Ի՞նչ անել, երբ հայտնվել եք վերելակի խցիկում, որը 9.8 մ/վ² արագացմամբ սլանում է ներքև: Թռչե՞լ գետնի հետ բախման պահին, ոտքերը կիսով չափ ծալե՞լ և հույսը դնել մկանների վրա՞, թե այնուամենայնիվ պառկել խցիկի հատակին:
Հավանաբար այս հարցը բոլորիս է անհանգստացրել: Իսկ եթե խցիկը պահող մետաղյա պարանները հանկարծ կտրվեն, իսկ եթե մեզ օդում պահող մեխանիզմներն անջատվեն կամ վառվեն: Ի՞նչ պետք է անեմ, եթե սկսենք ընկնելը:
Եկեք սկսենք սկզբից: Նախ և առաջ ուզում եմ հայտնել, որ համաձայն վիճակագրության, վերելակները վտանգավոր չեն, եթե հետևես և պահպանես անվտանգության բոլոր կանոնները: Բայց քանի որ ապրում ենք մի երկրում, որտեղ վերելակները տեխնիկական զննում չեն անցնում մինչև չփչանան, իսկ փչանալու դեպքում էլ խիստ կասկածելի վերանորոգում են ստանում, այս խնդրի մասին մտածել և անհանգստանալ վստահաբար պետք է: Ո՞ր մեկիս շենքի վերելակն է նոր: Պետական շենքերի վերելակները լավագույն դեպքում 30-40 տարեկան են ու հազիվհազ են աշխատում:
Այնուամենայնիվ, վերելակների հետ կապված դժբախտ պատահարների մեծամասնությունը լինում է այն դեպքերում, երբ մարդը պարզապես ընկնում է վերելակի հորը, կամ էլ մնում է դռների արանքում:
Պարզվում է՝ բեռնատար վերելակներն ավելի պաշտպանված են, քան մարդատարները և ունեն որակյալ պողպատյա պարաններ և արագաչափեր: Եթե խցիկը չափից ավելի արագ է իջնում, ապա երկաթուղու արգելակման համակարգերը միանգամից աշխատում են և վերելակի խցիկը կանգնում է:
Բացի դա, 4 կամ 8 պարաններից յուրաքանչյուրը միայնակ կարող է պահել ողջ խցիկի և նրանում առկա բեռների ծանրությունը:
Բազմաբնակարանային շենքերում մեծամասամբ օգտագործվում են հիդրավլիկ վերելակներ, որոնք բեռնատար վերելակների պես հագեցած չեն սարքավորումներով: Նրանք տեղադրվում են շենքերում, որոնք որպես կանոն չեն գերազանցում 16 հարկը: Այնպես, որ ընկնելիս ստիպված կլինեք ընկնել 20-30 մետրից: Իսկ գետնի հետ բախման պահին ձեր արագությունը կլինի 70-75 կմ/ժ:
Ի՞նչ չանել, երբ ընկնում եք:
Այսպիսով՝ դուք արդեն ընկնում եք, ձեր կյանքը վայրկյանների ընթացքում անցնում է ձեր աչքերի առաջով, դուք անիծում եք բախտն ու այդ պահը:
Շատերի մոտ թյուրըմբռնում կա, որ բախման պահին պետք է թռչել ինչքան կարող ես բարձր և այդ կերպ պակասեցնել արագությունդ: Բայց նույնիսկ եթե դուք ֆենոմենալ ռեակցիա և օլիմպիական մեդալ ունեք թռիչք բարձրությունից, առավելագույնը, ինչ կկարողանաք անել, դա դանդաղեցնելն է ձեր անկման արագությունը 3-5 կմ/ժ-ով: Հիմնական դեպքերում նման փորձերը ավարտվում են նրանով, որ ընկնողները հարվածում են գլուխը խցիկի առաստաղին, ապա անհաջող վայրէջք են կատարում:
Տեսակետ կա, որ պետք է ծնկները փոքր-ինչ ծալել և սպասել բախմանը: Սա նույնպես խելոք միտք չէ, քանի որ այս դեպքում ծնկները կընդունեն իրենց վրա հիմնական հարվածը և կկոտրվեն:
Ի՞նչ անել:
Փորձերը ցույց են տալիս, որ լավագույն տարբերակը փրկվել ազատ անկման պարագայում, դա մեջքի վրա պառկելն է խցիկի հատակին և ձեռքերով դեմքը պաշտպանելը առաստաղից թափվող առարկաներից:
Այս դեքպում հարվածի ուժը հավասարաչափ բաշխվում է ողջ մարմնով, իսկ ողնաշարի ջարդվելու հավանականությունը մինիմալի է հասցվում: Իհարկե, կողերը հնարավոր է վնասվեն:
Այս դիրքի հիմնական վատ կողմերն այն են, որ հարվածն իրենց վրա ընդունում են նուրբ հյուսվածքները՝ մասնավորապես ուղեղը: Իսկ թե ինչ է լինում ուղեղի հետ 70 կմ/ժ արագության ժամանակ պատահած վթարների ժամանակ, կարծում եմ՝ հասկանալի է:
Մեծ է նաև հավանականությունը, որ այդ ուժգին հարվածից խցիկի հատակը կկոտրվի, կամ կդեֆորմացվի ու սուր բեկորները կմտնեն ձեր մարմնի մեջ:
Բայց նույնիսկ այս ամենը հաշվի առնելով՝ հատակին պառկելը մնում է լավագույն տարբերակը: Իհարկե հուսով ենք, որ այս գիտելիքները ձեզ երբեք պետք չեն գա, բայց, այնուամենայնիվ, ուշադիր եղեք: