Բարեկամներիցս մեկի 4 տարեկան որդու բառապաշարը` ես քո տիրու նանը գրգեմ, տավար, անասուն, ես քո փորացավը տանեմ, ուռու գլուխ, գոմիկ, գյալըբո, ...էլ չշարունակեմ, հասկացաք, որ երեխան նայում է իրեն համար 1 հումորային նախագիծ հռչակած «Yere1»-ը: «Yere1» նախագծի հարգելի ստեղծագործական թիմ, ձեր երեխանե՞րն էլ են այս բառապաշարով խոսում, թե դուք ձեր երեխաներին արգելում եք ձեր իսկ մատուցած անմակարդակությունը նայել: Կբացատրեք` ինչո՞ւ պետք է ծնողները երեխայի հետ հյուր գնալիս լարվեն ու ամաչեն, որ հանկարծ երեխան այլ մարդկանց ներկայությամբ էլ այդ բառերով չխոսի, ինչո՞ւ: Գիտեմ, հիմա կարդարանաք, թե եթերը ուշ ժամի է, և հաղորդման սկզբից էլ նշվում է +12, բայց ո՞ւմ է պետք այդ ձևականությունը, երբ հաջորդ ամբողջ օրը (ոչ +12 ժամերի) ցուցադրվում է կրկնությունը, կասեք՝ թող արգելե՞ն երեխային նայել ոչ իր համար նախատեսված հաղորդումը. ենթադրենք արգելեցին, մանկապարտեզ գնա՞լ էլ արգելեն, որ իր հասակակիցներից էլի ձեզանից սովորած նույն բառերը չլսի: Ինձ շատ հետաքրքիր է՝ երբ Արմեն Պետրոսյանը տուն է գնում, տանը նրան ասում են՝ եկա՞ր տավար, չեմ վիրավորում, ինչպես դուք եք ասում «ԼԱՎ ԻՄԱՍՏՈՎ ԵՄ ԱՍՈՒՄ», պատասխանե՛ք, Արմե՛ն... Նառա Դիլանյանին էլ երևի ասում են` «ձենդ կտրի, վեր ընգի տեղդ, թրթուր»...Գրիգոր Դանիելյան, ամեն առիթով հպարտանում ես, որ փոքրիկ որդիդ մի քանի լեզվով հաշվել ու արտասանել գիտի, դե հպարտացիր նաև, որ անուշիկ բալիկդ մի օր էլ եթերներից մեկի ժամանակ կնոջդ կասի «ես քո տիրու նանը գրգեմ»...
Նույնիսկ գրելուց ես ինձ սկսում եմ չհարգել, բայց ասածներս ավելի հիմնավոր դարձնելու համար, առաջարկում եմ միասին նայենք կամ լսենք այս անմակարդակությունը և հաշվենք, թե մի հաղորդման ընթացքում քանի «ոչ եթերային» բառ ու արտահայտություն է եթեր գնում:
Սկսենք Լացկանյանների ընտանիքից`
-բիձեն էկավ տեսավ իրա բաժակը ջարդել ես, ինքն էլ քո չաշկեքն ա ջարդելու
-ես քո իմացած պառավներից չեմ
Առաջին եթերաշրջանում Լացկանյանների ընտանիքի կերպարները կարելի է ասել մի քիչ ծիծաղելի էին, բայց հիմա տարեցների հանդեպ անմակարդակ վերաբերմունքից բացի ուրիշ բան չկա, բիձա, պառավ, չորացած կոմունիստ, ՀՀԿ բիձա, դուք այստեղ հումո՞ր եք տեսնում:
Անցանք հաջորդ կերպարին` Մշեցի Առաքել.
-ես քո տիրու նանը գրգեմ
-կարողա դու էլ ես գոմի բոյ
-կարողա ստեղ տիրուդ նանը գրգեմ փռեմ արևին
-քիթդ կքցեմ քացուս տակ
-ինչ ես բեզռազմեռ քիթդ խոթում ուրիշի գործերի մեջ:
Մշեցու կերպարով փորձում են ավանդական, հայկական արժեքներ քարոզել ու պայքարել ապազգային երևույթների դեմ, բայց այնքան ծաղրելով են անում, որ ոչ դաստիարակչական մասն է մնում, ոչ էլ՝ հումորը: Դա ոչ թե հայի կերպարի ներկայացում է ու մեծարում, այլ հայի կերպարի ծաղր ու նվաստացում: Ձեր կարծիքո՞վ ավանդապահ հայերը սարից իջած վայրենիներ են, ում ամեն երկրորդ խոսքը հայհոյա՞նք է: Սցենարիստներ ջան, ձեզանից ո՞ւմ պապիկն է ամեն խոսքի մեձ ձեր նանին գրգում: Համենայն դեպս, մինչև հիմա մեր սերունդը մեր նախնիների մասին լավ կարծիք ուներ, իսկ նոր սերունդը, ով մեծանում է ձեր այս ծամածռությունները նայելով, չեմ կարծում, թե նույն կարծիքին կլինի:
Հաջորդ կերպարները նոր են, այս եթերաշրջանի և երևի թե մյուս բոլոր եթերաշրջանների «գլուխգործոցը»` Փանոսյանների ձախորդ ընտանիքը: Հերթական աղավաղված ընտանիքի կերպարը, բառապաշարի մասին էլ էլ չասեմ, դատեք ինքներդ՝
-տավար (լավ իմաստով եմ ասում).
-անննասուն.
-երբ ես հարսին խփելու թևիդ տակ, գաս.
-իմ կնիկը չպիտի առվոտ խալու վրայից հորքուրի սիգարետի բիչոկները հավաքի.
-երբ ես պսակվում, կուշտ փորով հաց ուտենք, սոված մեռանք, արաաա.
-թռի հորքուրի ու իրա հուՅրերի համար պիվա բեր.
-թեռզո, մի կտոր հաց սարքի ծամենք, առավոտվանից սոված խռխռում ենք.
-ստեղ քեզ ով խոսք տվեց, այ թրթուր, շան տղա ըլնեմ, կգնաս մարդուդ ոտերը կլվաս, ջուրը կխմես, որ ստեղ քեզ չեմ կոպդում.
-պսակ վերցնեմ, գիշերը պոկվենք մամայենց գերեզմանները:
Ուղղակի ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ձեզ, վերանայեք այս նոր կերպարների բառապաշարը, սրանից վատ չէր կարող լինել, մնացել էր, որ հիմա էլ բոլորը իրար ԼԱՎ ԻՄԱՍՏՈՎ տավար ասեին ու վերջ...
Ճիշտ հասկացեք, ոչինչ չունեմ դերասանական անձնակազմի դեմ, բոլորիդ էլ շատ սիրում ու հարգում եմ դեռ КВН-ից, դուք այն մարդիկ եք, ովքեր իրենց ԱՌՈՂՋ հումորով 90-ականների դժվարին տարիներին կարողանում էին մարդկանց դեմքին ժպիտ առաջացնել, երիտասարդների համար նմանվելու ու ձգտելու օրինակ լինել: Ձեզ բոլորը սիրում են հենց այդպիսին, մի ջնջեք մեր հիշողություններից ձեր երբեմնի կերպարի վերջին մնացորդները:
Արմեն Պետրոսյան ջան, չեմ կարծում, թե քո ունակությունները սկսվում են ծամածռված դեմքով Լարիսայից, ավարտվում լկտի ու անմակարդակ Վիպոյանով: Գրիգոր Դանիելյան, խելացի երիտասարդ ես, մի՞թե քո որդուն ու նրա հասակակիցներին Սերոժի սեռական ցանկությունների գարնանային սրացումից բացի ուրիշ ասելիք չունես: Ախր ես հավատում եմ, որ դուք ավելին կարող եք, նայեք ձեր ընկերներին, օրինակ` Գարիկ Մարտիրոսյանին, ուր հասավ նա, ուր եք գլորվում դուք: Սա ձեր հումորի մակարդակը չի, ձեր հումորը վեր է այս աղբից, ուշքի եկեք, սթափվեք, մեզ էլ մի ստիպեք մեր երեխաներին ձեզ որպես վատ օրինակ բերել ու ամեն անգամ արագ փոխել հեռուստացույցի ալիքը, քանի դեռ նա մի բառ ավել չի լսել ձեր ոսկեղնիկ հայերենից...