ո՞նց տամ, ախր ինձ` անիրավիս, բա չեն հարցնի` գնդակը ի՞նչ ես արել, - հեգնանքով պատասխանեց թշերը բերանի ճակնդեղից փքված ոստիկանը։
- Էհ, անասունի վեջն էլ չի. Աստծու դուրն էլ չի գա, որ սպանեն, վաղը լավ կլինի, սրա դեղը մի պնդուկի չափ մումիա(2) է, - ասաց փաթթոցը գլխին, հնամաշ մորթե վերարկուն ուսին մի սեեդ(3)։
- Ի՞նչ է եղել, - հարցրեց թերթը ձեռքին մի նորեկ։
- Ես այս թաղից չեմ, ես անցորդ եմ, - պատասխանեց մի ճլուզ մարդ։
Ճակնդեղ վաճառողը, որ միաժամանակ հաճախորդի համար առանց կոթի դանակով եփած ճակնդեղ էր կճպում, ի միջի այլոց ասաց.
- Ոչինչ, մեքենան խփել գցել է, առավոտից մինչև հիմա ջրում ընկած հոգի է տալիս, ոչ ոքի վեջն էլ չի, սա..., - հետո խոսքը ընդհատելով` մի հաճախորդի ասաց, - մի ղրան(4), - ու բղավեց.
- Շաքարի նման լեբլեբու ունեմ, սիրը(5) մի ղրան։
Թերթը ձեռքին նույն պարոնը հարցրեց.
- Հիմա սա տեր չունի՞։
- Ոնց թե տեր չունի, միայն կաշին առնվազն տասնհինգ թուման կարժենա։ Կառապանը քիչ առաջ այստեղ էր, երևի գնաց կառքը տեղավորի` գա, - ասաց վզին կանաչ շարֆ փաթաթած, կաշվե պիջակ հագած, վարորդի տեսքով մի հաղթանդամ մարդ։
Նորեկի ձեռքը բռնած փոքրիկ տղան գլուխը բարձրացներով հարցրեց.
- Հայրիկ, կառապանը կառքը ինչո՞վ է տարել, չէ որ ձին սատկել է։
- Միայն առջևի ոտքե՞րն են ջարդվել, - հարցրեց մի պճնված, ակնոցավոր պարոն։
- Կառապանը ասում էր կրծքավանդակն էլ է ջարդվել, - պատասխանեց վզին կանաչ շարֆ փաթաթած, կաշվե պիճակ հագած, վարորդի տեսքով նույն հաղթանդամ մարդը։
Ձիու ռունգերից բարակ գոլորշի էր դուրս սահում։ Ամբողջ մարմնից գոլորշի էր բարձրանում։ Կրծքավանդակը երևում էր կաշվի տակից։ Գավակի վրա ցեխոտ մատների հետք էր մնացել, ինչպես նաև` վզի և մարմնի այլ մասերում։ Որոշ հատվածներում կաշին թրթռում և մարմինը ուժգնորեն դողում էր։ Չէր հառաչում, դեմքը հանգիստ և առանց աղերսի էր։ Մի առողջ ձիու տեսք ուներ։ Լայն աչքերով, առանց արցունքի նայում էր մարդկանց։
1. Ունեցվածք, հարստություն։
2. Կպրանման դեղամիջոց, որը հավաքում են քարայրներից։
3. Հոգևորական, մուհամեդի սերնդից սերված։
4. Փողի փոքր միավոր։
5. Կշռի միավոր։
թարգմ.՝ Էդուարդ Հախվերդյան