Replik.am-ը գրում է.
Կարևորելով երիտասարդության դերն ու նշանակությունը մեր երկրի կայացման գործում՝ այսօր անհրաժեշտ է երիտասարդության նկատմամբ համակարգված և համալիր քաղաքականություն որդեգրել: Այդ առումով այսօր կարևորագույն խնդիրներից է հիփոթեքային վարկավորման միջոցով երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարանով ապահովելու հարցը, որի նպատակով ընդամենը հինգ տարի առաջ կյանքի կոչվեց «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագիրը: Գաղափարն` ինչ խոսք, հույժ կարևոր էր և´ սոցիալական, և´ ռազմավարական տեսանկյուններից: Սոցիալական տեսանկյունից ծրագիրը կարծես թե կոչված էր երիտասարդ և նորակազմ ընտանիքների համար թերևս ամենակարևոր` սեփական չորս պատն ունենալու խնդիրն առավել մատչելի կերպով հասանելի դարձնելը: Ռազմավարական տեսանկյունից` ծրագիրը պետք է ապահովեր մարզերի` մասնավորապես սահմանամերձ բնակավայրերի ազգաբնակչությանն իրենց հող ու ջրից` ասել է թե` սահմանը պահողին սահմանից կառչած պահելու գերխնդիրը:
Ինչպես և սպասվում էր` ծրագիրը մեծ ոգևորություն առաջացրեց երիտասարդ և նորաստեղծ ընտանիքների մոտ, սակայն վերջինիս հաջողվածությունն ու կենսունակությունը ստվերի տակ թողեցին, ինչպես և սպասվում էր` բանկային և վարկային կազմակերպությունների կողմից առաջարկվող նախապայմանները: Մասնավորապես` ուշադրության են արժանի առաջնային նախապայմաններից երկուսը. առաջին` առնվազն 30% կանխավճարի առկայությունը, և երկրորդ` ամուսինների ընդհանուր ամսական զուտ եկամտի հանրագումարային նվազագույն 500,000 ՀՀ դրամ սահմանաչափը: Սրանք նախապայմաններ են, որոնք հազարավոր երիտասարդ ընտանիքների ի սկզբանե զրկում են բնակարան ձեռք բերելու հնարավորությունից, քանզի մեր երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում քիչ են այն երիտասարդ ընտանիքները, որոնք ի վիճակի են ապահովել պահանջվող 30% կանխավճարը, առավել քիչ են այն երիտասարդ ընտանիքները, որոնցում ամուսինները երկուսն էլ աշխատում են, իսկ հանրագումարային 500,000 ՀՀ դրամ ամսական զուտ եկամուտը` հիմնականում ավելին քան անիրատեսական է:
Այստեղ արդեն առաջ է գալիս սոցիալական բնակարանաշինության անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա ցածր ու միջին եկամուտ ունեցող ընտանիքներին լուծել բնակարանային ապահովվածության խնդիրը: Բնակարանային խնդիրների լուծման այս եղանակը բավականին զտարածված է եվրոպական շատ զարգացած երկրներում:Մասնավորապես Նիդռլանդների բնակֆոնդի 20-30 տոկոսը հենց սոցիալական բնակարաններ են:Սա խնդրի լուծման լավագույն տարբերակն է, ուստի ժամանակն է այս ուղղությամբ ավելի գործուն քայլեր ձեռնարկվեն:
Արմեն Գևորգյան



