1in.am-ը գրում է.

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կայացած հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացվել են Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ նախարարի հրամանով ողջ հանրապետությունում մարտի 8-ից ապրիլի 7-ն իրականացվող կանանց առողջության պահպանման միամսյակի ընթացքը։ Նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցով «Բաց դռներ» են կազմակերպվել Կոտայքի մարզի Հրազդանի և Չարենցավանի բժշկական կենտրոններում, նաև Վայոց ձորում։ Ամենուր մայրաքաղաքից մեկնած մասնագետներին մեծ թվով կանայք են դիմել։ 

Մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուները նախարարին ներկայացրել են նաև մարզային ենթակայության բուժհաստատությունների ֆինանսական և բուժական կարևոր ցուցանիշները, առկա խնդիրները։

Դերենիկ Դումանյանը հիշեցրել է, որ առաջին եռամսյակից հետո բուժհաստատությունների ֆինանսավորումն իրականացվելու է կատարված ծառայությունների հաշվետվությունների հիման վրա։ 

«Սա նշանակում է, որ ձեր բարեխիղճ աշխատանքից է կախված բուժաշխատողների աշխատավարձերի ժամանակին հատկացումը»,-ասել է նախարարը` հանձնարարելով հատուկ ուսուցում կազմակերպել գործընթացը սահուն ներդնելու նպատակով։ 

Սյունիքի մարզի առողջապահության վարչության պետին Դերենիկ Դումանյանը պարտավորեցրել է հսկողության տակ պահել Մեղրու և Կապանի բժշկական կենտրոնների շինարարության ընթացքը։ 

«Մարզի բնակչության համար է կառուցվում, ձեր բժիշկներն են աշխատելու։ Ճիշտ կլինի, որ մշտապես ուշադիր հետևեք, որպեսզի հիվանդանոցն ամենաբարձր որակով կառուցվի, շեղումների դեպքում էլ անմիջապես ահազանգեք»,-ասել է նախարարը։ 

Մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կայացել է նաև ՀՀ առողջապահության նախարարին կից հերթական կոլեգիայի նիստը։ Քննարկվել են շտապօգնության ծառայության արդիականացման ծրագրի ներդրման արդյունքները և ներկա վիճակը։ Ընդունվել է համապատասխան որոշում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել