«Մի՛ դատեք, որ չդատվեք, որովհետև ինչ դատաստանով որ դատեք, նույն դատաստանով էլ կդատվեք, և ինչ չափով որ չափեք, նույն չափով էլ ձեզ համար կչափեն: Ինչո՞ւ ես նայում քո եղբոր աչքի միջի շյուղին, բայց քո աչքի միջի գերանը չես նկատում: Կամ ինչպե՞ս կարող ես եղբորդ ասել՝ «թույլ տուր աչքիդ միջի շյուղը հանեմ», երբ քո աչքում գերան կա: Կեղծավո՛ր, նախ քո աչքի միջի գերանը հանիր և հետո պարզ կտեսնես, թե ինչպես կարելի է եղբորդ աչքի միջից շյուղը հանել:
Skandalist, սիրելիս: Ընթերցեցի քո՝ «Երբ Արմեն Պետրոսյանը երեկոյան տուն է գնում…» նյութը: Համամիտ եմ քեզ հետ, ավելին, ես ևս մի շարք քննադատական գրառումներ ունեմ ուղղված հայկոմկոներին, հովոներին, յոժերին ու իրենց նմաններին, ովքեր, ինչպես դու ես իրավացիորեն նկատել, գուցե իրենք էլ խորապես այդ չգիտակցելով, մեծ դերակատարում են ունեցել, և այժմ էլ ունեն մի ամբողջ սերունդ ապականելու ու գռեհկացնելու գործում: Սակայն, մի շատ կարևոր բան կա, տղաս կամ աղջիկս (չգիտեմ էլ՝ ինչպես դիմեմ քեզ)...
Մարդ, ինչ-ինչ մեղքերի մեջ այլոց մեղադրելուց առաջ, պիտի նախ իրեն քննի, նույն մեղքերի՝ սերունդ փչացնելու մեջ ի՛ր մեղքի չափը գնահատի, կարճ ասած, ի՛ր «աչքի մեջի գերանը» տեսնի, և եթե ինքն իրոք արդար ու անմեղ է, նոր միայն ուրիշի «աչքի մեջի փշի» մասին խոսի, նոր միայն «քար նետի» մեղավորների վրա:
Ահա, նայում եմ քո Skandalist-ը. 182 նյութ ունես տպագրված, որոնց ստվար զանգվածը դասվում են ամենաշատ ընթերցվողների, դիտվողների շարքին: Միայն վերնագրերն ինչ ասես արժեն… Ով ում հետ է «տժժում», «սեքսը զիլ բան է», «կրքոտ ֆոտոսեսիաներ», «համեստ» հարսնացուներ, կարճ ասած, մերկության, մեղկության ու ցանկասիրության ուղղակի քարոզ: Հիմա ինքդ քեզ հարց տուր… Արդյո՞ք դու, է՛լ ավելի վատ բան չե՞ս անում.. Չէ՞ որ դեռահաս, դպրոցական երեխաներ էլ կան ինտերնետում, և «18+» գրելը, ինչպես իրավացիորեն քննադատում ես, ոչինչ չի տալիս: Երեխաները դիտում են այդ ամենը, և «18+» գրելով, դու միայն քեզ ես պաշտպանում բարդություններից՝ ոչ ավելին:
Նույնն եք, նույնը… Միայն քո օպոնենտները «հետադեմ» գավառական գռեհկություն ու ամբարտավանություն են քարոզում ու սերմանում, իսկ դու և քո նմանները՝ «առաջադեմ» մարմնապաշտություն և, հավատա խոսքիս, անուղղակիորեն նաև զեխություն ու սեռական սանձարձակություն…